Հայոց ցեղասպանությունը շարունակվում է հայկական եկեղեցիների դեմ. քրդական լրատվամիջոցի արձագանքը

Հայոց ցեղասպանությունը շարունակվում է հայկական եկեղեցիների դեմ. քրդական լրատվամիջոցի արձագանքը

Էրզրումի (Կարին) Ազիզիե շրջանում սկզբում որպես ախոռ օգտագործվող հայկական Սուրբ Մինաս եկեղեցին այժմ գանձ որոնողների ուշադրության կենտրոնում է հայտնվել և «մասնավոր սեփականություն» լինելու պատճառաբանությամբ անհրաժեշտ ուշադրության չի արժանանում, գրում է Dicle լրատվական գործակալությունը:

Հայկական տասնյակ եկեղեցիներ նույն ճակատագիրն են կիսում. ավերակների վերածված եկեղեցիների պատերին հայերի հանդեպ ատելության դրսևորումներ են հայտնվել:

««Յոթ հայ սպանողը դրախտ է ընկնում» պնդումն ու «հայ» և «հայի զավակ» բառերը դեռ հայհոյանքի փոխարեն են օգտագործվում Էրզրումում: 1915թ.-ի Ցեղասպանությունից հետո մնացած հայկական ունեցվածքները՝ գործատեղիները, բաղնիքը, տներն ու եկեղեցիներն ավերվում են»,-գրում է լրատվամիջոցը:

Ճակատագրի քմահաճույքին հանձնված Սուրբ Մինաս եկեղեցին էլ ավերման եզրին է:

Եկեղեցու կառուցման ժամկետը հայտնի չէ, ենթադրաբար կառուցվել է 17-րդ դարում:

Եկեղեցին «հայտնաբերվել» էր 2012 թվականին քաղաքի վերակառուցման աշխատանքների ընթացքում, երբ դրա չորս կողմը մաքրվել էր: Պարզվել էր, որ տեղի բնակիչներն այն որպես ախոռ են օգտագործում:

Այժմ էլ լքված եկեղեցին գանձ որոնողների ուշադրության կենտրոնում է:

«Եկեղեցում կանգուն մնացած մաս չկա»,- ասում է քաղաքացի Դիյադդին Աքը:
Նա պատմում է, որ սա հայկական հին բնակավայր է եղել:

«Երբ հայերը ստիպված եղան լքել այս հողերը, այն սկսեցին ավերել: Նախկին դուռը փոխել են, հին՝ երկաթե դուռը տարել են ու փոխարենն ախոռի փայտե դուռ դրել: Բավական թալանվել է: Անգամ պատի նկարներն են տարել: Նախկինում այստեղ հոգևորականի տուն է եղել: Ամեն ինչը տարել են, միայն խաչ պատկերված քարերն են մնացել»,- պատմել է նա: