Սաշիկին հալալ ա

Սաշիկին հալալ ա

Տեղեկատվության եւ գրահրատարակչության գործակալություն պետք է գնայի:  Քանի որ շրջանից էի, մտածեցի՝  սեփական ավտոմեքենայով գնամ: Գնալը՝ գնամ,  բայց մեքենան որտե՞ղ կանգնեցնեմ: Ողջ գիշեր շուռումուռ եկա անկողնում, գրեթե չքնեցի: Պատճառը հստակ էր ու հասարակ չէր՝ որտեղ կանգնեցնել ավտոմեքենան, ուր գտնել առանց կարմիր ներկի ասֆալտ կամ էլ որեւէ նրբանցք այդ տարածքում: Մտովի հասա ուսանողական տարիներիս՝ «Պապլավոկ», Իսահակյանի արձան, «Նաիրի» հրատարակչություն, փորձեցի հարմար կայանատեղի ընտրել, սակայն գլխի ընկա, որ էլ իմ իմացած քաղաքը չէ, ավելի լավ է քնեմ, առավոտյան շուտ վեր կենամ, գնամ, հրատարակչության դիմացի տարածությունն ազատ կլինի, ու իմ ավտոմեքենան ապահով կկանգնեցնեմ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի արձանի կողքին: Էս միտքը փայլուն էր ու քնաբերի ազդեցություն ունեցավ:



 



Վաղ առավոտյան արթնացա, ավտոմեքենայի շարժիչը գործի դրեցի եւ ճանապարհ ընկա դեպի Հայոց հնամենի ու նորօրյա  մայրաքաղաք  Երեւան: Գրեթե կեսօրին հասա գործակալության մատույցները: Թե գործակալության շենքի դիմաց, թե հարեւան փողոցներում ավտոմեքենաներից ասեղ գցելու տեղ չկար, էն դեպքում, երբ այդ բոլոր փողոցները կարմիր գծի տակ էին: Ասի՝ մի կերպ խցկվեմ գործակալության մատույցները, բայց նկատեցի, որ Տերյան-Իսահակյան խաչմերուկից դեպի «Առագաստ» սրճարան ասֆալտի վրա կարմիր գծեր չկային: Աչքերիս չհավատացի: Մեկ ամիս առաջ նույնպես եղել էի, ու այդ ժամանակ  հաստատ գծերը կային:  Քշեցի:  Աջ պահած, դանդաղ, այնքան, մինչեւ մի խցկվելու տեղ գտա:



 



Շունչ քաշեցի ու նորից նայեցի ասֆալտին՝ համոզվելու, որ գծեր չկան: Ախր, ցավալիորեն, հաղորդագրություն ուղարկելու ձեւն էլ չգիտեմ: Միշտ որոշում եմ սովորել, բայց ամեն անգամ մի բան խանգարում է: Վերջը թղթերս վերցրի, իջա, թեթեւացած շուրջս նայեցի,  ու ականջիս ընկավ երկու ջահելի խոսակցություն. «Բայց հալալ ա Սաշիկին, որ թողել ա էս փողոցում իրա քաշած գծերի վրով ասֆալտ փռեն»: Ասում էր ջահելներից մեկը: «Խի իրա հոր փողոցն ա՞, որ չթողի»,- պատասխանեց մյուսը: «Տենց ա ստացվում՝ ուզենք, թե չուզենք»,- ասաց առաջինը: «Հա, ի՞նչ եղավ, որ թողեց»: «Ինչ եղա՞վ, փող կորցրեց, փող»,- ասաց առաջինը: «Հա՜, ճիշտ ա, էլի, որ հալալ ա Սաշիկին»,-համաձայնեց մյուսը:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ