Կառավարության «լուրջ» օժանդակությունը ՓՄՁ-ներին

Կառավարության «լուրջ» օժանդակությունը  ՓՄՁ-ներին

«Շահող կտրոն» հեռուստաշոուն վարող ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը երեկ անթաքույց ոգեւորությամբ ու հրճվանքով պատմում էր, թե կառավարությունն ինչ մեծ, հումանիտար ծրագիր է իրականացրել՝ նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրումը «ճկուն զեղչային» համակարգով բաշխելով փոքր ու միջին տնտեսվարողներին: Արմեն Ալավերդյանը շոումենի արհեստավարժությամբ ներկայացնում էր օժանդակությունը. 30-58,5 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները նոր սերնդի ՀԴՄ պետք է տեղադրեն մինչեւ այս տարվա օգոստոսի 1-ը եւ ՀԴՄ-ի համար վճարեն 150 հազար դրամ, 10-30 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունների համար ՀԴՄ-ի գինը կլինի 120 հազար դրամ, իսկ տեղադրման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 1-ը։ Մինչեւ 10 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողներին ՀԴՄ-ն կվաճառվի 80 հազարով, իսկ տեղադրման վերջնաժամկետը 2015թ. հունվարի 1-ն է։



 



Ըստ օժանդակության չափի, Ալավերդյանն ավելի էր ընդգծում իր ոգեւորությունն ու հրճվանքը, կարծես մրցանակաբաշխության մասին հաղորդելիս լիներ: Ահա եւ վերջում նա, լրագրողների համբերությունը սպառելով, հայտարարեց «սյուրպրիզը», որ սահմանամերձ գյուղերում տնտեսվարողներին ՀԴՄ կտրվի անվճար: Պատկերացնո՞ւմ եք, կառավարությունն այս մեծ լավությունն արել է հենց այն շրջաններին, որտեղ խանութները սակավ են, եղածներն էլ ամիսներով մի ՀԴՄ-ի գումար չեն կարող աշխատել: Իսկ գյուղական համայնքներում 50% զեղչով կտրվի։ Ինչպես տեսնում եք, կառավարությունը շատ շոշափելի աջակցություն է սկսել փոքր ու միջին ձեռնարկատերերին: Ինչպես ասում են՝ հաճելին ու օգտակարը համատեղել են, մի կողմից ՀԴՄ-ի բիզնեսն են ծաղկեցնում՝ պարբերաբար «նոր սերնդի» անվան տակ թալանելով հատկապես ՓՄՁ-ներին, մյուս կողմից, ՀԴՄ-ի արժեքը փոքր-ինչ մեղմելով, կառավարության բարեգթությունն են քարոզում: Մեր հարցին, թե  ինչ երաշխիքներ կան, որ հաջորդ տարի արդեն նոր սերնդի ՀԴՄ-ներով չեն խեղդելու տնտեսվարողներին, Ալավերդյանն ասաց. «Երաշխավորում եմ, որովհետեւ ես  մանրամասն ներկայացրի, որ 15 տարվա ՀԴՄ-ներ կան ու 80 տարբեր մոդիֆիկացիաներ՝ մեկը թանաքով, մեկն առանց թանաքի, մեկը՝ նեղ, մյուսը՝ լայն ժապավենով, դրանց նորոգումը, սպասարկումը հնարավոր չէ, պետք է այդ գույքը փոխել ժամանակակիցով, որ ուրիշ գործառույթներ անի, իսկ էս ՀԴՄ-ն կարող է շարքից դուրս գալ, փչանալ, դրա համար սպասարկում կիրականացվի, էս ՀԴՄ-ն պետք է դնենք շրջանառության մեջ, օգտագործենք: Կգա ինչ-որ ժամանակ, որ սա էլ իրան կսպառի, բայց հաստատ չի լինի ոչ 15, ոչ 16 թվին»:  Նա փորձում էր վստահեցնել, որ նոր սերնդի ՀԴՄ-ի տեղադրման նպատակը ոչ թե ֆիսկալ էֆեկտն է, այլ փաստաթղթավորման ապահովումը։



 



ՍՏՎԵՐԻ  ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ԴԵՌ ՑՈՒՑԱԿՆԵՐ Է ՏՎԵԼ






Հովիկ Աբրահամյանի՝ ստվերի դեմ պայքարն անշեղորեն առաջ է գնում: Ավելի վաղ արված իր հայտարարության համաձայն՝ հուլիսի 1-ից անցյալի վրա գիծը քաշված է, պայքարը սկսված, արդեն ունեն առաջին պտուղները՝ սեւ եւ սեւացող ցուցակներ: Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը երեկ հայտարարեց, որ  նախարարությունն առանձնացրել է ռիսկային ոլորտներն ու յուրաքանչյուր բնագավառում գործող հարկ վճարողներին՝ հաշվի առնելով կոնկրետ կազմակերպությունների դերակատարությունը կոնկրետ ոլորտում: Կազմվել է տնտեսվարողների երկու ցուցակ. տնտեսվարողներ (1200-1300 ընկերություն), որոնք ընդունել են ստվերի առկայությունը եւ պատրաստակամություն հայտնել իրականացնել ապրանքաշրջանառության փաստաթղթավորում, բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը, բարելավել հարկային վճարումները: Իսկ մյուս ցուցակում այն տնտեսվարողներն են, որոնք հայտարարել են, թե ամբողջովին գործում են հարկային դաշտում, «սպիտակ են», եւ չեն ընդունել հարկային ծառայության վերլուծությունները։  Բայց սպիտակ լինելը դա իրենց հիմնավորումն է, եւ դեռ պիտի ապացուցեն՝ սե՞ւ են, թե՞ սպիտակ: Իսկ ովքե՞ր են ցուցակում ընդգրկվածները: Հարցը կոտրեց ոլորտի հնաբնակի ոգեւորությունը: «Ցանկերը, բնականաբար, չենք հրապարակի, դա ակնհայտորեն առեւտրային գաղտնիք է, բայց կհրապարակենք խախտողներին ու խախտումները»,- ասաց Ալավերդյանը: Լրագրողների  հարցին՝ սեւ ցանկում կա՞ն «Ալեքս Գրիգը», «Մեգաֆուդը», «Մեգասպորտը», «Ապեյրոնը», Ալավերդյանը շփոթվեց. ձեւացնելով, թե չի ընկալում հարցի իմաստը, դիմեց խոսնակին.  «Ի՞նչ ա ասում»: Իրականում փորձում էր ժամանակ շահել ու կողմնորոշվել:  Պատասխանից ազատվելու ճիգերը նրան ավելի ծիծաղելի դրության մեջ դրեցին, ասաց. «Եվ առաջին, եւ երկրորդ ցուցակում կան հնչեցրածները»: 



 



ՀԳ. Ի դեպ, Արմեն Ալավերդյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողները հարց հնչեցրին ստվերի կարկառուն ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանի գործունեության մասին, եւ, ինքնատիրապետումը կորցնելով, փրփրած նետեց, թե որ «ուզում եք իմանաք՝ նա մեզնից ու ձեզնից խելացի է»:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]