ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Լոս Անջելես

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Լոս Անջելես

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Լոս Անջելես:
Միացյալ նահանգներում ՀՀ դեսպանի և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդների, հայկական կազմակերպությունների ղեկավարների և անդամների` ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվեց Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, հայ-ամերիկյան հարաբերություններին, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը և ամերիկահայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակ:



Նույն օրը՝ երեկոյան, դեսպան Սարգսյանի, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովի, ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, համայնքային կառույցների ղեկավարների, հասարակական-քաղաքական, կրոնական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների, Լոս Անջելեսում հավատարմագրված դիվանագետների և բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում:
Իր խոսքում դեսպան Սարգսյանը ներկաներին շնորհավորեց Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Նա նշեց, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության կերտումը ոգեշնչվեց և ոգեպես սնուցվեց 1918-1920թթ. մեր առաջին հանրապետությունից: Դեսպանը շեշտեց, որ չլինեին այդ հերոսական տարիները, չէր լինի նաև այսօրվա անկախությունը: Չլիներ մեր նախնինների զոհողությունը, որոնք արյան և անասելի զրկանքների գնով պահպանեցին մեր հայրենի երկրի այդ հողակտորը, հնարավոր չէին լինի նաև այսօրվա նվաճումները:



Դեսպան Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանի անկախության ուղին հարթ չի ընթացել: Սակայն Հայաստանը մշտապես հաստատակամ է եղել շուկայական տնտեսության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա հիմնված ժողովրդավարական պետության կառուցման գործում: «Այս առումով առանցքային նշանակություն ունի Միացյալ նահանգների կողմից տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը, և մենք երախտապարտ են ամերիկյան կառավարությանը մշտապես Հայաստանի կողքին լինելու համար», - նշեց դեսպանը:
Տիգրան Սարգսյանը նաև բարձր գնահատեց Սփյուռքի դերակատարությունը հայոց պետականության կերտման գործընթացում. «Անուրանալի է հատկապես Ամերիկայում ապրող մեր հայրեկանիցների դերն ու նշանակությունը մեր ունեցած բոլոր հաղթանակներում ու նվաճումներում: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորը երախտագիտության խոսքեր հայտնել Ձեզ և կոչ անել մշտապես կանգնել Հայաստան պետության կողքին և էլ ավելի ընդլայնել Ձեր մասնակցությունն ու ներդրումը հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում: Մենք համոզված ենք, որ մեր գործն արդար է, և Հայաստանի և Սփյուռքի համատեղ ու համակարգված ջանքերով կկարողանանք հաջողությամբ հաղթահարել բոլոր մարտահրավերները և առավել հզորացնել մեր հայրենիքը»,- ընդգծեց դեսպան Սարգսյանը:



Այցի շրջանակներում դեսպան Սարգսյանը հանդիպեց նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանի հետ: Կոնգրեսական Շերմանը շնորհավորեց դեսպան Սարգսյանին՝ ԱՄՆ-ում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ վերահաստատելով իր հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ շարունակելու իր սերտ համագործակցությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ:
Կողմերը քննարկեցին Կոնգրեսի Հայաստանի հարցերով խմբի օրակարգի լայն շրջանակ, ինչպես նաև մտքեր փոխանակեցին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, արցախյան հիմնախնդրի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգության հարցերի շուրջ: