Սարգսյանի անփոփոխ երգը Պրահայում

Սարգսյանի անփոփոխ երգը Պրահայում

Ապրիլի 24-25-ին Չեխիայի մայրաքաղաքում գումարվեց Արեւելյան գործընկերության երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողով: Նախաձեռնությունը պատկանում էր Չեխիայի նախագահին` Միլոշ Զեմանին: Դեռ փետրվարից հայտնի էր, որ գագաթնաժողովին հրավիրված են եւ մասնակցելու են ԵՄ-ից Լեհաստանի, Չեխիայի, Ավստրիայի, Սլովակիայի եւ Լիտվայի նախագահները, Արեւելյան գործընկերներից՝ Մոլդովայի, Վրաստանի եւ Հայաստանի նախագահները, Վիկտոր Յանուկովիչի հրավերը փոխանցվում էր Տուրչինովին, եւ մինչեւ մեկ շաբաթ առաջ, նույնիսկ երբ հանդիպման ողջ ծրագիրը հրապարակված էր, չկար Ադրբեջանի եւ Բելառուսի նախագահների հիշատակում:



 



Ինչեւէ, հանդիպումը կայացավ, էականը հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսքն է եղել, ով իր ելույթից բացի նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի ողջույնի խոսքն է ընթերցել: Բարոզոյից ամենահիշարժան բառերն այն են, որ «այսօրվա Ուկրաինայի իրադարձություններն Արեւելյան գործընկերության իմաստը եւ անհրաժեշտությունը դարձրին շատ ավելի հստակ, քան դա անցյալում էր: Մենք բոլորս աննախադեպ վերաձեւումների շրջան ենք ապրում եւ փոփոխությունների ժամանակ պետք է միասին լինենք ու միմյանց աջակցենք»: Իր խոսքում արդեն Ֆյուլեն վկայակոչել է Դարվինին. «Տեսակների պայքարում ամենաուժեղները չէ, որ գոյատեւում են, ոչ էլ ամենախելացիները: Գոյատեւոմ են նրանք, որոնք հարմարվում են փոփոխություններին»: Այս առումով Արեւելյան գործընկերության ծրագրի հնգամյա տարեդարձին պետք է արձանագրել, որ, չնայած մարտահրավերներին եւ դժվարություններին, ծրագիրը գոյատեւեց եւ բազմաթիվ դրվագներում ծաղկում ապրեց՝ ասել է Ֆյուլեն:



 



Արդյունքները գոհացուցիչ են, ձեռքբերումները շոշափելի են, եւ շարժվում ենք առաջ` իրագործելով Վիլնյուսի գագաթնաժողովում ընդունված ծրագիրը եւ նայելով դեպի 2015-ի Ռիգայի գագաթնաժողով: Սա է եղել Պրահայի գագաթնաժողովի հիմնական արձանագրումը: Բնականաբար, խոսվել է նաեւ առաջ եկած խնդիրների մասին, մանավանդ, որ Արեւելյան գործընկերությունը կամա-ակամա հայտնվեց 1945-ից ի վեր եվրոպական մայրցամաքում առաջացած ամենախոր ճգնաժամի առաջնաբեմում` Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի կողմից կատարվող ոտնձգությունների պատճառով: Եվրոպան կանգնած է եւ կանգնելու է Ուկրաինայի կողքին, ինչպեսեւ ողջ աշխարհը` հայտարարվել է Պրահայում:



 



Ուկրաինայից հետո երեւի ամենից ավելի ուշադրություն գրավել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Նրանք նորից գրեթե լեզվակռվի են բռնվել: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը վերջին մեկեւկես ամսում արդեն երրորդ անգամ մեկնում է գագաթնաժողովների եվրոպական մայրաքաղաքներ` Դուբլին, Հաագա, Պրահա: Բարեբախտաբար, նա այլեւս Մաքսայինի կամ Պուտինի մյուս ցնդաբանությունների անունը չի տալիս, փոխարենը բոլոր միջոցառումներում էլ կառչել է եւ անընդհատ կրկնում է հայ-թուրքական սահմանը բացելու պահանջը:



 



Պրահայում գագաթնաժողովի երկու օրերին էլ Սարգսյանը ելույթ է ունեցել, երկու անգամ էլ հայ-թուրքական սահմանը բացելու անհրաժեշտությունից է խոսել: Մի օրը Ալիեւը նիստին ներկա է եղել եւ, ի պատասխան Սարգսյանի խոսքի, լացուկոծը դրել է, թե Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի տարածքը, ինչո՞ւ Հայաստանին դրա համար չեք պատժում, նույնիսկ հակառակը՝ ԼՂ իշխանություններին եք եվրոպական մայրաքաղաքներում ընդունում: «Սա անտանելի է»,- բացականչել է Ալիեւը: Երեւում է՝ բացականչությունն անպատասխան է մնացել:



 



Իսկ թե հայ-թուրքական սահմանի խնդրով ինչ զարգացումներ կլինեն, նախ կախված է  նրանից, թե առաջիկա մեկ ամսում Հայաստանը որքանով հեռու կմնա Պուտինի Մաքսային եւ եվրասիական ցնորամիտ ծրագրերից:



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]