Ադրբեջանցիները չկարողացան խոչընդոտել Վրաստանում հայկական խաչքարի բացմանը

Ադրբեջանցիները չկարողացան խոչընդոտել Վրաստանում հայկական խաչքարի բացմանը

Վրաստանի Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղում ուրբաթ օրը՝ հունիսի 26-ին, հայկական խաչքար բացվեց՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի։ Թուրքերով ու ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի շրջանի Կարմիրն ամբողջությամբ հայերով բնակեցված գյուղ է։ Այստեղ 20-րդ դարասկզբից մինչ օրս հայեր են բնակվում, գյուղի ու շրջանի ղեկավարներն էլ այլազգիներ են։ Սակայն, շրջապատված լինելով հիմնականում մահմեդականներով, նրանք կարողացել են պահպանել իրենց ինքնությունը, մնալ հայ եւ քրիստոնյա, զարգացնել իրենց հոգեւոր-մշակութային կյանքը գյուղում ու բարձր պահել հայի անունը թուրքաբնակ այս շրջանում։ Այս ամենին զուգահեռ՝ կարմիրգյուղցիները կարողանում են համերաշխ ապրել հարեւան վրացիների, թուրքերի ու ադրբեջանցիների հետ, նույնիսկ կարողացել են նրանց հայերեն սովորեցնել։



Կարմիր գյուղում, սակայն, հայապահպանության գործընթացը հեշտությամբ չի ընթանում, քանզի ադրբեջանցիները կարողանում են ազգային փոքրամասնության հետ կապված հարցերում, հսկայական փողերով իրականացվող լոբբինգով, ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է հայերի հարցում տարվող քաղաքականությանը, հայկական համայնքների զարգացմանն ու հոգեւոր-մշակութային ինքնության պահպանմանը։ Այս էր պատճառը, թերեւս, որ Ցեղասպանության 100-ամյակի առիթով այս խաչքարի տեղադրումը հայկական գյուղում իրականացավ խոչընդոտներով, քանզի վրացական իշխանությունները մեծ դժվարությամբ են տրամադրել խաչքարի տեղադրման թույլտվությունը։ Գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ մինչեւ խաչքարի պաշտոնական բացումը, դրա մոտ շուրջօրյա հերթապահություն են իրականացրել գյուղի երիտասարդները, քանզի վտանգ կար, որ հարեւան գյուղերի թուրքերը կարող էին վնասել խաչքարը։



Ներկայացնելով խաչքարի տեղադրման պատմությունը՝ Կարմիր գյուղի ակտիվ բնակիչ, այս աշխատանքների կազմակերպիչ Վիլիկ Խաչատուրյանն ասաց, որ խաչքարը տեղադրվել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող կարմիրգյուղցի գործարարների, հիմնականում երիտասարդների ջանքերով։ Խաչքարը պատրաստվել է Գյումրիում, սակայն այն Վրաստան բերելիս սահմանի վրա լուրջ խոչընդոտներ են առաջացել։



«Գյումրիից խաչքարը բերելիս սահմանի վրա ունեցանք լուրջ խոչընդոտներ, սակայն մեր վիրահայոց թեմի առաջնորդի, Բաթումիում մեր կոնսուլի ու նաեւ Վրաստանում Հայաստանի մեր դեսպանի շնորհիվ կարողացանք սահմանում առաջացած պրոբլեմները լուծել»,-ասաց նա՝ նշելով, որ երբ բերեցին խաչքարն ու սկսեցին տեղադրման աշխատանքները, արդեն տեղի կառավարությունն սկսեց անհանգստանալ, թե իրենք թույլ չեն տվել, որ խաչքար կանգնեցվի գյուղում։ Այդուհանդերձ, հակառակ արգելքներին ու ճնշումներին, տեղադրեցին այն։ Նա նշեց, որ Մառնեուլի շրջանում բոլոր կառույցները ֆինանսավորվում են ադրբեջանական ընկերությունների փողերով, ուստի նրանց պահանջով է հիմնականում, որ վրացական իշխանությունները ճնշումներ են գործադրում տեղի հայերի վրա։



Խաչքարի բացմանը, բացի Կարմիր գյուղի բնակիչներից, ներկա էին վիրահայոց թեմի առաջնորդի մամլո խոսնակ Սուսաննա Խաչատրյանը, Ջավախքին աջակցության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Սամվել Մկոյանը, Վրաստանի «Հայարտուն» մշակութային կենտրոնի տնօրեն Լեւոն Չիդիլյանը, ովքեր իրենց ելույթներում ողջունեցին խաչքարի բացումը։ Սուսաննա Խաչատրյանն էլ, խոսելով խաչքարի նշանակության ու կարեւորության մասին, ասաց․ «Մեր պարտքն է հիշել ու նաեւ Վրաստանի իշխանություններին ասել, որ մենք ոչ մի վատ բան չենք անում»։



Ի սկզբանե նախատեսված էր, որ միջոցառմանը պետք է մասնակցեին վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն ու Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը։ Նրանք ճանապարհ էին ընկել ու շուտով պիտի հասնեին, սակայն որոշ ժամանակ անց զանգեցին ասացին, որ չեն կարող գալ՝ հետ են վերադառնում։ Անակնկալ հետդարձը տարակուսանք առաջացրեց ներկաների մոտ՝ չբացառելով, որ դա ճնշումների արդյունքում կամ ինչ-ինչ խնդիրների պատճառով է եղել։ Առաջնորդարանի մամուլի խոսնակ Ս․ Խաչատրյանն ասաց, որ ինչ-որ խնդիրներ են առաջացել․ «Բայց, իհարկե, ո՛չ դեսպանը, ո՛չ վիրահայոց թեմի առաջնորդն այն մարդիկ չեն, որ նրանց կարողանային կասեցնել»։



Խաչքարի բացումից զատ, գյուղում 2012 թվականին կառուցված փոքրիկ մատուռում տեղի ունեցավ մկրտման արարողություն, որի ընթացքում մկրտություն ստացավ գյուղի շուրջ 20 բնակիչ։