Ո՞վ է գրպանել Մարմարիկի ուսուցիչների աշխատավարձերը

Ո՞վ է գրպանել Մարմարիկի ուսուցիչների աշխատավարձերը

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի դպրոցի ուսուցիչները նոյեմբեր ամսվա աշխատավարձը չեն ստացել: Ուսուցչակազմը գրեթե վստահ է, որ իրենց աշխատավարձը մարզում է յուրացվել կամ՝ ինչ-ինչ մարդկանց կողմից դրվել շրջանառության մեջ: Իսկ թե ում կողմից՝ դժվարանում են ասել:



Վրդովված աշխատակազմը փորձել է խնդիրը բարձրացնել Կոտայքի մարզպետարանում՝ բողոքի ցույցի միջոցով, բայց այդ մտքից ետ է կանգնել՝ վախենալով, որ ղեկավարությունն իրենց նկատմամբ հաշվեհարդար կտեսնի եւ ակտիվիստներին անգործ կթողնի: Ուստի որոշել են դիմել մեզ՝ թերթի միջոցով խնդիրը լուծելու համար:
Ուսուցիչներից նրանք, որ «համարձակություն» էին ունեցել բարձրաձայնել խնդրո առարկան, համարձակություն չունեցան անվանապես ներկայանալու: «Հարեւան գյուղերի դպրոցներն արդեն դեկտեմբերի աշխատավարձն են ստանում, բայց մենք նույնիսկ նոյեմբերը չենք ստացել: Դիմում ենք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, ասում է՝ ես դրա հետ կապ չունեմ, դա իմ իրավասություններից դուրս է: Որոշում ենք բողոքի ցույցի դուրս գանք, հետո հասկանում ենք, որ մեր որոշման հետ մի քանիսով ենք մնալու: Մարդիկ վախենում են. ունեցած-չունեցածները էդ աշխատանքն է, բա որ դա էլ կորցնեն, էլ ինչո՞վ են ապրելու...»,-իրավիճակը ներկայացրեց ուսուցիչներից մեկը:



Կոտայքի մարզպետարանում նույնիսկ տեղյակ էլ չէին, որ մարմարիկցի ուսուցիչները նոյեմբերի աշխատավարձը չեն ստացել: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Օհանյանը նախ զարմացավ, ապա խոստացավ ճշտելուց հետո տեղեկացնել պատճառը: «Ճշտումից» հետո զարմանալու հերթը մերն էր. մարզպետարանի մամուլի պատասխանատուն ասաց, որ մեր ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում: Իսկ երբ բացատրեցինք, որ 22 ուսուցիչ աշխատավարձ չստանալու մասին միաբերան կեղծ հայտարարություն անել չէին կարող, խոսնակը պատրաստակամություն հայտնեց նորից հետաքրքրվել ու լրացուցիչ տեղեկացնել:



Պարզվեց՝ Կոտայքի մարզպետարանի ֆինանսական վարչությունը նոյեմբերի 4-ին գումարը փոխանցել է Մարմարիկի դպրոց: Օհանյանի փոխանցմամբ՝ դա ոչ թե աշխատավարձի գումար է, այլ՝ դպրոցի այլ ծախսերի, մասնավորապես՝ գազի, էլեկտրաէներգիայի… «Դպրոցի տնօրինությունը պետք է ինքը հոգա իր պարտքերը, այդ թվում` եւ աշխատավարձի պարտքերը»,-ասաց մամուլի խոսնակը:



Դատելով սրանից, կարելի է ենթադրել, որ կրթօջախի ղեկավարությունը գումարն ամբողջությամբ ուղղել է կոմունալ վճարներին: Բայց Արմեն Օհանյանին հիշեցրինք, որ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն այդ գումարներից տեղյակ չէ, եւ որ այդ մասին ինքն արդեն հայտարարել է իր աշխատակիցներին: Այդ դեպքում հարց է առաջանում՝ որտե՞ղ է այն գումարը, որը նոյեմբերի 4-ին մարզպետարանից փոխանցվել է Մարմարիկի դպրոց ու, փաստորեն, տեղ չի հասել:




Սերոբ  ՄԱՐՈՒԹՅԱՆ