Ցեղասպանության մասին լռող եկեղեցին

Ցեղասպանության մասին լռող եկեղեցին

Ազատ աստված մեզ ստեղծեց, կասեն կելլան ման կուգան




Միքայել Նալբանդյան



Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանության մասին ահազանգում են լրատվամիջոցներ, հայտնի արվեստագետներ, քաղաքական գործիչներ, մարդիկ, որոնք փորձում են ինչ-որ կերպ օգնել անօթեւան, գոյության համար միայնակ պայքարող մարդկանց: Հանգանակություններ են անում, հավաքում են տեղեկություններ, ոճրագործության մասին իրազեկում են հասարակական կազմակերպություններին, փորձում են ուշադրություն հրավիրել գերտերությունների իշխանություններին: Հայաստանյան իշխանություններից պաշտոնական մեկնաբանություն է հնչում.
«Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների եւ դրա հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով: Որեւէ ազգային եւ կրոնական փոքրամասնության եւ, մասնավորապես, Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, եւ միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի դրանք ժամ առաջ դադարեցնելու, տուժածներին աջակցություն ցուցաբերելու, մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Նախագահ Սարգսյանն այսօր ՀՀ վարչապետի հետ քննարկել է նաեւ Հայաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության նախապես ծրագրված ծավալներն ավելացնելու հարցը… Խնդիրը շարունակելու է մնալ պաշտոնական Երեւանի ուշադրության կենտրոնում, եւ Հայաստանի Հանրապետությունն իր ուժերի չափով հետեւողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին»:
Իսկ ո՞ւր է Հայ առաքելական եկեղեցին: Ոնց որ ձայն չի լսվում: Բա ո՞ւր մնացին քրիստոնեական արժեքները, այլ դավանանքի պատկանող ժողովուրդների հանդեպ սերն ու հոգածությունը, եղբայրության անշեջ, տաք զգացողությունները: Կարծես եկեղեցին այդքան էլ աղքատ չի, համենայնդեպս, կարողություններ ու միջոցներ կունենա քայլեր ձեռնարկելու, նեցուկ լինելու եզդի ժողովրդին: Այս լռությունն ինչո՞վ է պայմանավորված: Շատ ժամանակ Հայ առաքելական եկեղեցու գործիչները տարբեր բեմերից կոչեր են անում, տագնապ են բարձրացնում, քննադատում են ռոք երաժշտությունը, աղանդների գործունեությունն ու տարածումը, ազգային ու կրոնական բարքեր են քարոզում: Անում են այն, ինչ հարմար է իրենց տվյալ պահին, տվյալ իրավիճակից ելնելով: Իսկ իրավիճակը եզդիների բնաջնջումն է:




Արամ ՊԱՉՅԱՆ
[email protected]