Դուք չեք հարգում ձեր սիմվոլը՝ Արարատը (լուսանկարներ)

Դուք չեք հարգում ձեր սիմվոլը՝ Արարատը (լուսանկարներ)

«Բարի գալուստ, Հայաստան». այս խոսքերով ընդունեցինք մեր թուրք գործընկերներին հայ-վրացական սահմանն անցնելուց հետո, ովքեր Հայաստանում անցկացրած 4 օրերի ընթացքում ամենաշատն Արարատն էին նկարում: Բայց այդ գրեթե բոլոր օրերի ընթացքում այդպես էլ Արարատն ամբողջությամբ չերեւաց նրանց:



«Ցեղասպանություն» բառը՝ առանց չակերտների



Հայ եւ թուրք լրագրողներն առաջինն այցելեցին «Սիվիլիթաս» հիմնադրամ, որտեղ հնարավորություն ունեցան հայ-թուրքական հարաբերությունների, մամուլում դրանց լուսաբանման մասին հարցեր ուղղել «Սիվիլնեթի» թուրքական մասի խմբագիր Ալին Օզինյանին: Վերջինս նշեց, որ Հայաստանի մասին թուրքական մամուլն անդրադարձ է կատարում հիմնականում ապրիլի 24-ի օրերին: Օզինյանը նկատեց, որ թուրքական մամուլին շատ է ուրախացնում, երբ խոսում են Հայաստանից արտագաղթի մասին, լինում է նաեւ, որ սխալ տեղեկատվության արդյունքում սխալ վերլուծություններ են կատարվում, ինչից հնարավոր չի լինում խուսափել նաեւ հայկական մամուլում:



Օզինյանի գնահատմամբ, երկու երկրների մամուլում էլ կան սիրված թեմաներ, որ պարբերաբար արծարծվում են, սակայն վերջին շրջանում թուրքական մամուլում ավելի լայն անդրադարձ է արվում փոքրամասնությունների, ցեղասպանության թեմաներին: Ավելին՝ «Զաման» թերթում «ցեղասպանություն» բառն առանց չակերտների է օգտագործվում, բայց, օրինակ, Ղարաբաղի հարցում այլընտրանքային որեւէ տարբերակ չի ներկայացվում, քանի որ այդ հարցում, ի տարբերություն լուսաբանվող ցեղասպանության թեմային, որեւէ քայլ չի արվել Թուրքիայում: Թուրք լրագրողներից մեկը նկատեց, որ Հայաստանում ցեղասպանության թեման շատ արդիական է, եւ թվում է, թե մարդիկ քնում-արթնանում են այդ թեմայով: Ապա առաջարկեց՝ հնարավո՞ր է ուրիշ, ավելի փափուկ տերմինով ներկայացնել այդ թեման թուրք հասարակությանը: Ալին Օզինյանը, ում պատասխանը միանգամայն արտահայտում էր նաեւ հանդիպմանը ներկա հայ լրագրողների կարծիքը, նշեց, որ, անխոս, ցեղասպանության թեման շատ կարեւոր է հայերի համար, բայց մենք չենք քնում-արթնանում այդ թեմայով, Հայաստանն ուրիշ խնդիրներ էլ ունի:



Բացի այդ, մամուլի ներկայացուցիչները չեն կարող հարցը թեթեւացնել եւ իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը՝ ցեղասպանությունն ուրիշ բառով ներկայացնելու. լրագրողները բանակցող կողմ չեն: 



Թանգարանի էքսպոզիցիան գաղտնի է պահվում



Թուրք լրագրողների հաջորդ հանդիպումը Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում էր, որին հաջորդեց նաեւ այցելություն Ցեղասպանության հուշահամալիր: Հատկանշական էր այն, որ մեր գործընկերների մեծ մասը սեւ էր հագել՝ ի նշան հարգանքի: Մինչեւ թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ հանդիպումը նրանք շրջեցին եւ ծանոթացան ժամանակավոր ցուցադրությանը: Թանգարանը 2015-ին ընդառաջ վերանորոգման եւ վերազինման փուլում է եւ այժմ փակ է:



Հետաքրքիր էր կողքից հետեւել մեր գործընկերներին, տեսնել, թե ինչպես են լուսանկարում ամեն մի փաստաթուղթ, լուսանկար, ձայնագրում ցուցադրված միակ վիդեոնյութը, գրառումներ անում իրենց նոթատետրերում: Հայկ Դեմոյանի հետ հանդիպման ժամանակ նախ հայ լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավոր չէ՞ր թանգարանի մի հատվածը բացել եւ, օգտվելով առիթից, շատ ավելին ցույց տալ թուրք լրագրողներին: Դեմոյանը պատասխանեց, որ դա կոնցեպտուալ հարց է, եւ թանգարանի էքսպոզիցիան դեռ գաղտնի է պահվում, 2015-ին երկու անգամ ավել նյութեր, վիդեոներ են ցուցադրվելու, լինելու են նաեւ թուրքերեն ձայնագրություններ, թուրք գիդ:



Թուրք լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ցանկության դեպքում իրենք կարո՞ղ են թանգարանի արխիվներից օգտվել: Պատասխանի մեջ Դեմոյանն ընդգծեց, որ դրանք բաց են բոլորի համար՝ թե լրագրողների եւ թե ուսանողների: Միաժամանակ նշելով, որ ցանկանում են ունենալ նաեւ Թուրքիայի գլխավոր շտաբի նյութերը: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ եթե շտաբի արխիվները փակ են, արդյոք սա չի՞ նշանակում, որ արդեն ոչնչացված են այդ նյութերը, Դեմոյանը նշեց, որ եթե այդպես է, նախ պետք է ցավել այդ կորստի համար, որը կազմում է 2 ժողովուրդների պատմության մասը, եւ 2-րդ՝ եթե մի բան չի ցուցադրվում, նշանակում է արգելքի տակ է:



Դեմոյանը հիշեցրեց, որ Թուրքիայի նախագահը 2015թ. հրավիրված է Հայաստան, հրավիրված է, եւ արդեն հաստատապես հայտնի է, որ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանում կլինի Ֆրանսիայի նախագահը:



5 լիրանոց մետաղադրամներ՝ Կարսի, Վանի գրավման առիթով



Հայկ Դեմոյանն իր խոսքում նշեց, որ 10-20 տարվա կտրվածքով փոփոխություններ եղել են Թուրքիայում, բայց սահմանափակ քաղաքաբնակ մտավորականների մակարդակով:



Բայցեւայնպես, դժվար թե գտնվի մեկը Թուրքիայում, ով գոնե մամուլից ընդհանրապես տեղեկություն չունենա, թե ինչ խնդիրներ ունի Հայաստանը Թուրքիայի հետ: Նա նաեւ ընդգծեց, որ ցեղասպանության ճանաչումը կարեւոր նախապայման է 2 ժողովուրդների միջեւ հարաբերությունների կառուցման համար, ապա, անդրադառնալով թուրք լրագրողներից մեկի հարցին, հանդես եկավ պատասխան հարցով՝ եթե թուրքերն ուզում են «ցեղասպանություն» բառին մեղմ եզրույթ տրվի, ապա առաջարկում է անվանում գտնել նաեւ 1.5 մլն մարդ կոտորելուն, 4000-5000 հուշարձան ոչնչացնելուն: Նա նաեւ նշեց, որ այս տարի Թուրքիան 5 լիրանոց մետաղադրամներ է թողարկել Կարսի, Վանի գրավման առիթով, ապա հավելեց. «Հիմա դրան ի՞նչ անուն տալ»: Դեմոյանը հակված է մտածելու, որ, իրավական հետեւանքներից վախենալուց բացի, Թուրքիան այս հարցում բարոյահոգեբանական խնդիրներ ունի: Այլ կերպ ասած՝ Ցեղասպանության ճանաչումից հետո պատմությունը պետք է վերաշարադրվի, ինչը լուրջ բարոյահոգեբանական խնդիրներ կառաջացնի թուրք հասարակության մեջ: «Պետք է ուղղակի հաղթահարել անցյալի հոգեբանական բարդույթը, այն, ինչ հիմա սովորեցնում են դպրոցում, դա չէ իրական պատմությունը: Վստահ եմ, որ այս պատերին ներկայացվածը ձեզ համար էլ էր նորություն»,-թուրք լրագրողներին դիմեց Դեմոյանը, որոնցից մեկը նկատեց, թե մինչեւ ճանաչումը մասնագետները պետք է նախ ուսումնասիրեն պատմությունը, որին հաջորդեց Դեմոյանի խորհուրդը՝ կարդալ հենց թուրքական մամուլը եւ տեսնել, որ կատարվածը դատապարտել է հենց Օսմանյան Թուրքիան:



Թուրք լրագրողները, որ, ի նշան հարգանքի, սեւ էին հագել, հուշահամալիրի մոտից մեզ մատնացույց արեցին ստադիոնի հարակից տարածքում կառուցված զիգզագաձեւ բարձրահարկ շենքը, որն ուղիղ վեր էր խոյանում երկու Մասիսների արանքում: Բայց նրանք ոչ միայն մատնացույց արեցին, այլ նաեւ հետաքրքրվեցին, թե քաղաքային իշխանությունները մի՞թե չեն նկատել, որ շենքն անգամ հուշահամալիրի բարձրությունից խաթարում է քաղաքի պանորաման, եւ ո՞վ ու ինչպե՞ս է թույլ տվել կառուցել նման բարձրության շենք, որը ծածկում է «ձեր սիմվոլը՝ Արարատը», որից հետո շատ ուղիղ նկատեցին. «Ուրեմն դուք չեք հարգում ձեր սիմվոլը»: Սա այն դեպքերից է, որ անգամ մեծ ցանկության դեպքում դժվար է որեւէ հակափաստարկ գտնել, մնում էր հետեւել, թե ինչպես են թուրք լրագրողները համալիրի շուրջբոլորը պտտվում՝ կադրում Արարատը բարձրահարկ շենքի ֆոնին չնկարելու համար:



Խնդիրը ոչ Երեւանում է, ոչ Անկարայում, այլ՝ Բաքվում



Հայ եւ թուրք լրագրողների հաջորդ հանդիպումը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնում էր՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ, ով, պատասխանելով իրեն ուղղված հարցերին, նշեց, որ սկզբում պետք է կարգավորել հարաբերությունները, հետո նոր խոսել ցեղասպանության մասին: Նա ընդգծեց, որ գլխավոր խնդիրը ոչ Երեւանում է, ոչ էլ Անկարայում, այլ՝ Բաքվում: Կիրակոսյանն Ադրբեջանը դիտարկեց որպես Թուրքիայի պրովինցիալ զարմիկ, որովհետեւ երբ Թուրքիան սկսում է կարգավորման պրոցեսը, նախ խորհրդակցում է իր փոքր եղբոր՝ Ադրբեջանի հետ, ինչն արդեն խանգարում է հայ-թուրքական հարաբերություններին: Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանն ու Թուրքիան արդեն ունեն ոչ պաշտոնական հարաբերություններ, Թուրքիայի վերջին 3 վարչապետները եկել են Հայաստան: Իսկ այդ երկրի ապագա քաղաքականությունը կախված է իր ներքին քաղաքական գործիչներից: Ցեղասպանության թեմայի հետ կապված՝ Կիրակոսյանը նշեց, որ թքած ունի՝ պարոն Օբաման կասի՞ այդ բառը, թե՞ ոչ, որովհետեւ, անկախ նրա արտասանել- չարտասանելուց, դա այդպես է: