«Հայերը եւ Հայաստանը» լուսանկարների ցուցահանդես Իտալիայում

«Հայերը եւ Հայաստանը» լուսանկարների ցուցահանդես Իտալիայում

Իտալիայի ամենակարեւոր սրբավայր հանդիսացող եւ Իտալիայի պահապան սուրբ Ֆրանցիսկոսի անունը կրող Ասիզի քաղաքի «Սուրբ Ֆրանցիսկոս» քահանայապետական բազիլիկ եկեղեցում բացվեl 1 ծագումով պոլսահայ, ներկայումս Թուրինում բնակվող Կարեն Կոքչյանի «Հայերը եւ Հայաստանը» լուսանկարների ցուցահանդեսը: Այն կազմակերպել էին Իտալիայում ՀՀ դեսպանությունը եւ «Սուրբ Ֆրանցիսկոս» եկեղեցին՝ Իտալիայի հայերի միության հետ համագործակցությամբ:



Ցուցահանդեսում ներկայացված են Կարեն Կոքչյանի` Հայաստանում արված լուսանկարները, որոնք ներառում են հայկական եկեղեցիներ ու վանական համալիրներ, մշակութային կոթողներ եւ բնապատկերներ:



Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ելույթ ունեցան Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, «Սուրբ Ֆրանցիսկոս» եկեղեցու աբբահայր Մաուրո Գամբետտին, Ասիզիի քաղաքապետ Կլաուդիո Ռիչին եւ Կարեն Կոքչյանը, ով հակիրճ խոսեց ցուցահանդեսում ներկայացված 60 լուսանկարների մասին:



Դեսպան Ղազարյանն իր ելույթում նշեց, որ ցուցահանդեսը բացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, եւ կարեւորեց այն հանգամանքը, որ ցուցահանդեսը կազմակերպվել է կաթոլիկ հավատացյալների խոշորագույն սրբավայրերից մեկում, ուր ամեն օր բազմահազար ուխտավորներ ու զբոսաշրջիկներ են այցելում:



«Սուրբ Ֆրանցիսկոս» եկեղեցու աբբահայր Մաուրո Գամբետտին իր խոսքում նկատեց, որ ամառային ամիսներին եկեղեցին շուրջ 1.5 միլիոն այցելու է ունենում, որոնք ցուցահանդեսի միջոցով կկարողանան հաղորդակից լինել նաեւ Հայաստանին եւ հայկական մշակութային ժառանգությանը:



Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունից հետո դեսպան Ղազարյանը հարցազրույց տվեց իտալական «RAI» ռադիոհեռուստատեսային ընկերությանը եւ տեղական լրատվամիջոցներին:



Ցուցահանդեսը գործելու է մինչեւ հոկտեմբերի 27-ը: