Հա, ի դեպ, վարչապետ Հովիկն ու՞ր է…

Հա, ի դեպ, վարչապետ Հովիկն ու՞ր է…

 Երեկ, նայեցի՞ք, երբ լրագրողը ոստիկաններին հարցնում էր՝ ինչ կարծիքի եք էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ, բոլորը մի մարդու նման ասում էին՝ համազգեստը հագներիս չլինի, կասեինք: Համազգե՜ստը, ծառայությու՜նը: Վերջը ինչի՞ չեք ուզում ընդունել, որ ծառայողից բան պահանջելն առնվազն միամտություն է: Ծառայողին հանձնարարություն են տվել ու նա այդ հանձնարարությունը կատարում է: Ռոբերտ Նազարյանին հանձնարարություն են տվել ու նա իր ասելով լավագույնս ձևով կատարում է: Ի՞նչ եք անընդհատ նույն տեղու դոփում՝ միլիցիա, Նազարյան, Նազարյան միլիցիա… Ու պատճառն էլ դա է, որ ոչ թե ողջ ազգն է պայքարի լծվում, այլ հատվածաբար, համազգային պայքարի գոտի չի ձևավորվում: Մի շատ պարզ օրինակ բերեմ: Երեկ մի քանի խեղճ ու կրակի հարցրի՝ ինչու՞ չեք գնում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարեք: Համարյա բոլորը նույն պատասխանը տվին՝ ումից որ պիտի պահանջեն, նրա դուռը չեն գնում, Նազարյանն ի՞նչ անող է, որ նրա դուռը գնանք: Որոշված, պրծած է: Հո մուկ ու կատու չե՞նք խաղում:



Բանից պարզվում է, որ չպայքարողները ոչ թե ակտիվ քաղաքացի չեն, այլ գտնում են, որ պայքարի թիրախը ճիշտ չի ընտրված:



Սա պատահականությու՞ն է, թե՞ նպատակաուղղված քաղաքականություն, որ պատկան մարմինները հանգիստ քնեն, ամառային զովը վայելեն ու մարդկանց բողոքը սահմանափակեն նազարյանների հանրային կոչվող դռներին: Օրինակ, երեկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս եկած քաղաքական գործիչները չգիտեի՞ն, որ դա Նազարյանի քաշի լուծելու հարց չի, որ հարցը լուծված եկել, հասել է Նազարյանին: Հա, ի դեպ վարչապետ Հովիկն ու՞ր է… Որտեղի՞ց է ծիկրակում, թե Նազարյանն ու ոստիկանները ինչպես են իր ու նախագահի  թասիբը պահում: Ասենք թե շարքային ու ազնիվ պայքարողը չգիտի այդ մասին, բա մի սրտացավ քաղաքական գործիչ չկա՞, որ ասի՝ ժողովուրդ, էս ի՞նչ գործի եք… Ակամայից հիշում եմ Թումանյանի բոլոր ժամանակների համար գրված տողերը.



Ոչ ամոթ ունի ուժեղը, ոչ վախ,
Վայը եկել է տարել տըկարին:



 Քերթողի վրա պիտի գնալ, այլ ոչ թե աղ անողի…



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ