ՄԱԿ-ի գերագույն ասամբլեայի նիստին Մարգվելաշվիլին չի լինի

ՄԱԿ-ի գերագույն ասամբլեայի նիստին Մարգվելաշվիլին չի լինի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի այցը ԱՄՆ տապալվել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, նախագահը հայտարարել է այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում:



«Իմ այցը ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նիստին խափանվել է… Այսօր առավոտյան ինձ հայտնի է դարձել, որ լուրջ աշխատանք է տարվել՝ այդ այցը տապալելու համար»,- ասել է Մարգվելաշվիլին:



Նրա խոսքով՝ քայլեր են ձեռնարկվել նախագահի ինստիտուտի դեմ, ինչի արդյունքում չեղյալ են հայտարարվել մի շարք միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեին նրա՝ ԱՄՆ այցի ընթացքում:



«Այդ քայլերը ձեռնարկվել են ոչ թե ելնելով պետական շահերից, այլ գերատեսչական հակասությունների պատճառով: Եթե մենք գնանք այդ ճանապարհով և փորձենք մենաշնորհ հաստատել որևէ ինստիտուտի նկատմամբ, մենք կստանանք այն, ինչ մեզ դուր չէր գալիս Սաակաշվիլիի իշխանությունում»,- ասել է նախագահը:



Հիշեցնենք, ավելի վաղ կառավարությունը որոշել էր ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեա ուղարկել վարչապետին: ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում կոնֆերանսի մասնակցելու հրավեր ստացել էր նաև նախագահը, սակայն կառավարությունը երկար ժամանակ փորձում էր համոզել նրան, որ ԱՄՆ պետք է մեկնի մեկ պատվիրակություն՝ պատճառաբանելով, որ երկու պատվիրակությունների այցը «լուրջ հարված կհասցնի Վրաստանի հեղինակությանը»: Մինչդեռ Վրաստանի նախագահը մինչև վերջին պահը պնդում էր իր՝ ԱՄՆ մեկնելու անհրաժեշտությունը:



Այսօր՝ ավելի վաղ, Վրաստանի նախագահին ուղղված քննադատությամբ ելույթ էր ունեցել երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որը, որպես միջնորդ դատավոր, վեճը լուծել էր հօգուտ իրեն հաջորդած Ղարիբաշվիլիի: Նա նշել էր, որ Մարգվելաշվիլին հանձին երկրի կառավարության տեսնում է հակառակորդի և փորձում է խանգարել նրա աշխատանքներին: