ՍԴՀԿ-ն՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին

ՍԴՀԿ-ն՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Երեւանի վարչության հայտարարությունը



 



Առանց այդ էլ ծանր սոցիալական իրավիճակում մեր երկրի քաղաքացիների համար հերթական հարվածն է էլեկտրաէներգիայի գների թանկացումը, որը, բնականաբար, իր հերթին հանգեցնելու է առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների շղթայական թանկացմանը: Այս իրավիճակում, երբ Հայաստանի քաղաքացին արդեն իսկ ուտելու հաց չունի եւ բռնել է արտագաղթի ճանապարհը, նման որոշումը հղի է վտանգավոր եւ անհեռատես հետեւանքներով:



Սա, կարծես թե, մարտահրավեր է, ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Մեզ համար ընկալելի չէ իշխանությունների առաջ քաշած պատճառաբանությունները, թե պետական բյուջեն հնարավորություն չունի



լրացնել էլեկտրաէներգիայի համար գանձվող գումարի փոխհատուցումը: Ի տարբերություն իշխանությունների, հասարակությունը շատ լավ գիտի, թե որտեղից կարելի է գտնել այդ գումարները եւ, բացառապես, օրինական ճանապարհով: Եթե մեր երկրի տնտեսության մի ստվար հատված գտնվում է ստվերում, այսինքն՝ չի հարկվում, եթե օլիգարխիան պատշաճ չի կատարում իր հարկային պարտավորությունները, ապա, բնականաբար, բյուջեում նաեւ գումար չի լինի: Մենք պահանջում ենք ծածկել այդ բացը հենց ստվերի կրճատման եւ օլիգարխիային հարկային դաշտ բերելու միջոցով:



Անընդհատ շարունակվող թանկացումները երկիրը հասցրել են սոցիալական պայթյունի շեմին: Իսկ առավել վտանգավոր եւ առավել պահանջատեր մարդ, քան սոված եւ երեխաներին հաց տալու հնարավորություն չունեցող քաղաքացին է, գոյություն չունի:



Ս.Դ. Հնչակյան կուսակցության Երեւանի վարչությունը կոչ է անում վերանայել այս ժամանակավրեպ եւ անտեղի որոշումը՝ հաշվի առնելով ծանր տնտեսական իրավիճակն ու համատարած աղքատությունը:



Ս.Դ. Հնչակյան կուսակցության Երեւանի վարչություն