Հովհաննես Թոքմաջյանը կարծում է, որ ինքը Նապոլեոնն է

Հովհաննես Թոքմաջյանը կարծում է, որ ինքը Նապոլեոնն է

Երեւանի ճարտարագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն իր շրջապատում անթաքույց համեմատվում է Նապոլեոն Բոնապարտի հետ: Թե ինչն է հիմք տվել ռեկտորի ԺՊ-ին նման ինքնագնահատականով հանդես գալու, գիտեն իր մտերիմները, բայց փաստը մնում է փաստ, որ Նապոլեոնի հերթական գաղափարներից մեկը ձախողվում է: Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի եւ Երեւանի ճարտարագիտական համալսարանի միավորման մասին  խոսակցություններն իրականություն չեն դառնում: Այժմ միայն թույլ հույսեր են մնացել, որ այդ ծրագիրը կիրականանա: Դեռեւս մարտին Արա Ավետիսյանին պաշտոնանկ անելուց հետո, երբ Թոքմաջյանին Ճարտարապետության եւ շինարարության համալսարանի ռեկտորի պաշտոնից տեղափոխեցին պոլիտեխնիկ՝ Ժամանակավոր պաշտոնակատար, Արմեն Աշոտյանը խոսեց բուհերի միավորման անհրաժեշտության մասին, Թոքմաջյանն էլ դա պայմանավորեց բոլոնյան բարեփոխումների տրամաբանությամբ: Նույնիսկ հարցազրույցներով փորձեց հիմնավորել միավորման հրամայականը: Խոսք կար, որ մինչեւ սեպտեմբեր գործընթացը կսկսվի, բայց այն դեռ չսկսված՝ մարել է: Ինչո՞ւ է միավորման անհրաժեշտությունը վերանայվել:



 



Շրջանառվող գլխավոր վարկածն այն է, որ բուհում ներքին դժգոհություններ կան միավորման կապակցությամբ, եւ եթե դա տեղի ունենա, մեծ բունտ կհասունանա, եւ չի բացառվում, որ այն դառնա Թոքմաջյանի՝ ռեկտորի պաշտոնին հրաժեշտ տալու պատճառը: Բացի այդ, ՃՇՀԱՀ-ն ավելի մեծ առաջընթաց է գրանցել այս տարիներին, քան պոլիտեխնիկը՝ միջազգային կարգավիճակ է ձեռք բերել: Միավորման դեպքում այդ կարգավիճակը կզրոյանա: Բայց, չնայած այս ներքին լարվածությանը,  Հովհաննես Թոքմաջյանը փորձում է ամեն գնով այն գլուխ բերել, քանի որ այդպիսով իր կառավարման պարագիծն է ընդլայնվում: Այս գործընթացի պատճառով արդեն խաթարվել են երկու բուհերի ռեկտորների հարաբերությունները, ովքեր ժամանակին մտերիմ ընկերներ են եղել: Երբ Թոքմաջյանին ԵՊՃՇՀ-ից տեղափոխում էին պոլիտեխնիկ, եւ թափուր էր մնացել իր տեղը, արտասահմանում գտնվող ՀՀ շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին Թոքմաջյանն արագ ետ է կանչել եւ տեղեկացրել, որ ռեկտոր է նշանակվելու: Սակայն այս փուլում նրան ոչինչ չի ասել, որ ինքն ընդամենը ռեկտորի տեղապահ է լինելու՝ մինչեւ բուհերի միավորումն է Թոքմաջյանի «գահադրումը»: Հետագա ընթացքից պարզ է դառնում ծագրի էությունը, եւ ասում են՝ Գալստյանը խիստ վիրավորված է նախկին ընկերոջ պահվածքից: Ոմանք անգամ վերջին օրերին ԵՊՃՇՀ դիմորդների դժգոհությունները բացատրում են այս խնդիրներով:



 



 



ՀԳ. Ի դեպ, երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Օրեր առաջ որոշ ԶԼՄ-ներ տարածեցին Ճարտարապետաշինարարական համալսարանի մի խումբ դիմորդների ինձ ուղղված բողոքը: Նախարարությունը եւ բուհն ակտիվ աշխատեցին երիտասարդների հետ: Եվ ահա, այսպիսի բովանդակությամբ նոր գրություն ենք ստացել.



 



«Բոլոր դիմորդների անունից ցանկանում ենք ետ վերցնել սույն թվականի հունիսի 30-ին մուտքագրված դիմում-բողոքը, քանի որ համալսարանում տեղի է ունեցել հանդիպում մեր՝ դիմորդներիս, եւ ընդունող հանձնաժողովի անդամների եւ մասնագետների միջեւ, որի ընթացքում ստացել ենք մեզ հուզող հարցերի սպառիչ պատասխանները»: Ընդունելության մարաթոնը մոտենում է ավարտին: Առիթից օգտվելով` կրկին հաջողություն եւ համբերություն եմ մաղթում բոլոր դիմորդներին եւ իրենց ծնողներին: Իսկ քննությունների ընթացքով հետաքրքրված ԶԼՄ-ներին խնդրում եմ տարածել նաեւ այս նորությունը»:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]