Զգուշացե՛ք, Ազգային ժողովում գողեր կան

Զգուշացե՛ք, Ազգային ժողովում գողեր կան

Երկու օր առաջ Ազգային ժողովի տարածքում անհետացել է լրագրողներից մեկի հեռախոսը: Նա այն թողել էր թիվ 334 նիստերի դահլիճի նախասրահի պատուհանագոգին, մի պահ հեռանալուց հետո վերադարձել է ու պարզել, որ հեռախոսը չկա: Դրանից հետո համարը դարձել է անհասանելի: Սա նշանակում է, որ հեռախոսը վերցնողը որոշել է այն չվերադարձնել տիրոջը, պարզ ասած՝ գողանալ: Լրագրողը դիմել է ԱԺ անվտանգության ծառայությանը՝ խնդրելով ԱԺ շենքում տեղադրված տեսախցիկների միջոցով կամ այլ կերպ փորձել հայտնաբերել գողին, սակայն անվտանգության պետն ասել է, որ տվյալ հատվածում տեսախցիկներ չկան, իսկ իրենք էլ չեն կարող բոլորին հատ-հատ ստուգել: Ստացվում է, որ երկրի օրենսդիր մարմնից օրը ցերեկով կարող են գողություն անել եւ, չնայած բազմաթիվ տեսախցիկներին ու անվտանգության աշխատակիցներին, հնարավոր չլինի հայտնաբերել:



Փաստորեն, ճիշտ են այն մարդիկ, ովքեր պնդում են, որ ԱԺ տեսախցիկները բացառապես լրտեսություն անելու եւ մարդկանց մասին քաղաքական նկատառումներով ինֆորմացիա հավաքելու համար են տեղադրվել: Իսկ վերջերս էլ մամուլում գրվեց, որ դրանց միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարը հետեւում է, թե իր աշխատողներն օրական քանի անգամ են գնում արտաքնոց: Եվ, փոխանակ ԱԺ աշխատակազմն ու մամուլի ծառայությունը զբաղվեն լրագրողների աշխատանքին աջակցելու, նրանց անձի, ունեցվածքի ու գործիքների պաշտպանությունը պատշաճ մակարդակով ապահովելու գործով, ընկել են լրագրողական «բեյջերը» կախել-չկախելու հետեւից: