Գրավոր խոսքը պետք է ճշմարիտ ու ճշգրիտ լինի

Գրավոր խոսքը պետք է ճշմարիտ ու ճշգրիտ լինի

ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը հաճելիորեն զարմացավ, երբ զանգահարեցինք նրան եւ խնդրեցինք իր կարծիքը ներկայացնել Աշոտ Եղիազարյանի ատենախոսության եւ օմբուդսմենի որոշման վերաբերյալ։ «Սա առաջին անգամն է, Ձեզանից առաջ իմ դեմ ինչ-որ բաներ են գրել՝ առանց հարցնելու ու ճշտելու»,- ասաց նա, ապա պատասխանեց մեր հարցերին։



- Ինչո՞ւ Աշոտ Եղիազարյանին չեն տրամադրվել իր աշխատանքի վերաբերյալ վարույթի նյութերը։



- Աշոտ Եղիազարյանին տրամադրվել է բացարձակ այն ամենը, ինչ առկա է գործում։ Ինքը եկել է ԲՈՀ, գործը դրել ենք ու ասել` ինչ ուզում ես, վերցրու: Ընդ որում՝ այդ ամենը, այսինքն՝ ինչ կա-չկա, ուղարկվել է նաեւ մասնագիտական խորհուրդ, իսկ ինքը հրապարակել է lragir.am-ում։ Այսինքն՝ ունի դրանք: Ա. Եղիազարյանի աշխատանքը կրկնական քննարկման ուղարկելու պատճառը փորձաքննության բացասական եւ ընդդիմախոսների հակասական կարծիքներն էին: Ի դեպ, պաշտպանության ժամանակ քվեարկությունն անցել է 3 «դեմ»-ով:



- Ինչպե՞ս եւ ո՞վ է գնահատել Ա․ Եղիազարյանի ատենախոսության գիտական արժեքը։



- Իր գործունեության ընթացքում ԲՈՀ-ն առաջնորդվում է ՀՀ կառավարության հաստատած «Գիտական աստիճանաշնորհման կանոնակարգով»: Աշխատանքները պաշտպանությունից հետո բերվում են ԲՈՀ, այստեղ ուսումնասիրում են գործը, տալիս են փորձաքննության, բնականաբար՝ գաղտնի փորձաքննության։ Ապա որոշում են կայացնում գիտական աստիճանի վկայագիր հանձնելու մասին: Ասեմ նաեւ, որ աշխատանքները (ատենախոսությունները) լինում են լավ եւ վատ, ինչպես ամեն ինչ այս աշխարհում: Եթե աշխատանքում հայտնաբերվում է արտագրություն, կամ փորձաքննության պատասխանը դրական չէ, ԲՈՀ-ը, կախված արդյունքից, կամ աշխատանքն ուղարկում է մասնագիտական խորհուրդ՝ կրկնական քննարկման, կամ մերժում է մասնագիտական խորհրդի որոշումը: Ի դեպ, ԲՈՀ-ը վերջին երկու տարվա ընթացքում մոտ 170 աշխատանք վերադարձրել է, ասելով` եթե հնարավոր է, կարգի բերեք, վերացրեք թերությունները եւ նորից ուղարկեք ԲՈՀ: Ընդ որում, որեւէ ընթացակարգային խախտում այդ ողջ գործառույթի ընթացքում չկա։ Նախ` որովհետեւ ԲՈՀ-ում բոլորը տիրապետում են գործող օրենսդրությանը, նաեւ որեւէ խախտում անելը որեւէ իմաստ չունի: Ի դեպ, այդ ընթացքում մոտ 25 աշխատանք էլ մերժվել է մասնագիտական խորհուրդներում: Նպատակը մեկն է` արդյունքում ունենալ հնարավորինս լավ աշխատանք:



- Եղիազարյանը Ձեզ սուբյեկտիվիզմի մեջ է մեղադրում, կոռուպցիոն ռիսկ է տեսնում իր հետ կատարված իրադարձությունների մեջ։ Ստացվում է, որ ԲՈՀ-ի նախագահը կարող է տալ վկայագիր, կարող է չտալ։ Ի՞նչ կասեք։



- Ես շատ ցավում եմ, որ Ա. Եղիազարյանն ընտրել է դատարաններ դիմելու, մարդու իրավունքների պաշտպանին անվերջանալի դիմումներ հղելու, լրատվամիջոցներին ապակողմնորոշելու, ինձ վարկաբեկելու անհարթ ճանապարհը՝ ընդամենը մասնագետների մոտ գիտնականի իր կարծիքը պնդելու փոխարեն: Ո՞ր տարբերակն է ավելի արժանապատիվ:



- Օմբուդսմենը Եղիազարյանի ատենախոսության գործընթացի վերաբերյալ եզրակացություն է տվել ոչ ձեր օգտին։ Ձեր մեկնաբանությունը։



- Անկեղծ ասած՝ այս հատվածով ես ոչինչ չեմ հասկանում. ի՞նչ մարդու իրավունքների խախտման մասին է խոսքը, եւ ի՞նչ իրավունքներ են խախտվում տվյալ դեպքերում: Եթե պետք է հաստատվեն եւ լավ աշխատանքները, եւ վատերը, պաշտպանությունից սկսած, ԲՈՀ-ի գործառույթներով վերջացած՝ ամեն ինչ դառնում է աբսուրդ... Այդպե՞ս է, թե՞ չէ: Բայց ի՞նչ է ստացվում. վերջին 2 տարում գիտական աստիճանաշնորհման գործընթացում 190 անգամ խախտվե՞լ են մարդու իրավունքները: Դա եղավ գո՞րծ: Ի վերջո, եթե կան բողոքներ, ուրեմն ԲՈՀ-ը գործում է։



- ԲՈՀ-ի որոշման բողոքարկման մեխանիզմը ո՞րն է։ Եթե չկա, ապա պատրաստվո՞ւմ եք մշակել նման փաստաթուղթ։



- Ա. Եղիազարյանի աշխատանքն ուղարկվել է կրկնական քննարկման, այսինքն՝ որոշում չի կայացվել։ Ի՞նչն է բողոքարկում: Ասեմ, որ նա 2 անգամ դիմել է դատարան, եւ դատարանը չի ընդունել վարույթ, քանի որ որոշում (վարչական ակտ) դեռեւս չկա, իսկ տվյալ դեպքերում (կրկնական քննարկման) բողոքարկումն անիմաստ է, որովհետեւ դու կարող ես քննարկման ժամանակ ապացուցել քո ճշմարտությունը եւ հերքել ԲՈՀ-ի կարծիքը: Դա միանգամայն ընդունելի տարբերակ է:



- Կա՞ արդյոք կրկնակի քննարկման կանոնակարգ։ Ի՞նչ եք անելու Եղիազարյանի ատենախոսության հետ։



- Ամեն ինչ նախատեսված է նշված կանոնակարգով, որը տեղադրված է ԲՈՀ-ի պաշտոնական կայքում. կրկնական քննարկումը 34-րդ կետն է, պետք է ընդամենը ճիշտ կարդալ: Վերջում, եթե թույլ տաք, մի հարցի մասին կուզեի խոսել։ Լրագրողի մասնագիտությունը պետք է ենթադրի մաքսիմալ բարեխղճություն. դու հրապարակում ես մի նյութ, որ ներկայացնում է այսօրը, ներկա իրականությունը, իրավիճակի բարոյական նկարագիրը, նաեւ քո անձնական նկատառումներն ու վերաբերմունքն այս կամ այն երեւույթին: Եվ այս ամենի հիմքը պետք է լինի ճշմարտությունը եւ միայն ու միայն ճշմարտությունը, հակառակ դեպքում իմաստազրկվում է ամեն ինչ: Բայց այդպե՞ս է արդյոք: Ասեմ նաեւ, որ մենք այս վերջին տարիներին հավատներս լրիվ կորցրած ժողովուրդ ենք դարձել. ոչ մի բանի եւ ոչ ոքի չենք հավատում: Եվ այս համապատկերում տեղեկատվությունը, գրավոր խոսքը պետք է ճշմարիտ ու ճշգրիտ լինի… Իսկ ի՞նչ է ստացվում, որ ով ինչ ուզի, կարող է հրապարակե՞լ, ստուգող չկա՞: Օրինակ, վերջերս news.am-ը գրել է. «Այդ տիկինը (ես) դաս չի տվել, բայց պրոֆեսոր է»: Ի դեպ, ես դասավանդել եմ, ունեմ 2 պաշտպանած ասպիրանտ, բայց պրոֆեսոր չեմ… է, հետո՞. որ ի՞նչ, դժվա՞ր է ստուգել: Տարրական անբարեխղճություն ու անպատասխանատվություն, իսկ եթե հավելենք, որ փորձ է արվում դրանով իբր նաեւ վարկաբեկել, ստացվում է հանցանք: Ամենազավեշտալին այն է, որ որոշ լրատվամիջոցներ, ինչպես նշածս եւ նաեւ lragir.am-ը, փորձում են համառորեն իմ հովանավորին գտնել… մի հարցնող լինի` 20 տարի մի հիմնարկում տեղակալ աշխատելուց հետո ոչ մի դեպքում չէ՞ր կարելի մի քայլ առաջ գնալ, հա՞, անպայման հովանավո՞ր պետք է լինի: Որքանո՞վ է սա լուրջ: Եվ արդյոք խոսքի ազատությունը երկրում, որ իրոք նվաճում է, կարելի՞ է հարամել: