Կողոպուտ՝ մանկավարժապետականորեն

Կողոպուտ՝ մանկավարժապետականորեն

Խնդիրը, որի մասին ուզում եմ արտահայտվել, կապ չունի կուսակցությունների քաղաքականության հետ, այլ միջին խավի պաշտոնյաների գործունեության: 2 տարվա պայքարիս ընթացքում պարզեցի, որ մեր օրենսդրությունը լավիկն է, գործում է ի շահ ժողովրդի, սակայն որոշ պաշտոնյաներ դա աղավաղում են, մտահոգվելով միայն թալանի մասին: Վերոգրյալը վերաբերում է, դժբախտաբար, ոչ թե մականուններով ձեռնարկատերերին, այլ պետական կառույցների աշխատողներին:



Աշխատելով Երեւանի Չարենցի անվան թիվ 67 դպրոցում որպես պահակ, տեղեկացա, որ 2013թ. հուլիսից կառավարությունը բարձրացրել է աշխատավարձերը, նախկին 46 հազար դրամ դրույքաչափի դիմաց՝ 59 հազար 500 դրամ, որին գումարվում է այդ դրույքի 30%-ին համարժեք հավելավճարը գիշերային աշխատանքի դիմաց: Սակայն միայն 2013թ. օգոստոսին ստացա այդ գումարը: Իսկ 2013թ. սեպտեմբերից ավարտվեց կառավարության որոշման ուժը, քանի որ դպրոցի տնօրենը եւ հաշվապահը, հովանավորվելով քաղաքապետարանի անհայտ պաշտոնյայի կողմից, կատարեցին «խելացի» հաշվարկ՝ հօգուտ սեփական գրպանի: Վերացրին մոտ 17 հազար դրամ գիշերային հավելավճարը եւ ստեղծեցին գիշերային ժամավճար, որի հետեւանքով գումարը մոտ 50%-ով նվազեց: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածի, գիշերային ժամավճարը բաղկացած է լինում միջին աշխատանքային ժամավճարից, գումարելով դրան ժամավճարի 30%-ը եւ ապա բազմապատկելով եղած ժամերի քանակով:



Իրականում հաշվապահը հայտնաբերեց միջին ժամավճարը՝ ստացավ 30%-ը եւ, առանց գումարելու ժամավճարին, բազմապատկեց ժամերի քանակով: Այսպիսով, յուրաքանչյուր պահակից կորզեցին ամսական մոտ 10 հազար դրամ: Նման հաշվարկ կատարելու իրավունք չկա, քանի որ քաղաքապետի կողմից հաստատված հաստիքացուցակի (հավելված թիվ 3) համաձայն, գիշերային պահակի աշխատավարձը բաղկացած է 59 հազար 500 դրամ դրույքաչափից, գումարած այդ դրույքաչափի 30%-ը՝ մոտ 17 հազար դրամ, եւ, ընդհանրապես, ժամավճարի մասին խոսք լինել չի կարող:
Հետագայում պարզվեց, որ ՊՈԱԿ-ի բոլոր պահակների աշխատավարձերը քերթվում են ճիշտ այդպես: Մեկ տարի անընդմեջ դիմել եմ Աշխատանքի տեսչություն՝ ներկայացնելով փաստարկներ այս անհեթեթ եւ ապօրինի հաշվարկների վերաբերյալ, եւ խնդրել եմ ընդամենը քաղաքապետարանի միջոցով պարզաբանել ստույգ աշխատավարձի չափը, ըստ գործող հաստիքացուցակի։ Առայսօր՝ ապարդյուն:



2014թ. սեպտեմբերի 2-ին դիմեցի մարդու իրավունքների պաշտպանին, ներկայացնելով (27 էջ) փաստարկներ ինչպես դպրոցի տնօրինության, այնպես էլ Աշխատանքի տեսչության գործունեության վերաբերյալ: 2014թ. հոկտեմբերին պաշտպանը, ներկայացված նյութերում գտնելով ճշմարտություն, որոշեց բողոքը քննարկման ընդունել, որի ուսումնասիրությունը հանձնարարվեց Ռ. Ղազարյանին: Սակայն երկու ամիս անց ոչինչ չի ուսումնասիրվել եւ նույնիսկ նյութերի բովանդակությունը չի ընթերցվել կատարողի կողմից։ Բոլոր նյութերն ուղարկվել են Աշխատանքի տեսչություն, որից նույնպես բողոք էի ներկայացրել: Ստիպված եղա դիմել պրն Անդրեասյանին՝ անձամբ ընդունելու եւ դիմումի ընթացքը որոշելու համար: Արդյունքում 2014թ. դեկտեմբերի 17-ին նյութերը փոխանցվեցին վարչության պետ Տ. Խաչատրյանին, որը, ինչպես պարզվեց, պատկերացում չուներ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 184 եւ այլ հոդվածների մասին, եւ բնական է, որ ի վիճակի չէր հսկելու դիմումի ընթացքը: Ի վերջո, ինձ խոսք տվեցին մեկ շաբաթում դիմումին վերջնական լուծում տալ: 2014թ. սեպտեմբերից առայսօր անցել է կես տարի, ոչ մի պատասխան չեմ ստացել:



Հարց է ծագում. ի՞նչ է անում ՄԻՊ գրասենյակը՝ ի պատասխան հարազատ կառավարության հոգատարության, չէ՞ որ տրամադրվել է.
1. Հարմարավետ 3 հարկանի կառույց կենտրոնում:
2. Ջեռուցում, լուսավորություն, կահույք, գրենական պիտույքներ եւ այլ պարագաներ:
3. Ճիշտ աշխատավարձ, ճիշտ ժամանակին:
4. Մի վաշտ ոստիկաններ, որոնք կպաշտպանեն ձեզ խեղճ տատիկ-պապիկների զայրույթից:



Նույնը վերաբերում է Աշխատանքի տեսչությանը, որը եթե տեղյակ լիներ կառավարության 2013թ. հուլիսի 25-ի թիվ 857-ն որոշման 3-րդ գլխի ԺԷ ենթակետի բովանդակությանը, այն է՝ հանցագործություն պարունակող նյութերն իրավապահ մարմիններին ուղարկելու մասին, կկատարեր այդ պահանջը, քանի որ դիմումներիս մեջ բազմիցս նշել եմ հավելավճարների եւ կեղծ աշխատավարձերի ցուցակների մասին:
Թող տպավորություն չստեղծվի ընթերցողի մոտ, որ մի քոսոտ պահակ բոլորին ուզում է իրար խառնել մի երկու կոպեկի համար: Պատասխանում եմ՝ այս դեպքում թալանում են կառավարությանը, պետությանը: Համոզված եմ, որ բոլոր ՊՈԱԿ-ներում նույն ձեռագիրն է: Վերջապես. սարսափելին այն է, որ կատարողները մանկավարժներ են. ձեւակերպում են առնվազն 10 անձ եւ յուրացնում աշխատավարձերը կամ 1 հավաքարարին աշխատեցնում 3 հոգու տեղ: Սա արդեն դուրս է մանկավարժությունից:



Ալբերտ ԳԵՎՈՐԳՅԱՆ