Ես շատ տգեղ չեմ և ոչ էլ սուրբ ու Աստված

Ես շատ տգեղ չեմ և ոչ էլ սուրբ ու Աստված

Թեպետ ոչ իշխանական կուսակցությունները հրաժարվեցին կոալիցիա կազմել նոր ձեւավորվող կառավարությունում, բայց նրանք կարծես թե անմասն չեն կառավարության ձեւավորման գործընթացից եւ ստվերային ճանապարհներով իրենց անելիքն անում ու հետն էլ պահում են ընդդիմադիրի կեցվածքը։ Մենք արդեն գրել ենք, որ, թվում էր, առաջինը պետք է ՀՀԿ «գերազանցիկների»՝ Արմեն Աշոտյանի եւ Հրայր Թովմասյանի վերանշանակումները լինեին, որոնք միշտ պատրաստ են եղել ՀՀԿ-ի թասիբի համար առաջինը կռվի նետվել, բայց ԲՀԿ պահանջով դեռ շարունակում են ԺՊ-ներ մնալ։ Թեպետ կուլիսներում երեկ մեզ հետ զրույցում հաստատում էին, որ նման բան կա, բայց Գալուստ Սահակյանը, ով թերեւս մի քանի օրից կզբաղեցնի ԱԺ նախագահի աթոռը, երեկ չխոստովանեց այդ փաստը։



 



- Ես նման միտումներ չեմ տեսել, որ ԲՀԿ-ն մասնակից դառնա կառավարության ձեւավորմանը։



 



- Իսկ ինչո՞վ կբացատրեք ձեր գերազանցիկ նախարարների վերանշանակման ուշացումը։






- Դեռ երկուսի թեկնածությունն էլ, հավանաբար, քննարկվում է, քննարկման փուլում է, բայց ես կարծում եմ, որ երկուսն էլ, որպես պաշտոնավարներ, բավական դրական են։ Ես, համենայնդեպս, որեւէ ինֆորմացիա չունեմ, որ չեն վերանշանակվելու։



 



- Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը նույն ԲՀԿ-ն իր հաղթանակն է համարում, Դուք բացառո՞ւմ եք, որ կարող է նման բան լինել։






- Իհարկե բացառում եմ, ԲՀԿ-ն ի՞նչ գործ ունի, ես չեմ կարծում, որ նման գործընթաց լինի, ու ես չիմանամ։



 



- Պարոն Սահակյան, այդուհանդերձ, նոր կառավարությունը ձեւավորվել է մարդկանցից, որոնք ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի հետ են ասոցացվում, նրա թիմի մարդկանց համարում ունեն, ինչո՞ւ, հիմիկվանից իշխանությո՞ւն է փոխանցվում։






- Ես համամիտ չեմ քաղաքական դաշտը սեւ ու սպիտակի վերածեք, ով երբ է աշխատել, ում հետ է աշխատել, դա մեզ համար այդպես արգումենտներ չեն։ Եթե որեւէ նախարարությունում խնդիրների լուծման անհրաժեշտություն կա, այդ տրամաբանությամբ էլ նախարար է ընտրվում։ Եվ այն թյուր կարծիքը, որ ՀՀԿ-ն կադրեր չունի, պետք է ասեմ, որ մենք բավականին լուրջ կադրային զինանոց ունենք։ Ի դեպ, ես շատերին եմ դիտարկում ԱԺ նախագահի պաշտոնում, որ խմբակցությունից կարող են լինել։ Անունների շրջանառությունից խուսափում եմ, որովհետեւ նույնիսկ եթե մի փոքր էլ դերակատարում ունենամ դրանում, վարկաբեկման բարդ ճանապարհ կանցնի։ Այսինքն՝ մարդկանց չի կարելի ոգեւորել, հետո հուսախաբ անել, բայց յուրաքանչյուրն էլ կարող են լինել։



 



- Կարեն Կարապետյանը հրաժարվեց, ինչո՞ւ, այլ ամբիցիանե՞ր ունի, թե՞, ինչպես տեղեկատվական արտահոսքն է պնդում, չի ցանկանում «ավերակների» վրա թագավորել։






- Ես դրանում տեղեկացված չեմ, եւ իմ ու Կարեն Կարապետյանի հարաբերություններն էլ շատ լավ են, շատ ջերմ, այնպես որ, եթե նույնիսկ այդ խնդիրն առաջանար, ես, բնականաբար, շատ դրական կարտահայտվեի։ Քաղաքական պրոցեսները բամբասանքի մակարդակով չպետք է մեկնաբանել։



 



- Ընդունեք, որ արտաքուստ նոր կառավարությունը Քոչարյան-Սերժ Սարգսյան կոալիցիա է հիշեցնում, սա զիջո՞ւմ է, թե՞ …






- Դուք չպետք է մոռանաք, որ երկրորդ նախագահի սատարող ուժը նույնպես մենք էինք՝ ՀՀԿ-ն, ՀՀԿ-ն քաղաքական մեծամասնություն է, եւ, բնականաբար, կադրերի խնդիր պետք է լինի։ Ոչ թե պետք է մտածել, որ այն նախագահն ուրիշ էր, այս մեկն ուրիշ է, մենք էդպես չենք մտածում, մենք ունենք կադրային բազա, մենք սատարել ենք երկրորդ նախագահին, համատեղ աշխատել ենք եւ լավ ենք աշխատել, վատ չենք աշխատել։ Հիմա դա վերագրել, որ երկրորդ նախագահի հետ, այսինքն՝ ովքեր պաշտոն են վարում, պիտի Հայաստանից հեռանա՞ն։ Բոլորն էլ թիմի անդամներ են։ Իննսունին էլ նույն սկզբունքով էինք ընդդիմադիր, կոմունիստ նախարար ունեինք, հանձնաժողովների նախագահներ ունեինք, ամբողջ կառավարությունում աշխատում էին նաեւ ընդդիմադիրներ։ Մենք այդ հարցերում նեղ կուսակցական մոտեցումներով չենք առաջնորդվում։



 



- Փաստորեն, բոլորդ նույնն եք, եւ մտացածին է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան կոնֆլիկտը։






- Ես կարծում եմ, որ վերջին հայտարարությունում երկրորդ նախագահի, այնուամենայնիվ, քինախնդրություն կար։



 



- Եթե բոլորդ նույն թիմն եք, ի՞նչ խնդիր է տեսնում Քոչարյանը, թող համբերի, մի քանի տարի անց նորից կսատարեք։






- Ես ընդամենը ցանկանում եմ, որ նույնիսկ առաջին նախագահից սկսած՝ բոլորն իրենց դիրքերում լինեն եւ իրենց պատվանդանի վրա եւ ունենան պետականության զգացողությունը, ոչ թե պիտի գնալ «մենք, մենք, մենք»-ի ճանապարհով, այլ պետք է խոսքը գնա բոլորի համար, նախագահի արժանապատվությունն էլ այդտեղ է։



 



- Երկուշաբթի ՕԵԿ-ը կհայտարարի, որ ընդդիմադիր խմբակցություն է, Ձեր գործը չի՞ բարդանա, շատ անհնազանդ պատգամավորներ ունեք, որոնց դժվարությամբ էիք բերում ԱԺ։






- Քաղաքական մեծամասնություն ենք, ունենք յոթանասուն պատգամավոր, եւ նույնիսկ կոալիցիոն պայմաններում ցանկացած խնդիր, որ ակտուալ է դառնում, խորհրդակցում եմ նաեւ այլ խմբակցությունների հետ։ Այդպես չի, որ տրամաբանորեն քաղաքական դաշտը միայն մերն է, եւ մենք պիտի որոշենք։ Քննարկում ենք, խորհրդակցում, փորձում եզրեր գտնել։



 



- Ընդունեք, որ ընդդիմադիրների հետ ավելի շատ եք այսուհետ հաշվի նստելու։






- Ոչ թե ավելի շատ եմ ընդդիմադիրներին բանի տեղ դնելու, եւ պատշաճ էլ չէ մարդկանց հետ չհարաբերվես, որովհետեւ մենք մեկ քաղաքական դաշտում ենք, եւ այդ քաղաքական դաշտի տերերը ինչքան մենք ենք, այնքան էլ՝ իրենք, պարզապես մեր պատասխանատվությունն է ավելի մեծ։



 



- Մի տեսակ զգուշավոր եք դարձել, այնպես չէ՞, վախե՞ր ունեք որոշակի… Նախկինում հոխորտում էիք, ասում, որ ՀՀԿ-ն է՝ ինչպես ուզի, այնպես կանի, կթելադրի:






- Ես «թելադրել» բառը երբեք չեմ տվել, եւ ոչ էլ երբեք ու երբեք մեր խմբակցությունում ինձանից սկսած որեւէ մեկը քաղաքական ուժերին վիրավորելու իմաստով նախահարձակ չենք եղել, մենք միշտ պատասխանողի դերում ենք։



 



- Ի դեպ, Դուք Ձեր հարցազրույցներից մեկում կատակել եք, որ Ձեր երազանքը չի եղել ԱԺ նախագահ դառնալ, բայց երբեւէ պատկերացրե՞լ եք, որ կհասնեք այդ պաշտոնին։






- Ես երբեք իմ անձը չեմ կարեւորել եւ ոչ էլ այդպես հիանում եմ պաշտոնական գործընթացներից, ինձ համար պաշտոնը խնդիր լուծելն է, որովհետեւ ես ինքս մանկավարժ եմ եղել, էլի չեմ ուղղորդել ինձ որեւէ տեղ, բայց ունեցել եմ դպրոց, որ ամբողջ Սովետական Միությունում հայտնի էր, եւ այն ժամանակ հեռուստաեթերով օրը 4 անգամ ցուցադրում էին մեր դպրոցը, էդ ժամանակ էդ էր դրված վրես, դա էի լավ կատարում, հետո գործկոմում եմ աշխատել, նորից խնդիր է դրվել վրես, ես կատարող մոտեցումներ ունեմ, քան հմայվելու որեւիցե պաշտոնով, պաշտոնը չի գեղեցկացնում մարդուն, բայց ըստ էության ես գտնում եմ, որ շատ տգեղ էլ չեմ։



 



- Շատ տգեղ չեք, բայց մտածե՞լ եք՝ ինչո՞ւ շատերի մոտ ցնցում առաջացավ՝ վատ իմաստով, երբ Ձեր թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում դրվեց շրջանառության մեջ։






- Եթե դեմ չլինեին, ես ինձ արժանավոր չէի համարի, որովհետեւ մենք աստվածներ ու սրբեր չենք, մարդու յուրահատկությունն է, չենք կարող բոլորին միանշանակ սիրել, հարգել, ես կարծում եմ՝ յուրաքանչյուրս մեր շենքում հարեւան ունենք, կարող է մեզանից էլ որակով մարդիկ են, բայց էնպես չի, որ մենք լավ կարծիք ունենք բոլորի նկատմամբ։



 



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]