Անզորությունից են հայհոյում

Անզորությունից են հայհոյում

Ինչ կուզեք՝ ասեք, բայց ես ոչ մի կերպ չեմ հասկանում մեր պատգամավորների, հատկապես իշխանականների «առյուծ կտրելը» Բիբինի, ՀԷՑ-ի ու հոսանքի թանկացման թեմայով։ Նախ, այնպիսի տպավորություն է, որ Բիբինի այդ գրությունը՝ հոսանքը թանկացնելու հայտը, վերջին ատյանի ճշմարտություն է, եւ դրա դեմ պայքարելու միակ ձեւը քննադատելը, հայհոյելը, անիծելն ու ծնկներին խփելն է մնացել։ Այն դեպքում, որ հայտը հաստատող-չհաստատողը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է՝ իր նախագահով, որը, չգիտես ինչու, կատաղած ման է գալիս եւ հայհոյում ՀԷՑ-ի գլխավոր տնօրենին։ Եվ ոչ ոք չի ասում՝ սիրելիս, ինչո՞ւ ես զայրանում, մուրճն էլ է քո ձեռքը, մեխն էլ։ Չես ուզում թանկացնել, համարում ես, որ սխալ հայտ է ներկայացված։ Կարծում ես, որ ՀԷՑ-ի տնօրենն ու ղեկավարությունը վատ են աշխատել, սխալ հայտ են ներկայացրել, օգտվել են իրնց մենաշնորհային դիրքից՝ մերժիր։ Ո՞վ է ձեռքդ բռնել։ Սա ի՞նչ պահվածք է, ի վերջո։ Իշխող կուսակցությունն ու սակագին սահմանող ընկերությունը դարձել են անպտուղ միտինգ անողներ։ Շուկայում կանգնած վարունգ ծախողների կամ իրենց բակերում նստոտած պառավ կնիկների նման փնթփնթում են, հայհոյում, գոռգոռում՝ հանգստանում։ Սա ի՞նչ անզորության դրսեւորում է, թուլության բացահայտ արտահայտություն։ Դուք վերջապես պետությո՞ւն եք, թե՞ բիբիններից կախված, նրանց կամքով շարժվող օրիորդների գիմնազիա։ Եվ այս թատրոնին էլ մասնակից եք դարձրել ողջ հասարակությանը՝ բոլորն ուղիղ եթերով հետեւում են Ազգային ժողովի լսումների ընթացքին ու սիրտները հովացնում՝ տեսա՞ք Բիբինին ոնց բմբլահան արեցին։ Ոչինչ, որ սակագինը բարձրանալու է, գոնե մեր «տղամարդկային» խոսքն ասացինք, Բիբինի պորտը տեղը դրեցինք։