Ախոյանը մարզպետ դառնալու մասին չի մտածում, չի էլ ձգտում

Ախոյանը մարզպետ դառնալու մասին չի մտածում, չի էլ ձգտում

Երեկ մեզ հետ զրույցում Ազգային ժողովի՝ ԲՀԿ-ից անկախացած պատգամավոր Արագած Ախոյանը վստահեցրեց, որ մարզպետ դառնալու ցանկություն չունի, առաջարկ էլ չի ստացել։ Կարելի է ասել՝ նրան մարզպետ նշանակելու խոսակցությունները հօդս ցնդեցին։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, երբ ԲՀԿ-ում կազմաքանդման գործընթաց սկսվեց, եւ տարբեր ԲՀԿ-ականներ հերթով դուրս եկան կուսակցությունից ու խմբակցությունից, լուրեր տարածվեցին, թե հնարավոր է, որ ծնունդով Արագածոտնի մարզից նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանին նշանակեն հարազատ մարզի մարզպետ՝ Սարգիս Սահակյանի փոխարեն։ «Ցանկացած ժամանակահատվածում ժողովուրդն ինչ-որ մեկին ինչ-որ պաշտոն է տալիս եւ իր ձեռքով էլ հետ է վերցնում, դա ընդամենը ժողովրդական խոսակցություններ էին, որոնք, չգիտեմ ինչու, շրջանառվեցին մամուլում, եւ այսօր երբեւիցե նման խոսակցություն կամ նման ակնարկ նույնիսկ չեմ ստացել»,-ասաց պատգամավորը։ Մեր դիտարկմանը, թե այդ լուրերի տարածումից հետո ինքը, կարծես թե, չէր հերքում, որ հնարավոր է նման բան, եւ դեմ էլ չէր, Ախոյանը պատասխանեց․ «Ես ոչ թե չհերքեցի, այլ ասացի, որ նման առաջարկ չեմ ստացել, եթե ստանանք, այն ժամանակ նոր կմտածենք։ Դա չի նշանակում, որ ես ինչ-որ ակնարկ արեցի»։ Իսկ հնարավո՞ր է դա պայմանավորված էր ԲՀԿ-ի հետ կապված հայտնի իրադարձություններով։ Ախոյանը չբացառեց․ «Միգուցե։ Երեւի ինչ-որ մեկի երեւակայության արդյունքն էր, բայց երբեւիցե չեմ ձգտել պետական պաշտոնի, ես իմ տեսակի մեջ ինձ լավ եմ զգում եւ իմ հասարակական եւ քաղաքական գործունեությամբ ավելի պիտանի եմ զգում ինձ»։ Նման առաջարկի, այսինքն, հիմա չի՞ էլ սպասում։ «Մտքովս չի անցնում ուղղակի»,-եզրափակեց պարոն Ախոյանը։