Ալբերտ Մկրտչյանը նոր ֆիլմ է նկարահանում՝ Լոռիում | լուսանկարներ, տեսանյութ

Ալբերտ Մկրտչյանը նոր ֆիլմ է նկարահանում՝ Լոռիում | լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի փոքր եղբայր՝ ռեժիսոր և սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը, նոր ֆիլմ է մտահղացել՝ «Լակոտը»՝ Սոս Սարգսյանի համանուն վիպակի հիման վրա: Ֆիլմի առաջին կադրերն արդեն նկարահանված են: Բացի գլխավոր դերակատարից՝ մյուս դերասանները լոռեցիներ են, որոնք ընդգրկված են էպիզոդներում, մասսայական տեսարաններում: Ֆիլմի աշխատանքներին մասնակցում են նաև Վանաձորի թատրոնի անձնակազմը, տեղացի զինվորականներ:



Լոռեցի գրողների գործերում բնությունն ավելի հաճախ առանձին կերպար է, և գուցե դրա համա՞ր է ֆիլմի ռեժիսորն ընտրել Լոռու Թեժ լեռն ու Սոճիների անտառը՝ բնությունը կերպավորելու ու նաև դրա միջոցով նպաստելու ֆիլմի գաղափարի լուծմանը: «Չէ, հատուկ դրա համար չեմ ընտրել: Ման եմ եկել ամբողջ Հայաստանով, նայել եմ, կամ հավանել եմ կամ լավ չեմ հավանել: Ես չգիտեի, որ էստեղ էդպիսի բաներ կան: Բայց երբ որ եկա տեսա, արդեն ընտրեցի այս անտառը, այս ձորը և որոշեցի էստեղ էլ նկարեմ: Ես անտառի անունը չեմ իմանում, լեռն էլ թեժ է, թե թեժ չէ, էդ էլ ես տեղյակ չեմ: Լավ լեռ է, ընտրել եմ: Ընդհանրապես բնության տեսարանները էնքան հոգեհարազատ են, որ հատուկ չի հետաքրքրում: Բայց ինձ համար կարևոր է էդ երեք ընկերների կյանքը»,-ասում է ռեժիսորը:



Վիպակի սյուժեի համեմատ ի՞նչ փոփոխություններ է արել Ալբերտ Մկրտչյանն իր ռեժիսորական սցենարում: «Նայած որտեղ ինչ եմ անում, ինչ եմ փոխում: Եթե օգտակար է Սոսի համար, փոխում եմ, եթե ոչ, չէ: Այսինքն՝ ես շատ պիտի նվիրված լինեմ այդ վիպակին, և եթե փոփոխություններ եմ անում, ապա այնպիսիք, որ չտուժի, ընդհակառակը, ավելի լավանա վիպակը. խոսքս ֆիլմի մասին է: Իմ ֆիլմերի մեծ մասը ես եմ գրել սցենար, բայց երբ որ արդեն ինչ-որ վիպակ է, հնարավոր է, որ փոփոխություններ անպայման լինեն, և տեղյակ պահես հեղինակին: Բայց քանի որ Սոսը ցավոք սրտի չկա, ես տեղյակ եմ պահում ինձ ՝Սոսը կհավանե՞ր, թե՞ չէ, ըստ այնմ որոշում եմ, անում եմ»:



Ֆիլմը մանկության ընկերների մասին է. Կարլենն ու Գրիգորը երկուսն էլ սիրահարված են Թագուհուն: Ընկերները, մեծանալով, հեռանում են տարբեր կողմեր: Հետո սյուժեն զարգանում է, բարդանում: Բայց գլխավոր գաղափարը, որն անձամբ ապրված է Ալբերտ Մկրտչյանի կողմից, հետևյալն է. «Որ հայը, նամանավանդ նրանք, որ մեծացած են իրար հետ, պիտի անբաժան լինեն, և ոչ մի բան պիտի չնպաստի, որ իրանք բաժանվեն, ցրվեն, գնան՝ բացի աշխատանքից: Ու մանկությունը, պատանեկությունը, որ իրանք միասին անցկացրել են, չմոռանան, որովհետև ամենաջերմ, ամենագեղեցիկ, ամենահամով ընկերությունը մանկության ընկերությունն է: Ես անձամբ ունեցել եմ էդպիսի ընկերներ, և էնպես եղավ, որ ես գնացի Մոսկվա սովորելու, էն մյուսը՝ չգիտեմ որտեղ, մյուսը մնաց Երևանում, երբ որ վերադարձանք, իրար չտեսանք, որովհետև մահացել էին:



Դրանից մեծ ցավ ինձ համար գոյություն չունի: Մեկը Սիբիր էր գնացել, էնտեղ էր մահացել, մյուսը Երևանում էր մահացել: Խոսքս իսկական ընկերության մասին է՝ ջերմ ընկերության, քաղցր ընկերության, հավերժ ընկերության: Եվ դա փակ ընկերություն չի, ես կուզենայի, որ ամեն հայ ընկեր լիներ էն մյուս հայի հետ, անպայման չի, որ կողքից մեծանան իրար հետ, այլ տպավորությունը հենց ստացվի, որ բոլոր հայերը իրար ընկերներ են, որովհետև դա՝ այդ միտքը, ավելի ուժեղացվում է ազգի վիճակով: Պատկերացնում եք՝ բոլորը իրար գնահատեն, ոչ թե հետևից խոսեն, բամբասեն, հակադրվեն և այլն»:



Ադրինե Թորոսյան