Կանայք ՀՀԿ-ում գերակշռում են

Կանայք ՀՀԿ-ում գերակշռում են

Հունիսի 19-ին ոչ միայն էներգիայի սակագնին առնչվող հայտնի միտինգն է լինելու, այլեւ ՀՀԿ-ում «քննարկման» է դրվելու վերջին 1 տարվա ընթացքում կուսակցության «մաքրման» մի քանի «հազար» էջանոց «դավթարը», ուր գծապատկերներով, թվային գրաֆիկաներով ներկայացված են, թե քանի սկզբնական, երիտասարդական կազմակերպություններ, հանձնաժողովներ ունեն, ովքեր են դրանցում ներառված, կանանց, երիտասարդների, մտավորականների, պետական չինովնիկների, գործազուրկների, հաշմանդամների քանակը, ով որտեղ է աշխատում, ինչ նախասիրություններ ունի, որտեղ է «տեղաբաշխված»: Մի խոսքով, ինչպես կասեր Լեւոն Խեչոյանն իր «Խնկի ծառերում», բոլոր ՀՀԿ-ականների կոշիկի համարներն արձանագրված են սույն «դավթարում», որը պետք է ներկայացվի այդ օրը Սերժ Սարգսյանին` վասն առաջիկայում սպասվելիք հանրաքվեի, համապետական ընտրությունների: Ըստ այդմ` ՀՀԿ-ն ունի 152 հազար անդամ, 1932 սկզբնական կազմակերպություն, մտավորականները 33 տոկոս են կազմում: Սակայն ամենատպավորիչը ՀՀԿ-ական չինովնիկների, նրանց որդիների, «հոքիր-մոքիրների» զբաղեցրած պաշտոնների տոկոսները չեն, այլ այն, որ ՀՀԿ-ական կանայք, որոնք երբեմն-երբեմն նաեւ Եռաբլուր-Ծիծեռնակաբերդ են գնում` ծաղիկներով, 53 տոկոս են կազմում նժդեհյան ցեղակրոն կուսակցությունում: