Սոչիում վտանգը կկասեցվի

Սոչիում վտանգը կկասեցվի

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հորդորում է զերծ մնալ ավելորդ շահարկումներից, թե ինչու ոչ թե Մինսկի խմբի համանախագահների, այլ Ռուսաստանի միջնորդությամբ է տեղի ունենալու Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպումը. «Վերջապես, ի սկզբանե առանձնահատուկ դերակատարում է ունեցել հենց Ռուսաստանը. հրադադարը կնքվել է հենց Ռուսաստանի միջնորդությամբ եւ ոչ թե համանախագահների կամ բազմակողմ միջնորդության ներքո: Ընդհանրապես, բազմակողմ միջնորդությունը չի նպաստում կողմերի միջեւ փոխհամաձայնության, որովհետեւ միջնորդներից յուրաքանչյուրի շահերը հակասական են եւ հնարավորություն չեն տալիս հասնելու արդյունքի, եթե չասենք, որ խաղաղարար գործընթացը ձգձգում են, մտցնում փակուղի: Միակ արդյունավետ եւ ծանրակշիռ արդյունքը, որին հաջողվել է հասնել, դա զինադադարի հաստատումն է, եւ դրան հաջողվել է հասնել Ռուսաստանի միջոցով»:



 




Նա ասում է, որ Ռուսաստանը եւ բոլորն այս պահին շահագրգռված են ստատուս քվոյի պահպանությամբ. «Ստատուս քվոյի պահպանումը միակ ընդունելի տարբերակն է բոլորի համար՝ տարածաշրջանի ժողովուրդների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի: Մինչդեռ ստատուս քվոյի ցանկացած խախտում իր մեջ պարունակում է ռիսկային անակնկալների հնարավորությունը կոնֆլիկտի գրեթե հավասար ռեսուրսներ ունեցող կողմերի համար, ստատուս քվոյի պահպանումը չարյաց փոքրագույնն է, ցանկացած փխրուն զինադադարի պահպանումն ավելի լավ է, քան պատերազմական գործողությունների վերսկսումը: Միջազգային հանրությունը եւս շահագրգռված է, որ ստատուս քվոն պահպանվի, քանի որ այսօր ստիպված է դիմակայել բազմաթիվ մարտահրավերների՝ չավարտված ճգնաժամը Սիրիայում, թեժացող ճգնաժամը Միջին Արեւելքի մեկ այլ մասում՝ Պաղեստինում, Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները: Սրանք այն մարտահրավերներն են, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացրել միջազգային հանրության մոտ, եւ բնական է, որ միջազգային հանրությունը շահագրգռված է, որպեսզի 1994 թվականից գոյություն ունեցող փխրուն զինադադարը պահպանվի: Իսկ Ռուսաստանը՝ առավել եւս, քանի որ, լինելով կովկասյան գերտերություն, իր արտաքին քաղաքական դոկտրինում ներառել է այն դրույթը, որ հետխորհրդային տարածքը Ռուսաստանի կենսական շահերի տարածք է, եւ վերջինի համար առաջնային է այդ պետությունների ներդաշնակ զարգացումը եւ հետխորհրդային տարածքում խաղաղության հաստատումն ու պահպանումը»:



 



Ռուսաստանի խաղաղարար զորքերի տեղակայման հարցում, ըստ պարոն Հովհաննիսյանի, Ռուսաստանը շահագրգռվածություն չի ցուցաբերում՝ ավելորդ ռեսուրսներ տրամադրելու մեր տարածաշրջանում եւ նման առաջարկով հանդես չի գա. «Սահմանների պահպանության հարցում Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Հայաստանն ամբողջությամբ իր վրա վերցնի այդ բեռը»: Քաղաքագետի խոսքով՝ այդ թեմայով բարձրացված աղմուկը պրովոկացիա անելու փորձ է. «Այդ լուրերով փորձում են լրացուցիչ անվստահության երանգներ հաղորդել հայ-ռուսական հարաբերություններին, իսկ դա պայմանավորված է նրանով, որ մեր քաղաքական վերնախավի որոշակի մասը ձգտում է ներքին պրոբլեմների համար պատասխանատվությունը բարդել Պուտինի եւ Մոսկվայի ուսերի վրա»: Հովհաննիսյանը չի կարծում, որ այդ հանդիպմանը բեկումնային փաստաթուղթ կընդունվի, դա ցանկալի էլ չէ. «Բեկում պետք չէ, որովհետեւ մենք այսօր պետք է գոնե ապահովենք այն իրավիճակը կողմերի բաժանման գծի վրա, որը գոյություն է ունեցել 1994 թվականից հետո, իսկ վերջին օրերին պատերազմի վերսկսման մեծ վտանգ կա: Եթե անգամ այս վտանգը կասեցվի, ապա դա դրական է»:



 



Լուսինե  ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
[email protected]