ԱԺՄ գրասենյակը տեղափոխվել է, նախագահն էլ նստում է ՀԽ-ում

ԱԺՄ գրասենյակը տեղափոխվել է, նախագահն էլ նստում է ՀԽ-ում

ԱԺՄ-ն արդեն մեկ տարի կլինի, ինչ դուրս է եկել Աբովյան 12 հասցեում գտնվող այն տարածքից, որն զբաղեցնում էր 91 թվականից ի վեր: 190 քմ մակերեսով երկհարկանի ընդարձակ գրասենյակը՝ մայրաքաղաքի կենտրոնում, ԱԺՄ-ականները փոխարինել են Իսահակյան 28 հասցեում գտնվող «Արմենպրեսի» պետական շենքում վարձակալված 46.5 քմ մակերեսով համեստ գրասենյակով: Նրանց նախկին տարածքում այժմ բուռն շինարարություն է ընթանում:



Փորձեցինք պարզել, թե ինչու են տեղափոխվել, ինչ հիմունքներով էին մինչ այդ զբաղեցնում այն, եւ, առհասարակ, ԱԺՄ կուսակցությունն այսօր ինչո՞վ է զբաղված՝ որեւէ բան անո՞ւմ է, թե՞ միայն անունը կա: Գնացինք նոր գրասենյակ, պարզվեց՝ գործում է, ԱԺՄ-ական երկու կին՝ հաշվապահն ու կազմբաժնի ղեկավարը, այնտեղ էին, ամեն օր առավոտյան գալիս են աշխատանքի, երեկոյան գնում՝ սովորական գրաֆիկով: Նույնիսկ կուսակցական ժողովներ են անում ամիսը մի քանի անգամ, հավաքվում, տարբեր հարցեր են քննարկում, այդ թվում՝ ներքաղաքական:



«Ստեղծման օրվանից մենք վարձակալության պայմանագիր ունեինք Կենտրոնի թաղապետարանի հետ, որին պատկանում էր այդ տարածքը, հետո սեփականաշնորհվեց այն, չգիտեմ ով գնեց, բայց, ամեն դեպքում, մեզ երկու տարի ժամանակ տրվեց, որ նոր տարածք գտնենք: Հիմա մենք սա մրցույթով ենք շահել»,-ասաց հաշվապահ Արմինեն՝ նշելով, որ մասնավոր անձը սեփականաշնորհելուց հետո՝ մոտ երկու տարի, անհատույց տրամադրել է իրենց այդ տարածքը, մինչեւ որ նոր տարածք են գտել:



Հարցին, թե որն էր այդ տարածքը սեփականաշնորհելու եւ իրենց այդտեղից դուրս հանելու պատճառը, Արմինե Մկրտչյանն ասաց. «Դե, սեփականատեր ուներ, ով էնտեղ նպատակներ ուներ, ու սեփականատերն ինքն է որոշում, թե ինչպես օգտագործի այդ տարածքը»: ԱԺՄ-ից հետո տարբեր մասնավոր անձինք են շահագործել այդ տարածքը: Նշենք, որ այժմ այդ հասցեում գործում է սրճարան-ռեստորան-հուշանվերների խանութ, որի սեփականատերն ասաց, որ իրենք էլ մեկ ուրիշ մասնավոր անձից են վարձակալությամբ վերցրել այդ տարածքը:



Տարածքային հարցերից զատ, հետաքրքրվեցինք նաեւ կուսակցության գործունեությամբ: Արմինեն ասաց, որ արդեն փորձում են ակտիվանալ, հետո օգնության եկավ կազմվարչության պետ Անահիտ Պետրոսյանը. «Կուսակցությունը որոշել է ակտիվ գործունեություն ծավալի էս պահին, եւ, եթե լսել եք, մենք սեմինարներ ենք կազմակերպում, վարչության նիստեր ենք գումարում, շաբաթ օրերն էստեղ միշտ ինչ-որ մի բան լինում է»: Պարզվեց՝ ԱԺՄ-ն, բացի երեւանյան իր գլխավոր գրասենյակից, նաեւ մարզային կառույցներ ունի հանրապետության բոլոր մարզերում: Թեեւ դրանց մասին ոչ ոք չի լսել ու չի տեսել:



Հարցին, թե այս տարիներին, վերջին 5-10 տարվա կտրվածքով, կուսակցության անդամների թիվն ավելացե՞լ է, թե՞ պակասել, նոր անդամագրվողներ եղե՞լ են, տիկին Անահիտն ասաց. «Դե, գիտե՞ք ինչ, հիմա մենք չենք կապվել բոլոր կառույցների հետ, թե ինչքանն են մնացել, ինչքանն են գնացել, բայց մարդիկ հիմնականում մնացել են: Նրանք ԱԺՄ-ական մտածելակերպով, գաղափարներով մարդիկ են, ովքեր մնացին: Կուսակցության հետ կապված տարբեր պատմություններ եղան, բայց նրանք մնացին»:
Հայտնի պատմություններ ասելով, բնականաբար, նկատի ուներ մեծ թվով հայտնի ԱԺՄ-ականների՝ Սեյրան Ավագյանի, Շավարշ Քոչարյանի, Արշակ Սադոյանի, Դավիթ Վարդանյանի եւ մյուսների հեռանալը կուսակցությունից: Ինչպես նաեւ ԱԺՄ-ի պառակտվելը բազմաթիվ մանր կուսակցությունների՝ ՀԺԱՄ, ԱԺԴ, ԱԺԿ: Սակայն «մեծ մասնատումից» հետո, իսկ դա տեղի ունեցավ 1990-ականների վերջին, ըստ ԱԺՄ կազմվարչության պետի, կուսակցությունն այլեւս փոփոխությունների չի ենթարկվել:



Բայց դա մասնատո՞ւմ էր, թե՞ պառակտում, տիկին Պետրոսյանն ասաց. «Ես, ճիշտն ասած, էդ տերմիններով չեմ ուզում շատ ինձ վրա պատասխանատվություն վերցնել, բայց եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, դա պառակտում էր: Բայց էնպես չի, որ կամուրջներն այրված են, թշնամական ոչինչ չկա, պարզապես նրանք իրենց ճանապարհն ընտրեցին»:
Հարցրինք նաեւ՝ ո՞րն է այժմյան ԱԺՄ-ի գաղափարախոսությունն ու ընտրած քաղաքական ուղին, պարզվեց՝ ոչինչ չի փոխվել, էլի նույնն է՝ ժողովրդավարությունը, ազգային ժողովրդավարությունը. «Հիմնական գաղափարը դա է, դա էլ մնում է, դե, ինչքան որ կարողանում ենք դաշտում գործել, դա էլ տեսնում եք…»:



Հնարավո՞ր է առաջիկա ընտրություններին ԱԺՄ-ն նորից ակտիվանա: Հաշվապահն ասաց, որ իրենք հիմիկվանից արդեն փորձում են ակտիվանալ, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա: «2009 թվականից հետո, երբ պարոն Մանուկյանը գնաց Հանրային խորհուրդ, էդ պահից ինչ-որ սառեց, համենայնդեպս՝ ակտիվ չենք եղել»,- ասաց կազմբաժնի պետը:
Անդրադառնալով կուսակցության ֆինանսավորմանը՝ Արմինե Մկրտչյանն ասաց, որ ֆինանսավորումը հիմնականում նվիրատվությունների հաշվին է իրականացվում, եւ, փառք Աստծո, ԱԺՄ-ում կան քիչ թե շատ փող ունեցողներ, ովքեր ի վիճակի են հոգալ կուսակցության ծախսերը: Նրանցից մեկ-երկուսի անունը տվեցին՝ վարչության անդամներից Անահիտ Աղոյան՝ բժշկուհի է, Վահան Հակոբյան:



ԱԺՄ վարչության կազմը փաստացի բաղկացած է 12 հոգուց, սակայն, ինչպես հասկացանք, առավել ակտիվ են նրանցից 9-ը: Վարչության նախագահը, բնականաբար, Վազգեն Մանուկյանն է, ում հետ չհաջողվեց զրուցել, քանզի ասացին, որ պարոն Մանուկյանը նախ ցերեկը պետք է գնար մահվան տարելիցի արարողության, այնուհետեւ պետք է մեկներ Մխչյան՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հոր հոգեհանգստին, մյուս օրերին էլ գրաֆիկը ծանրաբեռնված է ապրիլքսանչորսյան միջոցառումներով: