Փորձագրություն Վիքիպեդիայում

Փորձագրություն Վիքիպեդիայում

Ես ստիպված եմ օգտվել Վիքիպեդիայից արթրիտի պատճառով



Ումբերտո Էկո



Վերջերս Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում իմ որոշակի գործողությունների սահմանման համար ավելի լավ ձեւակերպում չգտա, քան «փորձագրություն» բառը: Անշուշտ, հայերեն Վիքիպեդիան աշխուժացնելու եւ հոդվածների քանակն ավելացնելու համար «Մեկ հայ, մեկ հոդված» համահայկական նախագիծը որոշակի ազդեցություն ունեցավ, որը նորից հիշեցում էր հայերեն հանրագիտարանային հոդվածների քանակի եւ, միանշանակ, դրանց որակի խիստ անհրաժեշտության մասին:



Հայերեն Վիքիպեդիայում կարճ շրջայցից հետո համարյա բոլոր թերությունները նկատվում են… Առանց աղբյուրի կիսատ թողած հոդվածներ, սրբագրական սխալներ, ինքնամեծարանքներ, ճառեր, անհիմնավորվածություն, անճշգրիտ ծանուցումներ, ապատեղեկատվություն, կողմնակալություն, երեւակայական թռիչքներ, արտաքին հղումների բացակայություն: Եվ այս ամենը հետեւողականորեն պահպանվում է google-ի գիտակցության մեջ, ու ամեն վայրկյան հոդվածներում հիմնարար ձեւով ամրագրված սխալները կարող են տարածում գտնել այլ վայրերում, մինչեւ դրանց բացահայտումն ու ուղղումը: Բայց արդեն քիչ չեն նաեւ անթերի, Վիքիպեդիայի բոլոր կանոններին համապատասխանող հոդվածները, որոնք մեծ հաճույքով եւ մատչելիությամբ են ընթերցվում:



Վիքիդեպիա ազատ հանրագիտարանը գնալով նոր տարածություններ է զավթում, պատրաստում քույր-նախագծեր: Եթե հոդվածներ գրելը ձեզ դուր չի գալիս, կարող եք ընտրել այս նախագծերից մեկը (Վիքիբառարան - ազատ բառարանի նախագիծ, Վիքիգրքեր - ազատ դասագրքեր եւ ուսումնական ձեռնարկներ, Վիքիքաղվածք - քաղվածքների հավաքածու, Վիքիդարան - ազատ տեքստերի գրադարան, Վիքիպահեստ - մեդիաֆայլերի շտեմարան, Վիքիլուրեր - ազատ նորություններ, Վիքիցեղեր - ցեղատեսակների տեղեկատու, Վիքիլսարան - ազատ ուսումնական նյութեր, Մետա-վիքի - Վիքիմեդիայի նախագծերի կոորդինացում) եւ աշխատել այնտեղ ըստ տրամադրության: Ծրագրային անփորձությունը կարծես ոչ մի կերպ չի խանգարում սկսնակներին՝ ուղղել հոդվածներում առկա կոպիտ սխալները, գտնել եւ տեղադրել նոր աղբյուրներ, ավելացնել փոքրիկ, հավաստի տեղեկություններ:



Այսպիսով, Վիքիպեդիա ազատ հանրագիտարանը լայն հնարավորություններ է ընձեռում ակտիվ կերպով մասնակցություն ցուցաբերելու իր այս կամ այն նախագծին: Նույնիսկ օրվա մեջ մի քանի րոպե աշխատանքը լավ արդյունք է տալիս եւ կարգավորում հայերեն Վիքիպեդիայի թերավարտությունը:



Արամ ՊԱՉՅԱՆ



[email protected]