Պահպանենք համամարդկային հավասարակշռություն

Պահպանենք համամարդկային հավասարակշռություն

21-րդ դարում, այս էլ շուրջ 10 ամիս է Իրաքի Հանրապետության եզդի ժողովրդի բնօրրան Շանգալ նահանգում շարունակվում է եզդի ժողովրդի ցեղասպանությունը: ԻՊ-ի բարբարոսները նույն անմարդկային և զարհուրելի մեթոդներով սպանում են եզդիներին, կանանց ու աղջիկներին տանում ստրկության և ստրկավաճառության:
Քաղաքակիրթ մարդկություն մինչև երբ...



Ես շատ լավ գիտեմ, որ այսօրվա աշխարհի ճակատագիրը որոշում են գերտերությունները: Իհարկե հաճախ երկակի ստանդարտներ կիրառելով, այն բխեցնելով իրենց սեփական շահերից և նյութական շահագրգռվածություններից: Մեծ յոթնյակի գագաթնաժողովից հետո ասում են, որ ԱՄՆ որոշել է նոր ռազմավարություն մշակել ԻՊ-ի դեմ պայքարում:



Որ սկսում է ակտիվացնել իրաքյան և քրդական զինվորների վարժեցումը, ռազմավարական նոր ծրագրեր մշակում, իսկ ով այդ ծրագրերը պետք է իրագործի, որ կողմն է պատրաստ իր վրա վերցնել, դեռ պարզ չէ...
Նույնիսկ վերջերս ԱՄՆ –ի զին. վերնախավը հայտարարել է, որ պատերազմը ԻՊ-ի հետ կարող է տևել 5-10 տարի:



Ի սեր Աստծո եզդի երեխան ուզում է ապրել իր հայրենիքում, իր բնօրրանում, իր տանը, ծնողների և հարազատների հետ, և ոչ թէ ԻՊ-ի գերության մեջ: Միթե տարիներ շարունակ եզդի կանայք և աղջիկները պետք է մնան ստրկության մեջ...
Այսօր եզդի ժողովուրդը կանգնած է բախտորոշ իրադարձությունների շեմին, դրվել է ազգի, կրոնի, բնօրրանի պահպանման խնդիրը: 2014թ. օգոստոս ամսին ապրած եղեռնից հետո եզդի ժողովուրդը նորից եղեռն է ապրում:



Գերության մեջ գտնվող աղջիկներն ու կանայք ենթարկվում են ստրկավաճառության, 10-12 տարեկան երեխաները չեն փախնում մահվան ճամբարներից, վախենում են, որ նրանց հարազատներին ֆիզիկապես կոչնչացնեն, կպատժեն իրենց փախուստի համար, տղա երեխաները մոռանում են իրենց հարազատներին, վերցնում են զենքը և պատրաստ են նույնիսկ կռվել, այո կռվել, չեն արձագանքում ծնողների կոչին, չեն փախչում ստրկության ճամբարներից: Ի սեր Աստծո ցեղասպանություն է ապրում եզդի ժողովուրդը, այն եզակի ժողովուրդը, որ մարդկության ու հիմնականում արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը` արեգակապաշտությունը սրբությամբ պահպանել է և հազարամյակների միջով հասցրել է մեր ժամանակները, ինչպես ժամանակին նշել է հայ հայտնի գրող Վահան Տեր-Ղազարյանը:



Մեր ժողովրդի անցած դարավոր ճանապարհը մի բան է արտացոլում, որ ինչպես բազմիցս ասել եմ Իրաքի Հանրապետության եզդիների բնօրրան Շանգալում մեր ժողովուրդը ոչ եկվորէ, ոչ Էլ անցվոր: Այստեղ է եզդի ժողովուրդը հազարավոր տարիներ ապրել և արարել ու կապրի առհավետ:



Աշխարհի գերհզոր պետություններ անկախ Ձեր որոշումներից եզդի ժողովուրդը արդեն կարողանում է իրեն պաշտպանել, ինքն է բուժում իր վերքերը, իսկ իսլամիստ բարբարոսները, որ իրենց շուրջ ահ ու սարսափ են տարածում տեսնելով եզդուհի ազատամարտիկին փախնում են, որպեսզի նրա գնդակի բաժինը չդառնան: Բայց մենք օգնող ձեռքի, անշահախնդիր բարեկամի, անաղարտ մարդկության կարիք ունենք: Մենք եղել ենք, կանք ու կլինենք մեր բնօրրանում, մեր հայրենիքում` մեր Շանգալում: Ինչպես վերջերս մեր երկրի նախագահ Ս.Սարգսյանը իր խոսքում ասաց, որ ոչ մի դաժանություն չկարողացավ հայի հոգում սպանել ապրելու և արարելու տենչը, այնպես էլ մեր ժողովուրդը չնայած իր պատմության ընթացքում ենթարկվել է տարբեր ցեղասպանությունների եղել է, կա ու կհարատևի, քանզի դարեր ապրած ժողովուրդը դարեր էլ կապրի, դա անխուսափելի անհրաժեշտություն է: Մնում է մենք գնահատենք մեկմեկու, հավատանք և օգնենք միմյանց ու թույլ չտանք, որ բարբարոսը դուռ և պատուհան ջարդելով սղոսկի մեր ընդհանուր տունը: Պահպանենք համամարդկային հավասարակշռություն:

Ամո Շարոյան



«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ