Պուտինը և Օլանդը Երևանում հրատապ հարցեր են քննարկել

Պուտինը և Օլանդը Երևանում հրատապ հարցեր են քննարկել

Երևանում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումը:



Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հրատապ հարցեր՝ Ռուսաստանի և Եվրամիության փոխգործակցությունը, Ուկրաինայի հարցով մինսկյան պայմանավորվածությունների իրականացումը եւ այլն:



«Ցավոք, մեր հարաբերությունները գտնվում են ոչ լավ վիճակում, առևտրաշրջանառությունը կրճատվում է, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ, ինչը միայն ցավ է առաջացնում: Իմ կարծիքով` մենք պետք է գտնենք մեր հարաբերությունների վերականգնման ուղիներ, և, կարծում եմ, դրանում բոլորը շահագրգիռ են»,- խոսելով ԵՄ-Ռուսաստան հարաբերություններից՝ ասելէ ՌԴ նախագահը:



«Իմ կարծիքով՝ մենք ապացուցել ենք, որ մենք չենք կարող հաշտվել ո՛չ ուկրաինական ճգնաժամի, և ո՛չ էլ ՌԴ-ի ու ԵՄ-ի, հատկապես՝ Ֆրանսիայի հարաբերությունների վատացման հետ: Իհարկե, որպեսզի լավագույնս դուրս գանք այս իրավիճակից, անհրաժեշտ է շարժվել մինսկյան պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով: Մենք երկուսս էլ ձգտում ենք այդ պայմանավորվածություններին, աշխատում դրանց ուղղությամբ, գործադրում բոլոր ջանքերը, որպեսզի այդ ամենը կյանքի կոչվի: Կարծում եմ, որ մենք այժմ կքննարկենք այդ աշխատանքների շարունակումն աշխատանքային խմբերի շրջանակում»,- ի պատսխան նշել է Ֆրանսուա Օլանդը: