Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում մասնակցել է ֆոնետոնի փակման արարողությանը

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում մասնակցել է ֆոնետոնի փակման արարողությանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 23-ին ներկա է եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի 2014թ. դրամահավաք-հեռախոսամարաթոնի (ֆոնետոն) փակման արարողությանը:



Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։



ՀՀ ԱԺ նախագահին ուղեկցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Կարեն Ավագյանը, Արմեն Ռուստամյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:



«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրել է Ֆրանսիայի Հանրապետությունում ֆոնետոնի անցկացման պայմանները և այս տարվա արդյունքները` նշելով, որ չնայած Ֆրանսիայում տիրող տնտեսական ճգնաժամին՝ ֆրանսահայերի շրջանում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նկատվում է տարեցտարի աճող հետաքրքրություն: Նշվել է, որ այս տարի Ֆրանսիայի հայերը մեծ ուշադրություն են ցուցաբերել սիրիահայերին վերաբերող ծրագրերին և նախաձեռնություններին:



Միջոցառմանը ՀՀ ԱԺ պատվիրակության հետ միասին մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախը, ֆրանսիացի պատգամավորներ Պատրիկ Դեվեջյանը, Ժան-Մարկ Ժերմենը և Ժան-Իվ լը Բուիյոնեկը: Ֆոնետոնի փակման արարողությանը ներկա են եղել նաև ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչներ և հարյուրավոր ֆրանսահայեր:



Աշխատանքային այցի շրջանակներում՝ նոյեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: