Նույն երկրում

Նույն երկրում

Օրվա մեջ մի քանի տեղ լինելով, տարբեր միջավայրերում մի շարք հարցերի շուրջ զրուցելուց հետո, որոշակի տպավորություն է ստեղծվում, որ տարբեր երկրներում եւ իրավիճակներում ենք ապրում: Նույն հարցի շուրջ տաքսու վարորդները մի բան են խոսում, քաղաքական գործիչներն ու արվեստագետները՝ այլ բան, էրուդիցիայով առատ ինտելեկտուալները, շուկայում կանգնող մարդիկ՝ ուրիշ բան, եւ այսպես շարունակ: Եվ գուցե այդպես էլ պիտի լինի, բայց որոշակի համատեքստում:




Արցախյան հակամարտության մասին հասարակության տարբեր շերտերում կարելի է հազարավոր, այլատեսակ կարծիքներ լսել՝ անվերահսկելի, քաոտիկ լրահոսի նման: Միեւնույն բանի վերափոխությունը միեւնույն տոնայնությամբ, որ շատ դեպքերում կորցնում է ներքին տրամաբանությունն ու իմաստը: Իսկ տրամաբանությունն ու իմաստը առաջադիմության հաղթանշաններ են, որոնք ձեւավորվում են տարիների ընթացքում եւ նպասում երկխոսությանը:




Կարծես այս երկրի տարածությունն իշխանությանը պետք է առանց ժողովրդի, բայց այդ դեպքում անմեկնելի է նրանց կեցության իմաստը, տարիներ ի վեր կուտակած հարստության, սրբազան ապրուստի սպառումը: Նրանք հենց այս մահվան կախիչի հետ են կապել իրենց գոյությունը՝ հույս ունենալով, որ կախիչը կհաջողվի փոխանցել մյուսներին:




Օրվա մեջ մի քանի տեղ լինելով, տարբեր միջավայրերում մի շարք հարցերի շուրջ զրուցելուց հետո, իրականության զգացողության, տեղի եւ իրավիճակի շփոթմունք է առաջանում: Գլխավոր խնդիրների լուրջ կոնսոլիդացիայի բացակայության (թեպետ բոլորն են ասում՝ պատերազմի դեպքում տարաձայնությունները պիտի մի կողմ դնել) եւ հասարակության մեջ առկա խմբերի, խմբավորումների, անհատների միջեւ չկայացող դիսկուրսի արդյունքում իրականությունը վաղուց նախախնամվում է իշխանության կողմից ու դեֆորմացվում ըստ ցանկության: Այս իշխանությունները՝ ոչ այն կամավորները, որոնք մի քանի օր առաջ ինքնակամ բարձրացան մարտական դիրքեր՝ քաջալերելու բանակայիններին, հենց իրենք չեն գիտակցում, որ հին օրերից 20 տարի է անցել, որ պետական սահմանները վաղուց պաշտպանվում են բանակի կողմից: Վերջերս սահմանամերձ գյուղերում զինվորական համազգեստներով ավելի շատ փայլփլող ՀՀԿ-ականների պարագլուխներից մեկը՝ Հովիկ Աբրահամյանը, ասում են՝ 600 հազար ԱՄՆ դոլարով զրահապատ մեքենա է գնել, որ հանկարծ գլուխը չուտեն (երեւի, վերջին դեպքերի հետ կապված, վարչապետը լրջորեն անհանգստացել է իր կյանքի համար, կամ էլ հայրենասիրության վերակենդանացած շունչն է ոգեւորել նրան): Ապրելով երկրի ներսում, բայց ոչ նույն երկրում եւ կրելով ու տանելով բացարձակ տարբեր իրականությունները: Այսքան մեծ է իշխանության ու ժողովրդի միջեւ ընկած տարածությունը:




Արամ ՊԱՉՅԱՆ