Եռյակն իշխանության դեմ պայմա՞ն է դնում

Եռյակն իշխանության դեմ պայմա՞ն է դնում

Ոչ իշխանական եռյակի երեկվա նիստին հաջորդած իրողություններից դժվար է ասել եռյակը ուլտիմատում է ներկայացնում Սերժ Սարգսյանին, թե խաղում են պասերով։



Այսպիսով՝ ի պատասխան Սերժ Սարգսյանի ելույթի, եռյակը որոշել է իշխանությունների առաջ նախապայման դնել՝ հնարավորինս կարճ ժամկետում կյանքի կոչել իրենց առաջադրած 12 պահանջներից մեկը, որը վերաբերում Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին։ «Իշխանությանը որևէ բան չի խանգարում, որ ասի՝ հարգելի ընդդիմություն, մենք գտնում ենք, որ իսկապես 10-րդ կետը երեք ժամվա ընթացքում կարող ենք միասին լուծել, խնդրում եմ մեր առաջարկությունը ընդունեք և եկեք միասին Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարենք ձեր հայտնի շեշտադրումներով», - նիստից հետո լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը․«Դա որևէ խնդիր և ճանապարհային քարտեզ, ժամանակ չի պահանջում: Ընդամենը պետք է ցույց տալ, որ իրենք պատրաստ են իրենց խոսքին տեր կանգնել և այս կետով մտնեն խորհրդարան»:



Հիշեցնենք, որ նախօրեին Սերժ Սարգսյանը հանձնարարել էր Կառավարությանը ևս մեկ անգամ անդրադառնալ դեռևս այս տարվա հունիսին ոչ իշխանական 4 ուժերի կողմից իշխանություններին ներկայացված 12 պահանջներին եւ կոչ արել եռյակին միասին ճանապարհային քարտեզ մշակել եւ հնարավորինս շատ հարցերի լուծումները գտնել։



Արդյո՞ք կապ կա Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի ու այդ շեշտադրումների և նրա ու Գագիկ Ծառուկյանի հանդիպման միջև հարցին Ռ.Հակոբյանը հրաժարվեց պատասխանել, փոխարենն ասաց․«Հայաստանում համաժողովրդական շարժում է ձևավորվել, հրապարակային դաշտով ընդդիմությունը ներկայացրել է իր մոտեցումները, ժողովրդի մեծ մասն էլ կանգնել է մեր կողքին: Այնպես որ տրամաբանական էր, որ նման առաջարկ պետք է հնչեր, բայց արդյո՞ք դա ցանկություն է, թե իմիտացիոն ֆոն են ստեղծում` սա է հարցը: Ի դեպ, եթե սա իսկապես իմիտացիոն գործընթաց է, ապա նրանց արձագանքից դա անմիջապես կերևա»:



Ռ.Հակոբյանը շեշտեց` որևէ բանակցություն իշխանությունների հետ, մինչև իր ասածը չլինի ու որևէ քննարկում իշխանությունների հետ չի լինելու: Հակոբյանի հիշատակած 10-րդ կետում, մասնավորապես, պահանջ կա փոփոխել Ընտրական օրենսգրքը, որ ԱԺ հաջորդ ընտրություններն անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ինչպես նաև ընտրությունների ավարտից հետո հրապարակվեն ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները:



ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ կարծիքի է ընդդիմադիրների այս պահանջի մասին: Վահրամ Բաղդասարյանը նախ փորձեց ճշտել՝ «Ում անունից է հայտարարություն անում Ռուբեն Հակոբյանը», ապա շարունակեց․«Ինձ թվում է իրավունք վերապահված չի եռյակի անունից որևէ մեկը խոսի, որովհետև նրանք ընդհանուր հայտարարություն կամ ընդհանուր ծրագիր չունեն, կարելի էր ինչ-որ մի քաղաքական գործչի հայտարարությունը համարել քաղաքական ուժերի միասնական հայտարարություն, եթե դրա մասին հայտարարություն տարածեր»,- շեշտեց Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով նաեւ, որ ամեն դեպքում իրենք պայմաններ ու նախապայմաններ չեն ընդունում, այլ պատրաստ են լսել առաջարկություններ․«Եթե իհարկե, եռյակն իր ներսում հարաբերությունները ճշտի եւ միասնական հայտարարությամբ հանդես գա»։



Մեր հարցին, թե Բաղդասարյանը գիտի եռյակի մեկ այլ ուժի, որն այլ տեսակետ ունի եւ չի կիսում Ռուբիկ Հակոբյանի հայտարարությունը, պատասխանեց․«Ինձ պետք չի հետաքրքրվել որեւէ ուժի մասին եւ պետք չէ այն ինֆորմացիան, որը ես ունեմ, բարձրաձայնել։ Կրկնում եմ՝ երբ եռյակի առաջնորդները կնստեն եւ միասնական հայտարարություն կանեն, դա ես կընդունեմ եռյակի հայտարարություն։ Իսկ Ընտրական օրենսգիրքը փոփոխելու մտադրության մասին Բաղդասարյանը պատասխանեց․«Մենք բազմիցս ասել ենք, որ Սահմանադրական փոփոխություններից հետո, այո, պետք է քննարկենք ԸՕ-ն փոխելու խնդիրը, այո, մենք պատրաստ ենք դրան, ավելին, հենց հիմա Արդարադատության նախարարությունում կա համապատասխան հանձնախումբ, որը զբաղվում է այդ գործով, ցանկացած քաղաքական ուժ կարող է համագործակցել արդարադաըտության նախարարության հետ», բացահայտեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։ Վերջինի խոսքով՝ ամենայն հավանականությամբ հաջորդ տարվա մարտ-ապրիլից կսկսեն այդ գործընթացը․«Ամեն դեպքում մինչեւ 2017թվականը դեռ ժամանակ կա», ասաց նա։



ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ավելի կոնկրետ ժամկետ մատնացույց արեց․«Ընտրական օրենսգրքի փոփոխություններ կլինեն, բայց ոչ այս պահին: Ես կարծում եմ՝ մենք նախադեպ ունենք: Միշտ դա արվում է ընտրություններից մեկ տարի առաջ»։ Սա նշանակո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ երկխոսություն սկսել, քննարկումներ սկսել, ձախողված է, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Ձախողված չէ, երկխոսություն՝ չի նշանակում համաձայնել: Երբ կնստենք խոսելու, մենք մեր հիմնավորումները կբերենք, իրենք էլ իրենցը»: «Իրենք չեն նստում, ասում են՝ այս նախապայմանը կանեք՝ կնստենք խոսելու», դիտարկմանը Գալուստ Սահակյանն արձագանքեց՝ «դե դրա համար թող կանգնած մնան, չնստեն»: Այս ամենից երեկ ենթադրություններ էին հնչում, որ եռյակն ու իշխանությունը միմյանց հետո պասերով, փոխհամաձայնեցված գործողություններով կհասնեն մինչեւ հաջորդ ընտրություններ՝ դաշտը փակելով այլ ուժերի համար։ Արդյո՞ք կապ կա Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի շեշտադրումների և Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյանի հանդիպման միջև հարցին Ռուբեն Հակոբյանը հրաժարվեց պատասխանել․«Հայաստանում համաժողովրդական շարժում է ձևավորվել, հրապարակային դաշտով ընդդիմությունը ներկայացրել է իր մոտեցումները, ժողովրդի մեծ մասն էլ կանգնել է մեր կողքին: Այնպես որ, տրամաբանական էր, որ նման առաջարկ պետք է հնչեր»։



Սերժ Սարգսյանի առաջարկը`վերանայել 12 կետերը, եռյակին չի՞ հեռացնում իշխանությունների հրաժարականի պահանջից, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց․ նման խնդիր կլիներ, եթե եռյակը հայտարարեր, որ պատրաստ է քննարկումների գնալ: Ամեն դեպքում արտահերթ ընտրությունների պահանջն իրենց օրակարգում կա: Մեր հարցին, թե որքան են պատրաստվում սպասել իշխանությունների պատասխանին, Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ չեն սպասում, իրենք շարժվելու են առաջ, բայց թե ինչպես, դա էլ անորոշ մնաց։



Որովհետեւ ոչ առաջիկա հանրահավաքի օրվա եւ ոչ էլ խոստացված իշխանափոխության ժամկետների մասին Ռուբիկ Հակոբյանը որեւէ հստակություն չմտցրեց։