Պետք չէ հիմարանալ

Պետք չէ հիմարանալ

ԵԱՀԿ ԽՎ Բաքվում անցկացվող միջոցառմանն ադրբեջանական կողմի «սրացումը» հասկանալի է. Ուկրաինայի դեպքերին Արեւմուտքի հստակ բացասական վերաբերմունքն առիթ է, որպեսզի իլհամալիեւյան վարչախմբի ներկայացուցիչները փորձեն «տարածքային ամբողջականությամբ» փաթեթավորել նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը:



 



Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ազայ Գուլիեւը, մասնավորապես, գտնում է, որ անկախության կամ կարգավիճակի այլ փոփոխության հարցով «հանրաքվե պետք է անցկացվի տվյալ պետությունների սահմանադրության եւ օրենքների ու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Դա նշանակում է, որ առանց կենտրոնական կառավարության թույլտվության որեւէ երկրում հնարավոր չի լինի անցկացնել հանրաքվե»  (newsdayaz/politics/502518.html):



 



Ադրբեջանցի խորհրդարանականի հոգսը, իհարկե, Ուկրաինան չէ, ոչ էլ Վրաստանը կամ Մոլդովան կամ, ասենք, Մեծ Բրիտանիան, որտեղ Շոտլանդիան պատրաստվում է անցկացնել անկախության հանրաքվե. Ազայ Գուլիեւի «փորացավը» Լեռնային Ղարաբաղն է, կարգավորման հայեցակարգը, որի սկզբունքներից է նաեւ «հետաձգված հանրաքվեն»:



 



Մայիսի 28-ին Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղին ոչ մի իրավական կարգավիճակ չի տրվի»: Ազայ Գուլիեւն էլ, ահա, ԵԱՀԿ-ին առաջարկում է բանաձեւ ընդունել, որ «առանց կենտրոնական կառավարության համաձայնության որեւէ երկրում հանրաքվե չի կարող անցկացվել»: Նրան, երեւի, թվում է, թե պահի տակ «հանճարեղ գյուտ» է անում:



 



Իրականում ադրբեջանցի խորհրդարանականը հերթական անգամ հիմարություն է արել: Ինչո՞ւ: Որովհետեւ Լեռնային Ղարաբաղը 1991թ. դեկտեմբերի 10-ին անկախության հանրաքվե անցկացրել է միջազգային իրավունքի նորմերի եւ խորհրդային օրենսդրության հիման վրա: Այդպիսի իրավունք նրան, որպես  ԽՍՀՄ սահմանադրությամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում գտնված ինքնավար մարզի, տալիս էր «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու կարգի մասին» խորհրդային օրենքը:



 



Այնպես որ, ԼՂ կարգավիճակի փոփոխության հարցով հանրաքվե անցկացնելու համար կարիք չկար ունենալու Ադրբեջանի «կենտրոնական կառավարության» համաձայնությունը, քանի որ առկա էր միութենական-միասնական պետության համաձայնությունը: Դրանով իսկ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն լիովին օրինական է, եւ Ազայ Գուլիեւի «հետողորմյան» գուցե թե Ղրիմին կամ Կոսովոյին վերաբերի, բայց ԼՂ-ի համար ԵԱՀԿ որեւէ բանաձեւ իրավական ուժ չի կարող ունենալ, քանի որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը հռչակվել է ԽՍՀՄ փլուզման համատեքստում այն նույն իրավունքով, որով անկախացել է Ադրբեջանը:



 



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ