Կանայք մեկ քայլ հետ են մնում ամուսիններից

Կանայք մեկ քայլ հետ են մնում ամուսիններից

Երկրի առաջին տիկինը, հայտնի քաղաքական գործիչների կանայք կանացիության եւ բարոյականության օրինակ են հանրության համար։ Նրանց երբեմն ավելի խիստ են դատում, քան նրանց ամուսիններին։ Հայտնի անձանց տիկնայք պետք է բարի լինեն, արդար, առաքինի, բարեգործ, ավելորդ ֆոտոսեսիաները նրանց չեն ներվում, շքեղության ցուցադրությունն անթույլատրելի է համարվում։ Բայց չափից դուրս հասարակ կեցվածքն էլ չի ներվում։ Նրանք պետք է «թանկ» լինեն, իրենց ներկայությունը չշռայլեն, միաժամանակ չպետք է արհամարհեն իրենցով հետաքրքրվողներին, չլինեն գոռոզ։ Իսկ նախագահի-նախարարների կանանց ազդեցությունն ամուսինների վրա եթե ոչ հրապարակային, ապա կուլիսային քննարկումների պարտադիր թեմա է։ Հայաստանում, որն առավելապես հակաֆեմինիստական երկիր է, ամուսնու կողմից կնոջն առաջին պլան մղելը, ինչպես, օրինակ, անում էր Ֆրանսիայի էքսնախագահ Սարկոզին, չի խրախուսվում։ Անմիջապես ամուսինը կարող է «ղզիկի» եւ թույլ տղամարդու մտապատկեր ձեռք բերել, ինչը Հայաստանում ստորացուցիչ է։ Ուստի ՀՀ առաջին տիկնայք բոլորն էլ ամուսիններից մեկ քայլ հետ են քայլել եւ ոչ միայն պաշտոնական միջոցառումների ժամանակ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, սեփական ֆոտոսեսիաներ էլ արել են տարբեր միջոցառումների ժամանակ, ապա այնպես, որ ոչ ոք չնկատի դա։



Բելլա Քոչարյանի իմիջն «ընտանիքի կինն» էր



Հնազանդ տիկնոջ կերպարն առավել հաջողվել է թերեւս երկրորդ նախագահի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին։ Հիշո՞ւմ եք, ամուսնու կողքին հայտնվելիս նա նույնիսկ աչքերը չէր բարձրացնում, հայացքն ուղղելով հորիզոնից ներքեւ։ Ռեեստրների եւ հիմնադրամների նախագահ, մասնագիտությամբ սանիտարահամաճարակաբան Բելլա Քոչարյանը սկզբից մինչեւ վերջ չփոխեց մազերի գույնը եւ դեմքի լուրջ, «ծանր» արտահայտությունը։ Նրան հազվադեպ ենք հիշում ուրախ ժպիտով կամ ծիծաղելիս։ Ավելի շուտ, քաղաքավարի կիսաժպիտն է տպավորվել եւ ընտանեկան մի քանի ֆոտո, որոնց վրա նա թոռնուհուն ծնկին է պահում, առանց մտածելու, որ զգեստը կճմրթվի։ Բելլա Քոչարյանը հիմնականում հայտնվում էր գործնական ոճի պիջակներով՝ պրակտիկ, մուգ կամ հանգած երանգների մեջ։ Նրան ոչ ոք գեղեցկուհի չէր անվանում, բայց տիպիկ հայկական կնոջ այս կերպարը, որն ամեն ինչ անում է ամուսնուն բարձրացնելու համար, սիրվեց։ Իմիջի առումով նա, իհարկե, 180 տոկոսով տարբերվում էր ինտելեկտուալ եւ անկախ կեցվածք ունեցող Լյուդմիլա Տեր-Պետրոսյանից։ Բայց եթե Տեր-Պետրոսյանի տիկնոջ մասին ասում էին՝ լուրջ դերակատարում ունի պետական հարցերի լուծման ժամանակ, ապա Բելլա Քոչարյանի մասին նման խոսակցություններ չեն եղել։



Լյուդմիլա Տեր-Պետրոսյան՝ «դեկաբրիստի կին»



Վերջինս, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ նախագահ չէր, աշխատում էր հեռուստատեսությունում, լրագրող էր։ Հիմա էլ հեռուստատեսության հնաբնակների շուրթերից կարելի է լսել «մեր Լյուսկան» արտահայտությունը։ Առաջին նախագահի կնոջ կերպարը հակասական էր։ Մի կողմից հանրությունը խոսում էր Լեւոնի վրա ներազդելու մեծ ունակության մասին, մյուս կողմից առաջին տիկնանցից առաջինը համեստության տիպար էր՝ նա երբեք հարցազրույցներ չէր տալիս։ Լրագրողներին, որոնք փորձում էին տեսախցիկով մոտենալ, սիրալիր բացատրում էր, որ ցանկացած հարցի կպատասխանի, բայց անջատված խոսափողով։ Լրագրողները ենթադրել էին, որ պատճառը հայերենի վատ իմացությունն է, բայց առաջին տիկինն այնքան «ընկերաբար» էր խնդրում չնկարել իրեն, որ ոչ ոք չէր համարձակվում համոզել։ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը հիմնեց նախագահաց կանանց՝ բարեգործությամբ զբաղվելու ավանդույթը։ Առավել հաճախ նա այցելում էր Խարբերդի մանկատուն, որտեղ ճանաչում էր բոլոր երեխաներին։ Երեւի տարիներն էին ռոմանտիկ, թե հասարակությունն էր ավելի «գաղափարական», դեռ այնքան էլ ախտահարված չէր քաղքենիությամբ, «գլամուրով», կամ գուցե մարդիկ արդուզարդին, արտաքինին այնքան էլ տեղ չէին տալիս, քանի որ նյութական վայելքից ավելի վեհ նպատակներ էին տեսնում։ Բայց այն ժամանակ չէինք կենտրոնանում առաջին տիկնոջ արդուզարդի, հագուստի, դրանց գների վրա։ Թեեւ եթե անգամ կենտրոնանայինք, ապա դրանից առաջին տիկինը միայն կշահեր։ Այն ժամանակ ճոխությունն ինչ-որ տեղ անպատվությանը, չտեսությանը հավասար բան էր։



Ռիտա Սարգսյանը պարտադրում է ժպտալ



Սերժ Սարգսյանի տիկինը՝ Ռիտա Սարգսյանը, կարելի է ասել, հեղաշրջում կատարեց նախագահի կնոջ կերպարում։ Վարակիչ ծիծաղով շիկահեր այս կինը, ի տարբերություն զուսպ Բելլա Քոչարյանի եւ «դեկաբրիստի կին» Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի, միանգամից աչքի ընկավ շփվող եւ պարզ բնավորությամբ։ Նա ինչ-որ տեղ լրացրեց ամուսնու մռայլ լրջությունը, ինչպես սպիտակը սեւին է հավասարակշռում։ Ռիտա Սարգսյանի կողքին երրորդ նախագահն էլ երբեմն, կարծես, պարտավորված ժպտում է։ Հայ հասարակությունն անմիջապես ընդունեց Ռիտա Սարգսյանի ծիծաղը։ Երբեմն առաջին տիկինը ծիծաղով քողարկում էր տհաճ ճշմարտությունները։ Օրինակ, մի քանի տարի առաջ, երբ Ազգային ռադիոյի նորոգված սենյակներն էր եկել տեսնելու, նկատեց, որ հատակն այնքան էլ գեղեցիկ տեսք չունի, եւ մոտավորապես հետեւյալ ֆրազը նետեց ռադիոյի իր առաջ շարված ղեկավարությանը․ «Պարոնայք, դուք թանկ կոստյումներ եք հագել, իսկ մանրահատակը, իմիջիայլոց, հին է»։ Ընդգծված, վառ հագուստով, խնամված Ռիտա Սարգսյանը հայտնվում է մշակութային տարբեր օջախներում, իր իսկ ղեկավարած «Նվիրիր կյանք» հիմնադրամի միջոցառումներին, բայց երբեք սնդուսափայլ, մեր լեզվով ասած, գլամուր չի երեւում։ Օրինակ, նա համադրում է ճերմակն ու կարմիրը եւ պաշտոնյաների կանանց շարքում որպես միակ վառ կետ է երբեմն առանձնանում, բայց, ասենք, մանկատներ այցելելիս զուսպ գույներն է նախընտրում՝ կապույտ կամ սեւ։ Երեւի, գաղտնիքը չափի եւ տեղի զգացողությունն է, որի չարաշահումը չի ներվում պաշտոնյաների կանանց, քանի որ նման կին ունենալով, ամենաբարձրաստիճան եւ ուժեղ տղամարդն անգամ անպաշտպան է դառնում եւ խոցելի։