«Սուպեր մամայի» պրեմիերան՝ Պուտինի ծննդյան օրը

«Սուպեր մամայի» պրեմիերան՝ Պուտինի ծննդյան օրը

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Սուպեր մամա» ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորներն են Վահագն Խաչատրյանն ու Արման Մարությանը («Ալաբալանիցա» ֆիլմի ռեժիսորները)։ Ֆիլմը ռոմանտիկ կատակերգություն է Հայկ Մարությանի, Գարիկ Պապոյանի, Լեւոն Հարությունյանի, Անի Խաչիկյանի, Անդրանիկ Հարությունյանի, Ռաֆայել Երանոսյանի, Արմինե Պողոսյանի մասնակցությամբ։ Ֆիլմի սցենարի հեղինակներն են Վարդան Զադոյանը եւ Հայկ Մարությանը, ով հանդիսանում է նաեւ ֆիլմի պրոդյուսերը։ Ֆիլմի բյուջեն կազմել է 250 հազար դոլար, թեեւ նկարահանումները տեւել են 45 օր, բայց ֆիլմի վրա ստեղծագործական թիմն աշխատել է մոտ մեկ տարի։
Խոսելով ֆիլմի մեսիջի մասին՝ Հայկը նշեց, որ փորձել են հումորի միջոցով բացել մի պրոբլեմ եւ տալ դրա լուծումը։ կինոնկարում Հայկը մարմնավորում է միանգամից 2 կերպար՝ կնոջ եւ տղամարդու․ «Կնոջ կերպարը դժվար է մարմնավորել, բայց ես արդեն մի փոքր ճանապարհ անցել էի «Կարգին հաղորդման» ժամանակ»։ Հարց հնչեց նաեւ, թե Մկոյին համապատասխան դեր չկա՞ր ֆիլմում, ինչին Հայկը պատասխանեց, որ բոլոր դերերը բաժանվել են ըստ դերասանների, եւ կոնկրետ այստեղ Մկոյին համապատասխան դեր չի եղել, եթե ապագայում լինի՝ կառաջարկեն։



Չնայած Հայկ Մարությանը նշեց, որ ֆիլմը կապ չունի համաշխարհային էկրանում ցուցադրված «Ջազում միայն աղջիկներն են», «Թութսի» եւ նմանատիպ այլ ֆիլմերի հետ, որտեղ տղամարդը կնոջ կերպարով է հանդես գալիս, այնուամենայնիվ, որոշ նմանություններ ունի Դասթին Հոֆմանի մասնակցությամբ հանրաճանաչ «Թութսի» ֆիլմի հետ, ինչը չվրիպեց նաեւ հանդիսատեսի աչքից։ Բայց անգամ այդ նմանությունը չխանգարեց ֆիլմն ընդունել, սիրել, ինչի մասին խոսում էին նաեւ ֆիլմն ընդմիջող հանդիսատեսի ծափահարությունները։



Բեմից Հայկ Մարությանն իրեն հատուկ հումորով նշեց, որ պրեմիերայի օրը պատահական չի ընտրվել, հոկտեմբերի 7-ը Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է, ապա ողջունեց դահլիճում նստած բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին եւ հավելեց ՝ «ՕԵԿ-ից մարդ կա՞…»։ Ծիծաղից եւ հումորից բացի, նաեւ թեթեւ քաղաքական երանգներ կային ֆիլմում, ինչպես, օրինակ, «Օսիպյանի» անունը, ում անձն արդեն նույնացվում է մարդկանց «ցրելու» գործի հետ, «Մենուա» անունը, որպես քծնանքի համընդհանուր ճանաչելի սիմվոլ, լսելուն պես շարքերում նստած տղամարդիկ իրար անցան․ «Ջոգեցի՞ք ինչ անուն ա ընտրել…»։ Ֆիլմի ավարտից հետո շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Հայկ Մարությանը նաեւ հավելեց՝ հավերժ են հումորը, սերը եւ Սյունիքի մարզպետը։



ՀԳ. Ասուլիսից հետո շատ լրագրողներ չմնացին ֆիլմի դիտմանը, պատճառն այն էր, որ կազմակերպիչները ոչ միայն հրավիրատոմսեր չէին նախատեսել ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար, այլեւ վերջին պահին ավելացրած աթոռները պատի տակ էին շարել, ինչն անհարմարությունից բացի, նաեւ լրատվամիջոցների հանդեպ վերաբերմունքի հարց է։ Ֆիլմ նկարելը, փաստորեն, գործի կեսն է, հարկավոր է նաեւ այս նրբություններից գլուխ հանել։