Պակասում էր միայն «հորս արևը»

Պակասում էր միայն «հորս արևը»

«Ընդդիմադիր ըլնեմ…». այս վերնագրին պակասում էր միայն «հորս արեւ» ժարգոնային արտահայտությունը: «Գելլափ ինտերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրենը ցանկացել էր ցուցադրել իր վերաբերմունքն ընդդիմության նկատմամբ. «Երեկվա… միտինգ էր, չէ՞, երեկ, երեկվա միտինգի հնչած այդ անվանարկումներից հետո ես ավելի քան համոզված եմ՝ մեր այս անվանումը, որ տվել ենք, շատ տեղին է: Որովհետեւ մենք վերջին 3-4 տարվա ընթացքում ավելի շատ տեսնում ենք պայքար՝ ընդդիմությունն ընդդիմության դեմ: Ես բերեմ ձեզ եւս մեկ կարծիք, կարող է գիտական չէ, բայց նկարագրական է. 2012 թվականին, ԱԺ ընտրությունների նախաշեմին, Արա Աբրահամյանը խնդրեց մեզ նկարագրել ընտրարշավը, որ տեղի էր ունենում, ես համեմատեցի այդ ընտրարշավը մաֆիա խաղալու հետ, երբ յուրաքանչյուր ուժ դուրս էր գալիս եւ ասում էր՝ ես եմ իրական ընդդիմությունը, մնացածը սաղ կեղծ են:



Այսինքն՝ կարմիրի եւ սեւի գաղափարն էր էթում: Դուք կարող եք համաձայնել, կարող եք չհամաձայնել, դա ձեր կարծիքն է, սա մեր իրավունքն է մեր պրեզենտացիային տալ այն անունը, որը որ մենք կարծում ենք՝ ճիշտ է: Իմ համոզմամբ, սա ճիշտ նկարագրությունն է»: Դե ինչ, Արամ Նավասարդյանի «համոզմունքներից» հետո վստահել այս հարցմանը՝ կասկածելի է, այնուամենայնիվ, ներկայացնենք «Ընդդիմադիր ըլնեմ»-ի արդյունքները: Ասոցիացիան 2014 թվականի նոյեմբերի 20-27-ը փորձել է 1067 հոգու միջոցով պարզել մարդկանց կարծիքն ընդդիմության մասին: «Կուսակցություններից ո՞րն է հանդիսանում գաղափարական լիդեր: 35 տոկոսը նշել է. «Բարգավաճ Հայաստան», 9 տոկոսը՝ «Ժառանգություն», 15 տոկոսը՝ ՀԱԿ, 41 տոկոսը կարծում է, որ գաղափարական ոչ մի հիմք չկա, եւ չկա լիդեր: Ի՞նչ եք կարծում, ընդդիմադիր եռյակում ներգրավված ուժերն ունակ կլինե՞ն ձեւավորել ավելի լավ կառավարություն եւ բարելավել երկրի իրավիճակը:



«Միանշանակ այո»՝ պատասխանել է 5 տոկոսը, «ավելի շուտ այո»՝ 26, «ավելի շուտ ոչ»՝ 32, «միանշանակ ոչ»՝ 20 տոկոսը: Գնահատեք 1-5 բալանոց սանդղակով, թե որքանով են հետեւյալ քաղաքական կուսակցություններն ընդդիմադիր. առաջատարն այստեղ «Ժառանգությունն» է՝ 3.7 միավոր է ստացել, մի փոքր ավելի պակաս՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը՝ 3.62, ՀՅԴ-ն՝ 3.2, ՀԺԿ-ն՝ 3, ԱԻՄ-ը՝ 2.9, «Ազատ դեմոկրատներ»-ը՝ 2.9, ՕԵԿ-ը՝ 2.4, ամենանվաստ, այսպես ասած, ընդդիմադիր կուսակցություն են համարում ՕԵԿ-ին: Քաղաքական գործիչները որքանո՞վ են ընդդիմադիր. Զարուհի Փոստանջյան՝ 3.8, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 3.8, Նիկոլ Փաշինյան՝ 3.8, Գագիկ Ծառուկյան՝ 3.7, Նաիրա Զոհրաբյան՝ 3.7, Լեւոն Տեր-Պետրոսյան՝ 3.6, Լեւոն Զուրաբյան՝ 3.4, Արամ Մանուկյան՝ 3.3, Ռուբեն Հակոբյան՝ 3.3, Վարդան Օսկանյան՝ 3.3, Հրանտ Բագրատյան՝ 3.2, Ժիրայր Սեֆիլյան՝ 3.1, Ստեփան Դեմիրճյան՝ 3»,- նշեց Արամ Նավասարդյանը:



Սակայն մի հետեւություն այս «ուսումնասիրությունից», այնուամենայնիվ, կարելի է անել, թե ինչպես է վերաբերվում ընդդիմությանն իշխանությունը եւ հատկապես որ ընդդիմադիր ուժին՝ ինչպես: Որքան ցածր է ընդդիմության վարկանիշը, այնքան «չսիրված» է նա իշխանության կողմից: