Ձեռք չտաք՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է

Ձեռք չտաք՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է

Վերջին օրերի իրադարձությունները, վերջին օրերի տագնապը, Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի փոփոխությունը, Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, դրան հաջորդած նախագահի հարցազրույցը, քաղաքագետների, վերլուծաբանների եզրահանգումները տեսանելի բեկում են մտցրել մեր կյանքում: Իսկ լրահոսին հետեւելով, հետեւելով հոդվածների, լուրերի տակ արված գրառումներին՝ պարզ է դառնում, որ մեզ համար ղարաբաղյան հակամարտության վերջնական հանգուցալուծումն ամենաէական, նշանակալի ու կենսական անհրաժեշտությունն է, որ տարիներ ի վեր չընդհատվող մղձավանջի նման այն հետապնդում ու ասեղնահարում է մեր գիտակցությունը: Առանց դրա ապագայի վառ տեսլականներն անիմաստ են թվում:




Իր վերջին հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանն ասում է, որ Ալիեւը շատ ժամանակ կրկնում է հայաստանյան ընդդիմադիր դաշտի կողմից հնչեցրած տագնապները. «Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է եւ այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգեւորում է ադրբեջանցիներին: Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին՝ որոշ դեպքերում եւ որոշ հարցերի շուրջ լինել զուսպ: Ես նրանց կոչ չեմ անում մեր դեմ չպայքարել: Ընդդիմությունը նրա համար է, որպեսզի պայքարի իշխանությունների դեմ, բայց երբ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է, երբ սահմաններին կոնֆլիկտների թիվն ավելանում է, հակառակորդին ոգեւորելը լավ բան չէ»: Այս հորդորով նախագահը ինքն իրեն, փաստորեն, մի փոքր դուրս է դնում պատասխանատվությունից, առիթը չկորցնելով սաղավարտ է փնտրում: Բայց, անկախ ամեն ինչից, իր եւ իր իշխանությունների վարած ապաշնորհ կառավարումից հետո, երբ երկիրը հասնում է անկման շեմին, ո՞վ է լինելու պատասխանող կողմը, ումի՞ց պահանջել սոցիալ-տնտեսական, քաղաքական լրջագույն, օրակարգային խնդիրների համար: Գուցե պահանջել դատարկությունի՞ց, փետի՞ց, ա՞յլ պետությունից:
Այս վերջին դեպքերից առաջ էլ մենք երբեք չենք ապրել խաղաղության մեջ, որովհետեւ պատերազմի ներկայությունը միշտ էլ զգացնել է տվել իրեն: Եվ բոլորն էլ քաջ գիտակցել են, որ ոչինչ չի ավարտվել եւ չի ավարտվելու, մինչեւ հակամարտության վերջնական լուծումը: Եվ նախագահը պիտի հասկանա: Քանի դեռ Հայաստանի նախագահն իրոք ինքն է (եւ այդ «ինքի» մեջ, իհարկե, ներառվում է իշխանությունը), միայն իրենից եւ իր թիմից է պահանջվելու երկրում ծագած յուրաքանչյուր խնդրի լուծում, եւ իրենք են կանչվելու պատասխանատվության:




Ասում են՝ համահայկական շարժում է սկսվել, որը նման է 88 թվականի շարժմանը, եւ գուցե պատերազմն առիթ հանդիսանա, համախմբի բոլոր ուժերին, ողջ ազգին (չափազանց տխուր առիթ): Համենայնդեպս, համահայկական շարժում սոցիալական կայքերի շրջանակներից դուրս կարծես թե չի նկատվում: Իսկ Հայաստանի ողջ բնակչությունը դեռ ամբողջությամբ համացանցային տարածության մեջ չի հայտնվել: Դրսում մարդիկ են ապրում` մաքառելով օրվա համար: Եվ այդ մաքառման տաժանակիր ճանապարհին շատ ժամանակ չեն հասցնում մտնել համացանց եւ գոնե տեղեկանալ, որ Հայաստանում, արի ու տես՝ համահայկական շարժում է սկսվել: Նոր պատերազմի հավանականությունը «միավորել» է բոլորին, «ազգային զարթոնք» է, ներքին հարցերի ժամանակները չեն: Եվ այս դեպքում քննադատել նախագահին ու իր «փառապանծ» թիմին, կնշանակի հարվածել պետականությանը, թշնամու ջրաղացին ջուր լցնել, դավաճանել, ապազգայնանալ:




Արամ ՊԱՉՅԱՆ
[email protected]