Յուրաքանչյուր երկիր ինքը պետք է ապահովի իր արյան պաշարները

Յուրաքանչյուր երկիր ինքը պետք է ապահովի իր արյան պաշարները

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ցանկանում է, որ մինչեւ 2020 թվականը յուրաքանչյուր երկիր իր արյան խնդիրները հոգա: Արյունը երկրից երկիր արտահանման եւ ներկրման նյութ չէ, որովհետեւ, ըստ երկրների օրենսդրության, յուրաքանչյուր երկիր ինքը պետք է ապահովի իր արյան պաշարներն ու իր արյան բաղադրամասերի քանակը, որովհետեւ այլ երկրներից ներկրելը բավականին բարդ խնդիր է, եւ ոչ մի երկրի ազգաբնակչություն իր արյունը չի հանձնի մեկ այլ երկրի ազգաբնակչությանը՝ որեւէ մի փոխհատուցման դիմաց:



Յուրաքանչյուր ազգ ունի իր սպիտակուցների, իր գենետիկ հավաքակազմը, եւ լավ կլինի, որ մենք՝ հայերս, մեր արյան պաշարները Հայաստանում կուտակենք եւ մեր հայ հիվանդներին էլ ներարկենք, ինչը զերծ կպահի մեր ազգաբնակչությանը տարբեր իմուն խնդիրներից»,-մեզ հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը: Արյան դոնորի միջազգային օրվա առիթով, որն ամբողջ աշխարհը նշում է հունիսի 14-ին՝ ի պատիվ 1868 թ. այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ Կարլ Լայնշտեյների, որը հայտնաբերել է մարդու արյան խմբերը, պարոն Դաղբաշյանը մեր հասարակությանը կոչ արեց առավել ակտիվ լինել եւ, արյան դոնոր լինելով, իրենց լուման ներդնել մարդկային կյանքեր փրկելու գործում: Ըստ պարոն Դաղբաշյանի, Արյան դոնորի միջազգային օրվա առկայությունը բժշկական օրացույցում հնարավորություն է ընձեռում հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ բեւեռել արյան փոխներարկման, դոնորության եւ դրա հետ կապված խնդիրներին, ինչպես նաեւ ողջունել այն մարդկանց, որոնք նվիրաբերած արյան միջոցով մարդկային կյանքեր են փրկում: «Դոնորությունն ազգային պատվի հարց է եւ մարդասիրական մեծ քայլ, որը պետք է մշտապես քարոզվի եւ խրախուսվի»,-ասում է Սմբատ Դաղբաշյանը: Ճիշտ է, ըստ պարոն Դաղբաշյանի, այսօր մեր երկիրն արյան բավարար պաշարներ ունի, որպեսզի մեր ազգաբնակչությանը կարողանա օժանդակել, սակայն, մեր զրուցակցի խոսքերով, ունենք դոնորների խիստ փոքր թիվ եւ հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր:



«Ես կոչ եմ անում բոլոր հասարակական կազմակերպություններին ակտիվ լինել եւ դոնորագրվել դոնորաբանական կենտրոնի արյան բանկում: Արյուն հավաքագրելը բժշկի գործառույթների մեջ չի մտնում, քարոզելու գործընթացին, իհարկե, մասնակցում ենք, բայց դոնոր լինելը դա նվիրատվության եւ հասարակության մեջ մտածելակերպի փոփոխության արդյունք է, եւ այն հասարակության մեջ, որտեղ, մասնավորապես, արյան դոնորները շատ են, այդ հասարակությունն առավել զարգացած եւ առավել կայացած է: Նշեմ, որ զարգացած երկրներում դոնորների 100 տոկոսը կամավոր անհատույց են, ցավոք, Հայաստանում կամավոր դոնորների թիվը բավականին ցածր է՝ 8 տոկոս, ինչը խոսում է մեր հասարակության մեջ որոշակի խնդիրների մասին՝ իր հիվանդ անդամներին կամ իր ոչ լիարժեք անդամներին օգնելու ցանկության մասին, այսինքն՝ Հայաստանում դոնոր լինելու մշակույթը դեռ զարգացման կարիք ունի»:



Չնայած՝ պարոն Դաղբաշյանը նշեց, որ տարեցտարի մեր երկրում էլ նկատվում է դոնորների քանակի որոշակի աճ, այդ թվում՝ նաեւ կամավոր դոնորների:
Այսպես, եթե 2000-2001 թվականներին տարեկան իրականացվում էր մոտ 6-7 հազար արյունատվություն, ապա 2014-ին կատարվել է մոտ 15 հազար: Սակայն, ըստ ԱՀԿ երաշխավորագրերի, արյան բաղադրամասերով եւ պատրաստուկներով Հայաստանի պահանջարկն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել 60 հազար արյունատվություն:



Սմբատ Դաղբաշյանի վստահեցմամբ, մեր երկրի արյան բանկը տարածաշրջանում ունի եզակի հնարավորություններ: Այն կազմավորվել է Համաշխարհային բանկի եւ առողջապահության նախարարության կողմից: Արյան բանկին տրվել են այնպիսի սարքավորումներ, ինչպիսին վիրուսի ինակտիվացման սարքավորումն է, որը հնարավորություն է ընձեռում արյան որոշակի քանակները վիրուսինակտիվացիայի ենթարկել. «Իմունոգլուբոլինները, որոնք մենք պատրաստում ենք հղի կանանց ներարկելու համար, հիմնականում վիրուսինակտիվացված իմունոգլուբոլիններ են: Պետք է ասեմ նաեւ, որ շատ մեծ ուշադրություն է դարձվում մարզերում արյան բանկերի վրա, մենք հինգ մարզերում ունենք արյան կայաններ: Դրանք տեղակայված են Գորիսում, Արմավիրում, Լոռիում, Գյումրիում, Հրազդանում: Այսօր այդ արյան կայանները նույնպես գտնվում են ուշադրության կենտրոնում, Համաշխարհային բանկի կողմից որոշակի գործիքակազմ է տրվում այդ կայանները հագեցնելու համար: Իհարկե, ծրագրեր ունենք նաեւ դոնորության քարոզչության հետ կապված»:



Մեր երկրի դոնորների կառուցվածքը հետազոտելիս պարզ է դարձել, որ նրանց շուրջ 70 տոկոսը մինչեւ 30 տարեկան երիտասարդներն են: Ըստ Սմբատ Դաղբաշյանի, մեծահասակ մարդիկ արյուն չեն հանձնում, եւ, հետեւաբար, երիտասարդների հանձնած արյունը, ըստ մասնագետի, բավականին արդյունավետ է, սակայն այստեղ էլ մի խնդիր կա: Ինչպես նշում է հանրապետության գլխավոր արյունաբանը, աշխատանքային միգրացիայով պայմանավորված, վերոնշյալ տարիքի երիտասարդները մեկնել-վերադառնալուց հետո ինֆեկցիոն անվտանգության առումով գտնվում են ռիսկի խմբում. «Շատ ժամանակ մենք նրանց դոնորությունից հեռու ենք պահում: Դոնորների մեր հիմնական խմբերը մեր ուսանողներն են, մեր երիտասարդական կազմակերպությունները, որոնք պարբերաբար գալիս եւ մեր արյունաբանական կենտրոնում արյուն են հանձնում: Բացի այդ, կան հայտնի մարդիկ՝ դերասաններ, երգիչներ, քաղաքական գործիչներ, դեսպանատան աշխատակիցներ, բուհերի ռեկտորներ, տարբեր գերատեսչությունների՝ արդարադատության նախարարության, ոստիկանության, կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցներ, որոնք պարբերաբար մեր դոնորն են հանդիսանում»:
Այդ ակցիաների շրջանակներում հավաքագրված արյունն Արյունաբանական կենտրոնի տնօրենի հրամանով անհատույց տրամադրվում է չարորակ նորագոյացություններով հիվանդ երեխաներին, որոնք իրենց բուժումն են ստանում ոչ միայն արյունաբանական կենտրոնում, այլեւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում եւ «Մուրացան» համալսարանական կլինիկայում:



Սմբատ Դաղբաշյանը պարզաբանում է, թե ինչպես է հիվանդին արյան բաղադրամաս տրամադրվում, երբ կա արյան պակաս:
Հիվանդն անհատույց ստանում է արյուն իր հարազատների եւ մերձավորների հանձնած արյան դիմաց: Բոլոր ծախսերը՝ կապված այդ արյան հետազոտման, հավաքագրման, վերամշակման եւ այլնի հետ, հոգում է պետությունը: Իսկ եթե հարազատներն արյուն հանձնել չեն ցանկանում, ապա նրանք վճարում են դոնորների փոխհատուցման գումարը:



Աննա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ