Դուք պետական հեղաշրջում եք իրականացնում

Դուք պետական հեղաշրջում եք իրականացնում


«Անկեղծ ասաց զարմացած եմ, որ որեւէ պետության մեջ կարող է այսպիսի օրենքի նախագիծ լիներ ու այսպես լուրջ դեմքով ներկայացնեիք-քննարկեիք այն»,- Նիկոլ Փաշինյանը իր ելույթն այսպես սկսեց, երբ Ազգային ժողովում ժամեր շարունակ քննարկվում էր «Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագծին: «Նախագիծը, ըստ էության ասում է՝ եկեք Դիլիջան քաղաքում պետական հեղաշրջում իրականացնենք, են կառավարման համակարգը, որ գոյություն ունի օրենքով, գցենք մի կողմ, ստեղծենք մի մարմին՝ քաղաքապետին ու ավագանուն պատանդի կարգավիճակով տանք էդ մարմնին, որպեսզի էդ մարմինը քաղաքապետին ու ավագանուն մարիոնետի կարգավիճակով օգտագործի, նենց, ոնց ուզում է»։Փաշինյանի գնահատմամբ, այս օրենքը հակապետական է. «Սա օրենքի նախագիծ է Դիլիջան քաղաքը որպես կալվածք Ռուբեն Վարդանյանին հանձնելու մասին, ու կարողա շարունակվի. Սյունիքը կտանք Սուրիկ Խաչատրյանին , Արտաշատը՝ Հովիկ Աբրահամյանին եւ իր ընտանիքին, Մալաթիա-Սեբաստիան՝ Սամվել Ալեքսանյանին,Աբովյանն էլ կտանք Գագիկ Ծառուկյանին։ Առաջարկում եմ՝ բոլոր քաղաքների անունների տակ գնապիտակներ կպցնենք, Դիլիջանն՝ արժի էսքան , Սյունիքը՝ էսքան, մնում է ՀՀ-ի վրա բանտիկ կպցնեք՝ ասեք ներդրող կա՞, վերցրեք»։ Նախագիծը ներկայացնող տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը հակադարձեց, որ չի կարելի մի բան ներկայացնել, որը չկա այս նախագծում: Նրա խոսքով՝ նախագիծը միտված է Դիլիջանի զարգացմանն ու ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելուն: Նա նշեց, որ որևէ որոշում առանց Դիլիջանի քաղաքապետի ու ավագանու մասնակցության չի ընդունվելու:Վաչե Տերտերյանը նախագիծը ներկայացնելիս ասաց՝ դրանով սահմանվում է, որ Դիլիջան քաղաքում պետք է ապահովել քաղաքաշինական և ճարտարապետական միասնական եւ համահունչ սկզբունքների կիրառումը: «Պետք է խրախուսել եւ աջակցել Տարածքի պատմամշակութային առանձնահատկություններին և պահպանության ռեժիմին համապատասխանող քաղաքաշինական և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանը»,- ասաց Տերտերյանը և նկատեց, թե նախատեսում է ապահովել քաղաքաշինական նախագծերի հաստատման գործընթացի թափանցիկությունը, հրապարակայնությունը և հանրության մասնակցությունը որոշումների կայացման հանրային քննարկումների միջոցով: Ըստ Տերտերյանի` պետք է նպաստել ներդրումային միջավայրի բարելավմանը և ներդրումային գրավչության մակարդակի բարձրացմանը նպաստող համակարգերի ներդրմանը:Նախագծի շրջանականերում նախատեսվում է Դիլիջան քաղաքում և հարակից տարածքներում արգելել բուսաբուծությունն ու անասնաբուծությունը: Պետք է արգելվի նաեւ հանքագործական արդյունաբերությունը, բացառությամբ կավի, ճենակավի, ածխաթթվային և ստորերկրյա հանքային ջրերի, էլեկտրաէներգիայի արտադրությունները, կոքսի, նավթամթերքների և միջուկային նյութերի արտադրությունը, քիմիական արդյունաբերությունը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված տեսակների: Նախագիծն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա դեկտեմբերին: