Հունիսի 1-ը տեղայնացնենք և ցեղայնացնենք

Հունիսի 1-ը տեղայնացնենք և ցեղայնացնենք

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է. մի օր պաշտպանենք, իսկ վաղն արդեն կարող ենք ծեծուջարդի ենթարկել: Հունիսի 2-ին էլ ՄԱԿ-մուկ չկա: Ժամանակին ՄԱԿ-ը խորհուրդ տվեց, որ այդ օրն իրականացվի երեխաների բարեկեցությանն ուղղված գործունեություն: Եթե այս հորդորը տեղայնացնենք եւ ցեղայնացնենք, ապա պիտի ասենք, որ այն վերաբերում է բացառապես Հայաստանի իշխանություններին, իսկ ավելի կոնկրետ` մեր կառավարությանը: Ակնհայտ է, որ երեխաների բարեկեցությանն ուղղված գործունեությունը վերոհիշյալ կառույցների գործն է: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ այդ ուղղությամբ հսկայական գործ է արվում. վիթխարի գումարներ են «պլստում», բայց երեխաների համար ոչինչ ափսոս չէ: Տեսեք` հունիսի 1-ին կարուսելները ձրի են պտտվում, կենդանաբանական այգում մնացած կենդանիները ձրի են երեւում: Նաեւ մանուկների համար կազմակերպվող «աստղալից» համերգներ: Գործազուրկ ծնողն ուրիշ ի՞նչ կարող է երազել: Պակասում է միայն երեխաների պաշտպանությանը նվիրված պետական կարեւոր մի միջոցառում` հունիսի 1-ին արգելել ծնողների հետ երեխաների անվերադարձ մեկնումը Հայաստանից. տարվա 364 օրը բավարար է:



 



Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա յուրաքանչյուր նորմալ հայի եթե ասեն, որ այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, կժպտա, որ կնշանակի` «լավ ա ասեցիք, էրեխեն անպաշտպան էր մնալու»: Այսինքն, հայի համար այս միջազգային օրը էության մեջ անհեթեթություն է, որովհետեւ հայ երեխան ամեն օր ու միշտ է ուշադրության կենտրոնում, որովհետեւ մեր ազգային մտածողության մեջ, ինչպես ասում են, ամեն ինչ մի կողմ է, երեխան` մի կողմ: Հայ մարդու ամբողջ կյանքն է երեխաների բարեկեցությանն ուղղված գործունեություն: Եվ այս առումով բոլոր ընտանիքների գլխավոր դերակատարներն են նրանք, մանավանդ, երբ փոքր են:



 



Ակամայից հիշեցի «Յոթ գարունների երկրում» ժողովածուի մեջ զետեղված ռուս տաղանդավոր գրող Անդրեյ Բիտովի պատմվածքը, որում հեղինակն իրեն բնորոշ ջերմությամբ նկարագրում էր մի հայ ընտանիք, ուր հյուրընկալվել էր: Հատակին ջարդված սպասք կա, եւ տանտերը չթաքցրած հպարտությամբ ասում է` «Աշոտիկս ա արել»: Իսկ փոքրիկը 4 տարեկան է: Դե հիմա եկ ու այս արանքում երեխաների պաշտպանության միջազգային օր խցկիր: Հայ մոր համար ո՞ր օրն իր երեխայինը չէ: Սա ո՞նց բացատրես միջազգային կառույցներին:



 



«Չմեռնեմ` էս էրեխեքին ոտի կանգնացնեմ». չգիտեմ` քանի՞ ժողովուրդ ունի նման արտահայտություն: Այսինքն` ստացվում է, որ այս մարդիկ, տեղյակ չլինելով ՄԱԿ-ի որոշումներից, ինքնագլուխ որոշում են իրենց կյանքը նվիրել երեխաների բարեկեցությանը: Այլ կերպ ասած, միջազգային անցուդարձին չեն հետեւում եւ ընդամենը ուշադրության մեկ օրվա փոխարեն կյանք են դնում: Սա տգիտության հետեւանք է:



 



Ի դեպ, եւս մեկ ազգային խայտառակության մասին. մեզանում ծնողներն իրենք են որոշում, թե ինչ պիտի ուտի երեխան: Սրա անունն ի՞նչ է, եթե ոչ բարբարոսություն. ոչ կալորիականություն են հաշվի առնում, ոչ սննդակարգի ցուցակ են կազմում: Վայրենություն: Ո՞վ է տեսել, որ երեխան ինչ ուզի եւ ինչքան ուզի` ուտի: Ինտեգրվում ենք, վերջապես, իսկ այդ երջանկության մասին շատերը նույնիսկ գաղափար չունեն: Եվրոպական արժեհամակարգի մեջ է մտնում նաեւ յուրաքանչյուր երեխային հասնող սննդի չափաբաժինը. այն քիչ եղավ կամ շատ` ծնողը «քաշվեց»: Օրինակ` Եվրոպայում երկրներ կան, ուր հատուկ հանձնաժողովը օրենքով կարող է մտնել մարդկանց բնակարանները եւ ստուգել սառնարանի պարունակությունը: Եվ եթե շոկոլադի չափը պակաս եղավ երեխայի համար նախատեսված չափից, հանձնաժողովն իրավունք ունի ծնողներին զրկելու ծնողական իրավունքից:



 



Այսինքն` մենք անհուսորեն հետ ենք մնում: Եթե այդ հանձնաժողովը գործեր Հայաստանում, բոլորս առանց երեխաների էինք մնալու, քանի որ շոկոլադի շատն էլ չի կարելի: Իսկ մեր տներում շոկոլադի տուփը բացում են, տասը րոպե հետո չկա. մենք ի՞նչ ծնող:



 



Հետաքրքիր է, սակայն, թե հատկապես ումից պետք է պաշտպանենք մեր երեխաներին կամ ինչից: Օրինակ, հասկանում ենք, որ աֆրիկյան ցեղախմբերի ծնող հատվածը, եթե տեղյակ է Գլխավոր ասամբլեայի որոշմանը, հունիսի 1-ին ավելի ուշադիր կլինի երեխաների հանդեպ եւ կրկնակի ցանկապատ կքաշի նրանց վայրի գազաններից պաշտպանելու համար:



 



Մեզանում գազանների այդ տեսակը չկա. միայն մի երկու հատ՝ կենդանաբանական այգում, ուր, պայմաններից ելնելով, նրանք սարսափում են մարդուց: Գազանների մյուս հատվածը ձեռնասուն է, այսինքն, գազան են դարձել մի ժամանակ մեր ձեռքին եղած գումարներով: Բայց սրանք էլ վտանգավոր չեն, քանի որ «օբյեկտների» սահմանները հազվադեպ են լքում:



 



Ընդհանրապես, ՄԱԿ-ը հետաքրքիր կառույց է, եւ ամենակարեւորը` մարդկությանը սկզբում ուրախություն, ապա երջանկություն պարգեւող կառույց. իսկական թամադաների ժողով: Եթե ուշադիր լինենք, տարին 12 ամիս պիտի ինչ-որ բանի միջազգային օր նշենք, պիտի նշենք, որ հեշտ ինտեգրվենք...



 



Բայց մենք, փաստորեն, տխուր ազգ ենք. տոնացույցը բերում դեմ են տալիս, հայացքներս շրջում ենք: Իսկ ՄԱԿ-ը բոլոր հնարավորություններն ընձեռել է: Աբսուրդը բացառեք եւ հետեւեք. 2010թ. սկսած` ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը հայտարարել է ՄԱԿ-ում լեզուների օր, որը միտում ունի տոնելու լեզվական եւ մշակութային բազմազանությունը, մարտի 20-ը հռչակվել է Երջանկության միջազգային օր, հունիսի 20-ը` Փախստականների միջազգային օր: Եվ ամենակարեւոր տոնը, որ մոտենում է. հուլիսի 18-ը Նելսոն Մանդելայի միջազգային օրն է: Եվ այլն, եւ այլն, եւ այլն:



 



Մի խոսքով, մենք սիրում ենք ՄԱԿ-ը, քանի որ այս կազմակերպությունը մտածում է Երկիր մոլորակի վրա բնակվող ամեն մի չափահասի ու անչափահասի մասին: Միասեռական թե չգիտեմ քանի սեռական, միշտ եղել են այս հեղինակավոր կառույցի ուշադրության կենտրոնում: Եվ որքան քիչ սեռական եւ շեղված սեռական, այնքան ավելի կենտրոնում: Մտածում է, հետո բռնում ու հռչակում, հետո գնում է ուրիշ բաներ հռչակելու: Բայց դրանց մեջ երբեմն լինում են բաներ, որոնք շրջանցելն անմիջապես դառնում է հանցագործություն: Օրինակ` դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ը հռչակել է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: Սա կարելի է դարձնել նաեւ մեր ազգային հիմնական տոներից մեկը. ժողովուրդն իսկապես լիաթոք կուրախանա, որովհետեւ գիտե` ինչպես երեխաների պաշտպանության պետական միջոցառումներն են սահմանափակվում մեկ օրով, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարը:



Չէ՞ որ մնում է 364 անպաշտպան օր:



 



Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ