«Շեֆին»՝ նվեր, աշխատողին՝ շնորհակալագիր

«Շեֆին»՝ նվեր, աշխատողին՝ շնորհակալագիր

Հուլիսի 1-ին հանդիսավորությամբ նշվում էր դատախազության 96-րդ տարեդարձը եւ Դատախազության աշխատողի օրը: Ներկա էին ԱԺ նախագահը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Երկար-բարակ թվարկումը պատահական չէ: Նշվածներից գրեթե բոլորը հանձնեցին թանկարժեք նվերներ, մեդալներ ու շնորհակալագրեր, բայց ուշագրավն այն է, որ թանկարժեք նվերները բաժին հասան միայն գլխավոր դատախազին:



 



Մասնակցում էին մարդիկ, ովքեր աշխատում են համակարգում բազում տարիներ, թոշակառուներ, վետերաններ կամ թոշակին մոտեցած անձինք, լավ են աշխատել, թե վատ, այլ խնդիր է: Մեդալը ոգեւորելու ձեւ է, որը պետք է ոչ թե ղեկավարին տալ, այլ առաջին հերթին՝ աշխատողին. Պաշտոնը, որ հասել է ղեկավարին, ինքնին արդեն մեդալ է: Երբ դատախազին տալիս եք թանկարժեք նկար, արծիվ ու չգիտես ինչ, հետն էլ մեդալ, իսկ աշխատողին՝ շնորհակալագիր, դա, վստահաբար, ոգեւորիչ չէ: Ավելին՝ երբ 35 տարի աշխատածին շնորհակալագիր եք տալիս «անխոնջ աշխատանքի համար», իսկ նրա աշխատանքային փորձից քիչ տարիք ունեցող դատախազին մեդալ՝ «ունեցած ավանդի համար», դա բնավ չի ավելացնում աշխատողի սերը ոլորտի նկատմամբ:



 



Կարելի է քննարկել մեդալների տրամադրման հարցն ընդհանրապես: Մեդալները, շքանշանները վաղուց իմաստազրկվել են: Մամուլը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2013 թվականի համար նախատեսել էր գնել գրեթե 265 հազար մեդալ, որոնց համար նախատեսված է 115 մլն դրամ: Մի կողմից լավ է, երբ պետությունն արժեւորում է իր քաղաքացիներին, բայց կարծես թե արժեւորում է միայն մեդալով: Օրինակ, ՊՆ մեդալները հանձնում են հիմնականում ազատամարտիկներին, իսկ նրանց մի մասը 2013 թվից սկսած բողոքի գործողություններ է կազմակերպում՝ պահանջելով արժանապատիվ վարձատրություն, թոշակ, աշխատանք, սոցիալական պայմաններ:



 



Մարդկանց ոգեւորելու համար մեդալ տալը սովորական բան է դարձել: Դեռ պատգամավոր եղած ժամանակ՝ 2005-ից, Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանն օրինագիծ էր ներկայացնում, որը վերջին անգամ մերժվեց 2012 թվականին: Նա առաջարկում էր 10 եւ ավելի երեխա ունենալու դեպքում կնոջը շնորհել «Պատվավոր մայր» կոչում եւ մեդալ տալ, 8-9 երեխա ունեցողներին` «Մայրական սխրանք» առաջին աստիճանի կրծքանշան, 6-7 երեխաների դեպքում` «Մայրական սխրանք» երկրորդ աստիճանի, իսկ 4-5 երեխաների դեպքում` «Մայրական սխրանք» երրորդ աստիճանի կրծքանշաններ:



 



Այս մարդիկ դեռ չեն հասկացել, որ մեդալով ընտանիք չես պահի, իսկ կարիքի մեջ գտնվող մարդուն միայն մեդալ տալով արդյո՞ք չեն ծաղրում նրանց: Եվ արդյոք դա չէ՞ պատճառը, որ Վերնիսաժում վաճառքի են հանվել բազում մեդալներ՝ չնչին գումարներով: Քիչ չեն մեդալից հրաժարվելու դեպքերը. գյումրեցի ազատամարտիկ Մկրտիչ Բաղդասարյանը «Ասպարեզ» ակումբում հրապարակեց իր բաց նամակը Սեյրան Օհանյանին, որտեղ նշում էր, որ որոշել է արյան գնով ձեռք բերած մեդալները հանձնել նախարարին: Ունի հաշմանդամության երրորդ կարգ, կորցրել է բնակարանը, ապրում է վարձով եւ իրեն ավելորդ է զգում հայրենիքում: Մայիսի 13-ին իրեն շնորհված պարգեւներից եւ շքանշաններից հրաժարվեց արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկ Վարդան Ամիրջանյանը: Ազատության հրապարակում նստացույց անող Սեպուհ Ստեփանյանը (Ռեմբո) 5-րդ բրիգադի հուշամեդալը հանձնեց գեներալ Մանվել Գրիգորյանի թիկնազորի պետին՝ Նահապետ Թումանյանին: 2013թ. մայիսի 24-ին անբասիր ծառայության համար ստացած կրծքանշանն արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին վերադարձրեց «Վարդաշեն» ՔԿՀ նախկին աշխատակից Սարգիս Այվազյանը: Նա նշում է, որ 2012-ին աշխատանքից ազատվել է ՔԿՀ պետ Համլետ Խլղաթյանի պարտադրանքով: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2013թ. մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առթիվ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրված երջանկահիշատակ Լեւոն Խեչոյանը հրաժարվեց ընդունել մեդալը՝ հայտարարելով. «…Շնորհակալ եմ վստահության եւ մեդալի համար, սակայն այն չեմ կարող ընդունել, երբ այս չափերի արտագաղթ կա երկրում, երբ իմ եղբայր ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, նստացույց են անում: Գուցե լավ չեմ գրել իմ գրքերը, մարդկանց չեմ կարողացել համոզել չլինել այդպիսին, որ երկրում էլ այս վիճակը չլիներ»:



 



Ի դեպ, հաճախ մեդալ են տալիս այնպիսիներին, որ դա վիրավորանք է դառնում մեդալ ստացած մյուսների համար: Քանի՞ պատգամավոր կա ԱԺ-ում կամ նախարար, որ «Մարտական խաչ» կամ հայրենիքի պաշտպանության բնագավառում մատուցած ծառայությունների համար մեդալներ ունի, բայց բանակում չի ծառայել, իսկ պատերազմի ժամանակ թաքնվել է թախտի տակ...



 



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ