Հովիկ Աբրահամյանը գովազդի կարիք չունի՞

Հովիկ Աբրահամյանը գովազդի կարիք չունի՞

Սահմանի վիճակի առիթով ԱԺ բոլոր խմբակցությունների աննախադեպ «միասնությունը» երկար չտեւեց: Ի սկզբանե հնչող տեսակետները, որ իշխանության հետ միասնականանալը նպատակահարմար չէ եւ չի բխում իրենց ընդդիմադիր հռչակածների շահերից, նրանցից ոմանք սվիններով ընդունեցին: Մինչդեռ ի սկզբանե պարզ էր, որ, անկախ հանգամանքներից, նման միասնականությունն ընկալելի չէր, քանի որ ստեղծված իրավիճակը իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքն է եւ բխում էր իշխանության շահերից ու համապատասխանաբար օգտագործվում նրա կողմից: Կանխատեսումներ կային, որ ընդդիմադիրներին կրկին հիասթափություն է սպասվում: Կանխատեսումը չուշացավ:



Նախ հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ԱԺ խմբակցությունների հետ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ ԱԺ բոլոր խմբակցությունները քննարկեցին շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ հարձակումների հետեւանքով ստեղծված լարված իրավիճակը եւ հանդես եկան հայոց բանակին եւ զինվորներին սատարող միասնական հայտարարությամբ, ինչպես նաեւ որոշվեց խմբակցությունների ղեկավարների համատեղ այց կազմակերպել ճակատ եւ հանդիպել սահմանին կանգնած զինվորների եւ հրամանատարական կազմի հետ: Հայաստանի քաղաքական ուժերի միջեւ կայացած այս աննախադեպ համաձայնության նպատակը, ըստ կողմերի, «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար վտանգի պահին բանակի շուրջ բոլոր քաղաքական ուժերի համախմբվածության ցուցադրումն է ագրեսորին»: Օգոստոսի 5-ին տարածվեց 6 խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարությունը, բայց նույնքան սահուն ավարտ չունեցավ պայմանավորվածության ողջ ծրագիրը:



Երեկ հայտնի դարձավ, որ, «ի փոփոխություն ձեռք բերված պայմանավորվածության, տեղի կունենա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը դեպի շփման գիծ, եւ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հրավիրվում են մաս կազմել նրա պատվիրակությանը»: «Թվում էր, թե նույնքան անշեղորեն կիրականացվի նաեւ դեպի շփման գիծ կատարվելիք այցերի մասին ձեռք բերված համաձայնությունը, եւ որեւէ քաղաքական ուժ չի փորձի միակողմանիորեն այն խախտել՝ ստորադասելով ազգային շահերը նեղ անձնական կամ նեղ կուսակցական քարոզչական դիվիդենտներ քաղելու էժանագին նպատակին»,- երեկ իշխանության շուստրիությունից անակնկալի եկած, հայտարարեց ՀԱԿ խմբակցությունը՝ ուշքի գալով եւ արձանագրելով. «Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը, տեղեկանալով ԱԺ խմբակցությունների միջեւ օգոստոսի 4-ին ձեռք բերված համաձայնության մասին, որոշել է օգտագործել այն սեփական անձի գովազդման նպատակով, ինչպես նաեւ, կցելով խորհրդարանական պատվիրակությունն իրեն, փոխարինել ազգային շահերի շուրջ համախմբման խորհրդանիշը իշխանության շուրջ համախմբման պատրանքով: Հովիկ Աբրահամյանի նման գործելակերպն ուղղված է, ըստ էության, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնության եւ ձեռք բերված համաձայնության տապալմանը: Հայ ազգային կոնգրեսը, հետեւաբար, մերժում է Հովիկ Աբրահամյանի քարոզարշավին մասնակցելու հրավերը եւ վերահաստատում իր պատրաստակամությունը՝ իրականացնելու Սեյրան Օհանյանի հետ օգոստոսի 4-ին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ զորամասեր եւ շփման գիծ կատարվելիք ինչպես համատեղ, այնպես էլ առանձին այցերի վերաբերյալ»:



ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ ինչո՞ւ է ԱԺ-ն իր նախաձեռնությունը զիջել գործադիրին, ինչո՞ւ օրենսդիրը խախտեց նախնական պայմանավորվածությունը եւ որոշեց ոչ թե ԱԺ նախագահի հետ կամ նրա գլխավորությամբ սահման մեկնել, այլ վարչապետի։ «Դա դեռ հարց է, եւ կարող եք հարցնել՝ վարչապե՞տն է մեր հետ գալու, թե՞ մենք վարչապետի, ես այդքան տարբերություն չեմ տեսնում»,- պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: «Մենք ընդհանրապես պայմանավորվածություն ենք ունեցել այցելության միասին մեկնելու, եւ նման իրավիճակում, երբ հարցը վերաբերում է սահմանների անվտանգությանը եւ մեր պաշտպանությանը, ապա գտնում եմ, որ նման նեղ շահարկումներ անող անձինք պետք է զերծ մնան այդ շահարկումներից, որովհետեւ կարեւոր չի ով կմեկնի՝ հասարակ գյուղացի, նախագահ, վարչապետ…»,- ասաց Բաղդասարյանը եւ վրդովվեց, որ ՀԱԿ-ը հենց սկզբում իր պայմաններն էր թելադրում, որոնց համաձայնել են «միայն ու միայն կարեւոր պահին միասնականություն դրսեւորելու համար»: Ճշտող հարցին՝ ի սկզբանե խոսվե՞լ է Հովիկ Աբրահամյանի հնարավոր մասնակցության մասին, Բաղդասարյանը պատասխանեց. «Ծիծաղելի է նման դեպքերում խոսել՝ ո՞ւմ հետ գնալ, ո՞նց գնալ, ի՞նչ մեքենայով, այս իրավիճակում նման հարց քննարկելն անիմաստ չէ՞»: Բաղդասարյանի խոսքից հասկացվեց, որ նրա կարծիքով ՀԱԿ-ն ի սկզբանե մահանաներ է բռնել. «Իրենք առաջարկեցին, որ այցը լինի առանց լրագրողների, մենք համաձայնեցինք, որովհետեւ չէին գնալու նկարվելու: Տեսան, որ ամեն ինչին համաձայն ենք, նոր հայտարարություն տարածեցին, ինչը, իմ կարծիքով, մեսիջ է ադրբեջանական մամուլին, իբր քաղաքական վիճակն անկայուն է»: Բաղդասարյանի խոսքով, Հովիկ Աբրահամյանը գովազդի կարիք չունի. «Էդ մարդն ամեն օր այցելություններ է կատարում, ինչի՞ կարիք ունի, կամ որ գնանք, ի՞նչ ենք անելու, փաստաթո՞ւղթ ենք ստորագրելու, աշխա՞րհ ենք շրջելու»: ՀՀԿ խմբակցության ղեկավարի փոխանցմամբ, մյուս բոլոր խմբակցությունները համաձայն են վարչապետի հետ մեկնել, իսկ այցը նախատեսված է այսօր, ուղղաթիռով խումբը կմեկնի Արցախ:



Մնում է պարզել, թե Հովիկ Աբրահամյանի ինչին էր պետք սահման մեկնելու պատրվակի տակ ԱԺ պատվիրակությունների միասնությունը քանդելը:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]