Նախարարը չգիտի՝ սանկցիաները կանդրադառնա՞ն ՀՀ-ի վրա

Նախարարը չգիտի՝ սանկցիաները կանդրադառնա՞ն ՀՀ-ի վրա

Եվրամիությունն ու ԱՄՆ-ն Ուկրաինայում Ռուսաստանի դիրքորոշման պատճառով Ռուսաստանի տնտեսության նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել: Պատժվողների ցուցակում են հայտնվել «Գազպրոմբանկ», ՎԷԲ, «Նովատեկ», «Ռոսնեֆտ», ՎՏԲ, «Ռոսսելխոզբանկ», «Մոսկվայի բանկ» ընկերությունները, բազում անհատ անձինք: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի կառավարությանը եւ բիզնես կառույցներին տեղեկացրեց ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում հայտնված ռուսական ընկերությունների հետ համագործակցության ռիսկերի մասին, ինչից հետո տնտեսագետները գուժում են Հայաստանի վրա այդ պատժամիջոցների բացասական հետեւանքների մասին, սակայն ՀՀ կառավարությունը նույնիսկ մասնագիտական վերլուծություններ դեռ չի արել:



Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, երեկ կառավարության նիստից հետո մի քանի լրագրողի հետ անվրդով խոսելով թեմայի մասին, նախ հայտնեց, որ իրենք դեսպանատան կայքում նման հայտարարություն չեն գտել: Իսկ մամուլի հրապարակումների հիման վրա էլ զլացավ կանխատեսումներ անել, թե ինչպես կանդրադառնան դրանք ՀՀ տնտեսության վրա, քանի որ դա մասնագիտական խորը վերլուծության կարիք ունի: Ճշմարիտյանն ընդգծեց. «Մեր տնտեսվարողներն ազատ են իրենց գործունեության մեջ, մենք մեր կողմից սահմանափակումներ չենք մտցնում, իրենք են ընտրում իրենց գործընկերներին՝ հաշվի առնելով Հայաստանի միջազգային պարտավորությունները»:



 



Իսկ ընդհանրապես Ճշմարիտյանը «չի մեկնաբանում այլ երկրների սանկցիաները, քանի որ պետք է իմանալ նրանց բնույթը, խորությունը, տեսակները»: Այսինքն, ստացվում է, որ էկոնոմիկայի նախարարությունը չի էլ փորձել խորամուխ լինել պատժամիջոցների հետեւանքների մեջ, առավել եւս, որ ՀՀ-ում գործում են ռուսական բանկեր: Ճշմարիտյանը կարծում է. «Պատժամիջոցները տարբեր են, լինում են խորացված, ժամանակավոր, ինչ ժամկետով են կատարվում, որը որ բանկի նկատմամբ եւ այլն: Շատ մասնագիտական է, եւ խորհուրդ կտայի, որ, չլինելով մասնագետ, չշտապեինք մեկնաբանություններ անել ու խուճապի չմատնվել, քանի որ ցանկացած հարց ունի երկու կողմ»: Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ապա դրանից «հետդարձ չկա՝ տեխնիկական հարցերը լուծված են, բանակցությունները սովորական հունով են ընթանում, մենք ասել ենք՝ հոկտեմբերին, նշանակում է՝ կլինի հոկտեմբերին»: Նշենք, որ երեկ Ռուսաստանի կառավարությունը հավանության արժանացրեց Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, որն ստորագրվել էր մայիսի 29-ին, Աստանայում, եւ այն ներկայացնելու է երկրի նախագահին։




Գայանե  ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
[email protected]