ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԼՈՒՐ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԼՈՒՐ

Մենք գիտենք, վաղը մեզ նույնն է սպասվում։



Պրիմո Լեւի



Ըստ լրատվական տարբեր աղբյուրների, Իրաքում արդեն մոտ 5 հազար եզդի է սպանվել, կես միլիոն մարդ փախստականի կարգավիճակում է, եւ տարբեր բեմերից որքան էլ բարձր հնչեն դատապարտող ուղերձներն ու սպառնալիքները, եզդիների բնաջնջումը շարունակվում է: Իսլամիստները ողջ-ողջ թաղում են կանանց, երեխաների, գլխատում են նրանց, քշում են Սինջար լեռ, պաշարում են լեռը, սովահարության մատնում հազարավոր մարդկանց: Հայաստանում ապրող եզդիները դուրս են գալիս փողոց, արտահայտում են իրենց բողոքը, կառավարությունից պահանջում են որեւէ օգնություն, ցեղասպանությունը դատապարտող անհապաղ միջամտություններ: Կառավարությունը, որպես օգնություն, 50 հազար դոլար է փոխանցում, սակայն այդ 50 հազար դոլարի ճակատագիրը դեռ պարզ չէ, թե ինչպես է տեղ հասնելու տուժածներին: Եզդիների ազգային կոմիտեն ասում է, որ ՀՀ կառավարությունը հրաժարվում է վիզաներ տրամադրել մարդկանց, ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել Հայաստան:



Գեր եւ ավելի նվազ տերությունների ԱԳՆ-ները մեկը մյուսի ետեւից սկսում են դատապարտումների շքերթը: Ամերիկյան ինքնաթիռներն այս անգամ մարդասիրական թռիչքներով մարդասիրական օգնություն են ցուցաբերում Սինջար լեռան վրա սովամահ լինող մարդկանց: Բնաջնջումը շարունակվում է:



1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունած «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան ցեղասպանություն է համարում` ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով իրականացվող խմբի անդամների սպանությունը, ինչպես նաեւ խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:



Եզդի ժողովուրդը ցեղասպանվում է: Այս ցեղասպանությունը լուսանկարվող առարկայի ամենահստակ պատկերվող կետն է: Բայց լուսանկարվող առարկայի շուրջ թեւածում են այլ բաներ` այլ հակամարտություններ` Ուկրաինա-Ռուսաստան, ԱՄՆ-Ռուսաստան, կիրառվող եւ չկիրառվող պատժամիջոցների ցանկ, շոու-բիզնեսում առկա փոփոխություններ, լրջագույն հարցեր, որոնք մտագոհում են աշխարհում ապրող միլիոնավոր մարդկանց:



Իսկ եզդիները ցեղասպանվում են:



Արդեն ցեղասպանվել են:



Կանցնեն տարիներ, ու Հյուսիսային Իրաքում տեղի ունեցած ցեղասպանության մասին կգրվեն բազմաթիվ գրքեր` վերլուծություններ, մենագրություններ, ակնարկներ: Եվ այդ գրքերում երեւի թե իր հաստատուն տեղը կգտնի այս օրերին կրկնվող նախադասությունը. «21-րդ դարում, աշխարհի աչքի առաջ, տեղի ունեցավ եզդիների ցեղասպանությունը»... նախադասություն, որ, թվում է, պատմության մեջ մնալու համար է ծնվում, իսկ պատմությունից դուրս այլեւս արժեք չունի:



Արամ ՊԱՉՅԱՆ



[email protected]