Ջենթլմենական ձևով ձերբակալեցին, ջենթլմենական էլ ազատ արձակեցին (տեսանյութ)

Ջենթլմենական ձևով ձերբակալեցին, ջենթլմենական էլ ազատ արձակեցին (տեսանյութ)

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ակցիայի ժամանակ բերման ենթարկված չորս քաղաքացիներին ազատ արձակեցին։ Նրանց բերման էին ենթարկել Լենինգրադյան-Շինարարներ փողոցից՝ ավտոերթի ճանապարհը փակած ոստիկանների հետ բախման ժամանակ։



 



«Ոստիկանների հետ ջենթլմենական համաձայնության էինք եկել, և նրանք եղան իրենց խոսքի տերը»,- ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը։ Վերջինս Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի հետ գնացել էր ոստիկանություն տղաների հետևից: «Մեզ ազատ արձակեցին՝ առանց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու, մենք որևէ խախտում չէինք իրականացրել։ Թող մեր ճանապարհը չփակեին, մենք էլ խաղաղ-երթ ակցիան կշարունակեինք։ Ուղղակի մեկ ժամ մենք ոստիկանությունում նստած էինք, ոչինչ ստորագրել չեն տվել, ուղղակի պահել են»,-ասաց բերման ենթարկվածներից Արտաշ Միսակյանը։



 



Բերման ենթարկվածների խոսքով՝ այսօր տեղի ունեցած միջադեպի հիմնական մեղավորները ոստիկաններն էին։ «Որքան էլ ասում էին, որ մենք ոստիկանի օրինական պահանջը չենք կատարել, այդպես չէր, թող ճանապարհը չփակեին ու մեզ ուղղություն ցույց չտային, մենք էլ մեր մեքենաները չէինք կանգնեցնի ու խցանում չէինք առաջացնի»,-ասում է Կարեն Կրոյանը։



 



Հիշեցնենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պայքարում է, որպեսզի վերանան կարմիր գծերը, 5 անգամ կրճատեն տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչև այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարեն համաներում և դադարեցնեն բոլոր տեսակի տուգանքները՝ մինչև նոր կանոնակարգի հաստատվելը: Նախաձեռնության անդամները տեղեկացրին, որ իրենց երթ-ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց խնդիրներին լուծում չի տրվել։