Խորհրդարանական մոդելը՝ տապալման վտանգի առջև

Խորհրդարանական մոդելը՝ տապալման վտանգի առջև

Հրաշալի եռյակի համար իսկական փորձության շրջանը դեռ առջեւում է, երբ կբացահայտվի, թե եռյակի որ ուժն է պատրաստ մինչեւ վերջ հավատարիմ մնալ իր խոսքին եւ բոյկոտել սահմանադրական փոփոխությունները, իսկ որը կտրվի իշխանության գայթակղություններին եւ կհրաժարվի նոր Սահմանադրությունը կամ, իրենց ձեւակերպմամբ՝ Սերժ Սարգսյանի ցմահ իշխանության մասին փաստաթուղթը վիժեցնելու գործից: Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 15-ին, կհրապարակվի ոչ իշխանականներին փողոց հանած սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերջնական տարբերակը, սակայն դրանով ամեն ինչ դեռ ավարտված չէ, քանի որ սահմանադրական փոփոխությունների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովի անդամները մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ երկրի կառավարման մոդելի ընտրությունը կամրագրվի նոր փաստաթղթում, եթե հարցի վերաբերյալ լինի քաղաքական ուժերի մեծ մասի համաձայնությունը: Սա նաեւ Վենետիկի հանձնաժողովի պահանջն է, որի հետ շաբաթներ առաջ մեր հանձնաժողովականները քննարկել են նախնական հայեցակարգը, եւ կրկին հիշեցվել է կոնսենսուսի մասին: Հայեցակարգի վերջնական տարբերակի հրապարակումից հետո քաղաքական բոլոր ուժերի հետ նորից քննարկում կկազմակերպվի, եւ միայն կոնսենսուսի դեպքում այն կդրվի հանրաքվեի: Հիմա փաստն այն է, որ այդ մոդելն ընդունելի չէ խորհրդարանական առնվազն 3 ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համար, ՀՅԴ-ն սպասում է իշխանության պատասխանին, ու եթե իրենց առաջարկները չընդունվեն, նրանք նորից կհայտնվեն եռյակի կողքին: Պարզ ասած, կան բոլոր ռեալ շանսերը՝ տապալելու հավերժ իշխանության մնալու ՀՀԿ-ի, ծրագիրը: «Միայն վերջնական քննարկումները ցույց կտան, թե ինչ պետք է արվի՝ ընդունվի՞ այդ մոդելը, թե՞ որոշակի փոփոխությունների ենթարկվի»,- մեզ հետ զրույցում նշեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը: Նա տեղեկացրեց, որ Վենետիկի հանձնաժողովը հայեցակարգում առաջարկվող խորհրդարանական մոդելի վերաբերյալ առարկություններ չի ներկայացրել. «Բայց իրենց դիրքորոշումն այն է, որ խնդիրն իսկապես քաղաքական խորը ենթատեքստ ունի եւ պետք է մտնի շրջանառության մեջ միայն քաղաքական փոխհամաձայնության դեպքում»:



Սակայն հայտնի է, որ եռյակը կատեգորիկ դեմ է այդ փոփոխություններին եւ հատկապես կառավարման այդ մոդելին, եւ, ուրեմն, կարելի՞ է այդ մոդելը տապալված համարել: «Իհարկե՝ ոչ, պետք է տեսնել, թե նրանք ինչ դիրքորոշումներ ունեն, գուցե մի դեպքում ոչ միանշանակ դիրքորոշում ունենան, մյուս դեպքում՝ ինչ-որ վերապահումներ, հիմա, այս պահին դատողություններ անելը չափազանց դժվար է, եւ կանխատեսել, թե զարգացումները կոնկրետ ինչ ուղղությամբ կգնան, նույնպես դժվար է,- ասաց Դանիելյանը եւ հիշեց:- Նույն այդ ուժերը տարբեր տարիների իրենց քաղաքական ծրագրերում այդ մոդելի վերաբերյալ ունեցել են հստակ կողմ դիրքորոշումը, հիմա պետք է նայել՝ գուցե նորից փոխեն, ինչ-որ առաջարկներ արվեն»: Հիշեցնենք, որ «Սահմանադրական բարեփոխումներ՝ թեր եւ դեմ» թեմայով «Ժառանգության» նախաձեռնած կոնֆերանսի ավարտին, շաբաթներ առաջ, Դանիելյանը մեզ հետ զրույցում նկատել էր, որ սկզբունքորեն բոլորը դեմ չեն, եւ կան որոշակի առարկություններ, իսկ դա չի կարող կառավարման մոդելի հաստատման հարցում խոչընդոտ դառնալ: Օրինակ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը այդ օրն առաջարկ հնչեցրեց ընդդիմությանը վերահսկողական լծակներ շնորհել, որից հետո իրենք բովանդակային քննարկման մեջ կմտնեն (ի դեպ, առաջարկը քաղաքական որոշ շրջանակների կողմից դիտարկվեց գործարքի գնալու պատրաստակամություն), ՕԵԿ-ը նույնպես կատեգորիկ դեմ չէ, Դաշնակցությունն ի սկզբանե է կողմ: Բոլորին գործարքի մեջ կասկածող ԲՀԿ-ականների ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում նույնպես տեղ է թողել՝ «չանլրջանալու», ասել է՝ կհրապարակվի հայեցակարգը, կխոսենք:



«ՀՀԿ-ն որքա՞ն է պատրաստ զիջել՝ իշխանությունը լրիվ չկորցնելու համար» մեր հարցադրումը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղին չի համարում՝ ակնարկելով, որ ընդդիմությունն էլ չգիտի, թե ինչ է ուզում եւ կարող է վաղն ինչ-ինչ հանգամանքներում այլ բան ցանկանա. «Մեր հրաշալի քառյակն սկզբում 12 կետերից էր խոսում, հետո բերեց լրիվ այլ հարցի շուրջ բանակցությունների, կամ, չգիտես ինչի, հիմա դուք հարցնում եք զիջումների մասին… Նախ, մենք մեր ազգի մեջ մեկս մյուսին որեւէ բան զիջելու խնդիր չունենք, մենք կարող ենք քննարկել հարցերը եւ գտնել դրանց լուծման օպտիմալ ճանապարհներ, բայց դրանք պետք է լինեն պատճառաբանված եւ տրամաբանված, ոչ թե հարթակներից հայհոյելով»: Սահակյանն առաջարկում է հիմնավորել իրենց դեմ դիրքորոշումը եւ փոփոխությունների վերաբերյալ կետառկետ առաջարկներ ներկայացնել ու քննարկման նստել:
Ավելին՝ ըստ նրա, կոնսենսուս այս հարցի վերաբերյալ կա քաղաքական «շատ ուժերի» միջեւ, ուստի հորդորում է «դեմ» արտահայտվողներին վերջնագրերի լեզվով չխոսել: Մեր դիտարկմանը, թե փաստ է, որ խորհրդարանական թվով երկրորդ մեծության ուժը ու եւս երկուսը հիմա դեմ են այդ մոդելին՝ համարելով այն ՀՀԿ-ի վերարտադրության ծրագիր, եւ առաջարկում են 4 տարի անց անցնել դրան, Սահակյանն արձագանքեց. «Դա ամենաանհեթեթ բացատրությունն է, աշխարհի որեւէ երկրում դուք չեք գտնի, որ նման օրենքներով կամ սահմանադրությամբ կետ ամրագրեն, համաձայն որի՝ նախագահն իր պաշտոնավարման ժամկետից հետո իրավունք չունի այլ պաշտոն զբաղեցնել, գուցե իրենք օրե՞նք գրեն, որ Սերժ Սարգսյանը չընտրվի ԱԺ նախագահ կամ ՀՀԿ ղեկավար»: Սահակյանի կարծիքով, միայն հիմնավորումը, որ մոդելը նպաստելու է իշխանության վերարտադրությանը, «նեղ հատվածական շահեր է հետապնդում»:



«Իսկ նման շահեր հետապնդել մի ժամանակ, երբ խորը նայենք, կտեսնենք, թե ինչ է կատարվում. ընդամենը մեր քթի տակ՝ Թուրքիա-Սիրիա սահմանում ինչ է կատարվում Ուկրաինայի ճգնաժամի շուրջ, եւ ինչ կարող է լինել այդ երկուսի համադրությամբ մեզ համար: Հենց սրա մասին պետք է մտածեն հարթակներից ճոռոմ-ճոռոմ խոսացող մարդիկ»: