ԼՈԹԻ ԵՎ ՓՈԹԻ

ԼՈԹԻ ԵՎ ՓՈԹԻ

Երեւանի պատմությունից. «…Երեւանի ներքին կյանքը միանգամայն անապահով էր, հասարակության ապադասակարգային տարրերը՝ այսպես կոչված լոթիները, խուլիգանական բանդաներ կազմած, գիշերվա պահին ցրվում էին քաղաքով մեկ եւ մինչեւ լույս ահ ու սարսափի մեջ պահում քաղաքացիներին»։ «Նկարագրելով իրեն օգտակար որեւէ զբաղմունքի նվիրած դասերին, պետք է հիշատակել նաեւ մարդկանց մի հատուկ դասակարգի մասին, որն իր համար արհեստ է ընտրել ոչինչ չանելը։ Նրանք կոչվում են լոթի, բառացի՝ խեղկատակ։ Լոթիներն ամբողջ ցերեկը քնում են, արթնանում են երեկոյան, հավաքվում եւ զբաղվում հարբեցողությամբ ու զանազան անառակություններով։ Երբ լոթու մոտ փող չի լինում, նա վճռում է ամեն բան անել, սպանությունն ու թալանը նրա համար ոչինչ են։ Ամռանը Երեւան լոթիներ են գալիս Խոյից ու Պարսկաստանի այլ քաղաքներից, եւ այդ ժամանակ նրանց էին վերագրում քաղաքում տեղի ունեցող բոլոր անկարգությունները։ Սրանք սովորաբար թաքնվում էին Կզըլ-կալա արվարձանի այգիներում եւ երեկոյից իրար ազդանշաններ էին տալիս ականջ ծակող սուլոցով, որը գիշերային լռության մեջ հնչում էր ամբողջ քաղաքում եւ տհաճ տպավորություն թողնում խաղաղ բնակիչների վրա…»:



Լոթի-փոթիների՝ այս ինքնահռչակ կամ հռչակավոր դասակարգի ոդիսականը, իհարկե, շարունակվում է: Քաղաքում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել նրանց, մեծ մեքենաների մեջ, մեծ տներում, ճաշի ֆանտասմագորիկ սեղանների շուրջ, կուսակցությունների եւ խմբավորումների անկյուններում, սրճարաններում, ակումբներում, փաբերում, սոցկայքերում, բլոգներում, փիլիսոփայական ու անտիփիլիսոփայական զրույցներում, էքզիստենցիալ թախիծներում ու գեդոնիստական կայֆերում:



Լոթի-փոթիների համար ոչինչ չանելն արդեն իսկ ամեն ինչ է:



Ուրիշներից նրանք պահանջում են գործողություններ իրենց փոխարեն: Այդ մեծ պահանջարկ ունեցող պահանջված գործողությունները նրանց պատկերացումներն են գործողությունների մասին:



Լոթի-փոթիներն ամենատառապած հայերն են: Ստիպված են առավոտյան արթնանալ, հագնվել, սրճել, գնալ աշխատանքի, հետո ինչ-որ տեղ վայր ընկնել, շունչ քաշել ու սկսել անվերջ, առանց դադարի լոթել ու փոթել. պահանջել պատկերացրած երկիր, քաղաքականություն, քաղաքացիականություն, հեղափոխություն, ղեկավարման համակարգ, մամուլ, արվեստ: Պահանջել պատկերացրած քաղաքավարություն, հարմարություններ, բնավորության գծեր, հակումներ, բարդույթներ, ազատություններ, անգամ փողոցային կատուներ, որոնք հեչ չեն տեղավորվում իրենց պատկերացումների շրջանակում, որովհետեւ գուցե փողոցային այդ կատուները սպասվածից քիչ ավելի քոսոտ են կամ պոչատված, եւ նրանց մլավոցները քիչ ավելի զվարթախիտ են:



Եվ ահա, օրվա մեջ չես էլ հասցնում հասկանալ, թե ինչպես քո ձախ կողմում հայտնվեց երեւանյան պատմական Լոթին, իսկ աջ կողմում հարմար տեղավորվեց նրա հավատարիմ, անբաժան ընկերը՝ Փոթին… ու չես էլ հասցնում զգալ, թե այդ երբ վերջնականապես տերաքուն եղավ նախ ձախ ականջդ, հետո, իհարկե՝ աջ… չես էլ հասցնում ըմբռնել՝ ինչպես վերացավ, խախտվեց, խշրտվեց, փլփլվեց, բեկորվեց, քայքայվեց, լեսվեց, մանրվեց, տապակվեց քո իրականությունը: Սրանից հետո մնում է ընդամենը մի միտք… Հենց հիմա ինչպե՞ս պոկվել, ինչպե՞ս ազատագրվել միջեւից, ինչպե՞ս ճղել Լոթիի եւ Փոթիի արանքը:



Արամ ՊԱՉՅԱՆ