Տիկին Նաղդալյանը հարգում է յուրաքանչյուրի ազատ արտահայտվելու «կամֆորտնըսծը»

Տիկին Նաղդալյանը հարգում է յուրաքանչյուրի ազատ արտահայտվելու «կամֆորտնըսծը»

Երեկ Ազգային ժողովում կրկին հայ-ռուսական բարեկամության օր էր. տեղի ունեցավ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստը: Սա այն ակումբն է, որն այդքան քննադատվեց ստեղծման օրվանից, եւ այդ քննադատությունը գագաթնակետին հասավ հունիսին, երբ նույն ակումբի հերթական նիստին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել «Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը: Վերջինս ռուսերենի շահերն էր պաշտպանում եւ բողոքում էր տաքսիստից, ով ռուսերեն չգիտեր: Մարդկանց վրդովվեցրել էր նաեւ այն, որ Կիսելյովն ԱԺ բակ էր մուտք գործել ամերիկյան Hummer-ով:



Այս անգամ նիստն ավելի մեղմ մթնոլորտում անցավ, քանզի նրա փոխարեն ակումբի հյուրն էր ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Վերջինս ավելի զուսպ գտնվեց եւ հայերին դասեր տալու փորձեր չարեց: Իսկ ռուսաց լեզվի պրոպագանդան բավարարվեց «որքան լեզու գիտես, այնքան մարդ ես» գաղափարի շրջանակներում: Բացի այդ, ռուս հերթական գործիչն ԱԺ էր ժամանել ոչ թե Hummer-ով, այլ դեսպանատան կարմիր համարներով սև Lexus-ով, որը, սակայն, կրկին հանգրվանել էր ԱԺ բակում՝ հենց մուտքի դիմաց:



Առհասարակ, այս անգամվա հանդիպումը կարելի է համարել նախորդի սխալների ուղղում, քանզի ակնհայտ զգացվում էր, որ հանդիպմանը ներկա հայ պատգամավորներն ավելի ձգված էին ու զգուշավոր հատկապես լեզվի հարցում: Բոլորը, բացի Թեւան Պողոսյանից եւ Հերմինե Նաղդալյանից, ով վարում էր հանդիպումը, ելույթ էին ունենում հայերենով:
Հանդիպմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Աճեմյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Արմեն Կարապետյանը, ինչպես նաեւ Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը, «Համով զրույցի» հեղինակ եւ վարող Զառա Արամյանը եւ այլք:
Նաղդալյանն իր խոսքը սկսեց հայերենով, որովհետեւ «մենք չպետք է խախտենք լեզվի մասին օրենքը», ապա իր ասածը ռուսերեն թարգմանեց հատուկ Շվիդկոյի համար, հետո, մոռանալով իր մատնանշած օրենքը, անցավ ռուսերենին: Շվիդկոյն էլ, որպեսզի ցույց տա, որ մեր լեզվի նկատմամբ անտարբեր չէ, փորձեց մի քանի հայերեն բառեր արտաբերել՝ «բարեւ ձեզ», «ջուր չկա», վերջում էլ՝ «շնորհակալություն»: Նաղդալյանը տեղեկացրեց, որ հանդիպմանը ներկա է նաեւ թարգմանիչ, սակայն մի որոշ ժամանակ անց թարգմանչուհին «անհետացավ»՝ հավանաբար մտածելով, որ իր կարիքը չկա: Նրա դերը փորձեց ստանձնել Զառա Արամյանը, ով ռուսերենի մասնագետ է: Նա էլ, տեսնելով, որ քաղաքական թեմաներ են շոշափվում, օգնություն խնդրեց Արամ Սաֆարյանից, որպեսզի քաղաքական նուրբ հարցերում հանկարծ սխալ չթարգմանի: Ուշագրավ է, որ Թեւան Պողոսյանը թեեւ խոսում էր ռուսերեն, բայց շատ սուր քննադատության ենթարկեց Պուտինի ներկայացուցչին: Իսկ մինչ այդ ելույթ ունեցավ ռուսական քաղաքական դաշտի ամենահետաքրքիր դեմքերից մեկը՝ իր մտավորական կեցվածքով հայտնի Շվիդկոյը, ով շեշտը դրեց այն բանի վրա, որ եթե մարդիկ ուզում են տնտեսական գործունեություն ծավալել Ռուսաստանի հետ, պետք է սովորեն ռուսերեն, որովհետեւ, երբ խոսում ես գործընկերոջդ մայրենի լեզվով, դա մեծ առավելություն է գործի հաջողության մեջ: «Եթե հայերը տեսնեն, որ կյանքում ռուսերենին տիրապետելը նաեւ նպաստում է, որ նրանք հաջողությամբ իրացվեն իրենց կյանքում, նրանք կսկսեն սովորել ռուսերեն: Երբ աշխատանքի են ընդունվում, հասկանալի է, որ մարդը գիտի անգլերեն, բայց եթե նա նաեւ գիտի ռուսերեն, դա առավելություն է»,-ասաց նա: Նշեց, որ ինքը չի սիրում, երբ ասում են՝ հայերն ու ռուսները միասին են, որովհետեւ այլընտրանք չունեն: «Հակառակը, մենք միասին ենք, որովհետեւ ունենք ընտրություն` ընտրել միմյանց, եւ այդ ընտրությունը պայմանավորված է մեր ժողովուրդների պատմական, մշակութային անցյալով»,-նկատեց նա:



Թեւան Պողոսյանը Շվիդկոյին հիշեցրեց Կիսելյովի այցն ու աղմկահարույց հայտարարությունները նույն թեմայով, հետո նշեց նրա եւ Կիսելյովի տարբերությունները: «Լսելով Ձեզ՝ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե Կիսելյովից հետո Դուք Ռուսաստանի soft power ներկայացուցիչն եք: Գաղափարը նույնն է՝ Դուք խոսում եք ռուսերեն լեզվի մասին: Տարբերությունն այն է, որ նա մեծ քլունգով էր եկել, իսկ Դուք ավելի մեղմ եք ասում: Որպեսզի ես սովորեմ մաթեմատիկա կամ ֆիզիկա, պետք է այն սովորեմ նախ հայերենով, որպեսզի դառնամ լավ մասնագետ: Իսկ ռուսերենն ինձ միայն կարող է օգնել մի քանի գիրք մաթեմատիկայի կամ ֆիզիկայի մասին ավել կարդալու հարցում, որոնք կհարստացնեն իմ գիտելիքները: Ես վստահ եմ, որ եթե Դուք հարցը շեշտեք այս տեսանկյունից, ոչ թե ճնշեք՝ լեզուն, լեզուն, լեզուն, երկկողմ հարաբերություններն ավելի հեշտ կընկալվեն ու կզարգանան»,- նշեց նա: Այնուհետեւ Թեւան Պողոսյանը հիշեցրեց զենքի վաճառքն Ադրբեջանին եւ ընդհանրապես սիրախաղերն Ադրբեջանի հետ:



Օրակարգով նախատեսված էր նաեւ լրագրողների հետ հարցուպատասխան, որի ժամանակ «Բլոգնյուզի» խմբագիր Կոստանտին Տեր-Նակալյանն անդրադարձավ ռուսաստանցի հյուրի մեքենայի՝ ԱԺ բակում հայտնվելու հարցին: Ընդամենը րոպեներ անց լրագրողին մոտեցան ԱԺ արարողակարգի 2 աշխատակիցներ եւ խնդրեցին իջնել ներքեւ, որպեսզի ցույց տան մեքենան եւ բացատրեն, թե ինչու է այն հայտնվել ԱԺ բակում: Ըստ նրանց՝ դա մտնում է արարողակարգի մեջ եւ թույլատրելի է, քանի որ դեսպանատան մեքենա է, եւ այլն:



Հանդիպումից հետո Հերմինե Նաղդալյանը մեզ հետ զրույցում խոսեց «Լեզվի մասին» օրենքի եւ հայերեն-ռուսերեն խոսելու մասին: «Էսպիսի տեղերում ես ընդունում եւ հարգում եմ յուրաքանչյուրի իրավունքը եւ յուրաքանչյուրի «կամֆորտնըսծը» ազատ արտահայտվելու, բայց ես թիթիզություն չեմ սիրում, ճիշտը որ ասեմ՝ ես չեմ համարում, որ դրա տեղն է»,-ասաց նա:
Զրուցեցինք նաեւ «Համով զրույցի» Զառայի հետ, ով ասաց, որ ինքն առաջին անգամ է մասնակցում հանդիպմանը, այդ ակումբի անդամ է, եւ իրեն հրավիրել է ակումբի ղեկավար Արգինե Թումանյանը, որովհետեւ. «Ըստ երեւույթին, հաշվի առնելով, ի վերջո, իմ կարմիր դիպլոմը ԵՊՀ ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետի եւ հաշվի առնելով նաեւ այն, որ ռուսերենի լավ մասնագետ եմ: Իմ համաձայնության պատճառն էլ ռուսերենի օգտագործելն էր, որը ես երկար տարիներ չեմ օգտագործել, որպեսզի չբորբոսնի»: