Բումերանգի էֆեկտ

Բումերանգի էֆեկտ

2011թ. միջնորդները մեծ ակնկալիքներ ունեին, որ Լեռնային Ղարաբաղի հարցում բանակցող կողմերը համաձայնության կգան կարգավորման «մադրիդյան սկզբունքների» շուրջ, բայց Կազանի եռակողմ՝ Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը վերջինս «հետընթաց քայլ կատարեց»: Դա նրա՞ նախաձեռնությունն էր, թե՞ երրորդ շահագրգիռ երկրի՝ պարզ չէ: Փաստ է, որ Կազանից հետո ղարաբաղյան կարգավորման բանակցություններում փակուղային իրավիճակ է, եւ միջնորդներն ավելի զբաղված են խաղաղության պահպանմամբ, քան նոր մշակումներով: Թեեւ, իսկն ասած, դժվար է պատկերացնել, թե ինչ նոր գաղափարներ կարող են առաջարկվել:
Անցած տարիներին բազմիցս է տեսակետ հնչել, որ բանակցությունների ձախողմանը կարող է հետեւել կամ պատերազմի վերսկսումը, կամ Լեռնային Ղարաբաղի փաստացի կարգավիճակի լեգիտիմացումը, իսկ միջնորդները պնդել եւ պնդում են, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:



Վերջին շրջանում կարծես ուրվագծվում է նոր մոտեցում՝ որ բանակցային պայմանավորվածություններից Ադրբեջանի համառ հրաժարումն այլընտրանք ունի: Դա Լեռնային Ղարաբաղի հետ միջազգային հանրության շփումների ընդլայնումն է: Համենայնդեպս, իրավիճակն այսպես են հասկանում Ադրբեջանում:
Ըստ երեւույթին, դրա գիտակցումը կար նաեւ նախկինում: Տպավորությունները պարզապես մամուլ են սպրդել պատեհ առիթով: Արցախի նախագահ Բակո Սահակյանի լոնդոնյան այցն է ստիպել, որ Ադրբեջանի փորձագիտական շրջանակներն սկսեն խոսել Լեռնային Ղարաբաղի «անուղղակի ճանաչման Արեւմուտքի մտադրությունների» մասին:
Գաղտնիք չէ, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը, մեղմ ասած, պահպանողական է: Տեւական ժամանակ պաշտոնական Լոնդոնը տարբեր ոչ կառավարական կառույցների միջոցով փորձել է «միջհամայնքային երկխոսություն» նախաձեռնել՝ ներկայացնելով այնպես, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարելի է կարգավորել «միջհամայնքային տարաձայնությունների հարթման միջոցով»:
Ադրբեջանական ռեժիմի համար անսպասելի էր, որ Արցախի նախագահը Լոնդոն մեկնելու հրավեր է ստացել: Դա Ալիեւի համար պարզ երկնքում ամպրոպ էր: Պաշտոնական Բաքուն նախագահ Սահակյանի այցը տապալելու մի քանի քայլեր էր ձեռնարկել: Անգամ Մեծ Բրիտանիայի դեսպանն էր հրավիրվել ադրբեջանական ԱԳՆ:



Այդուհանդերձ, Արցախի նախագահը հանդես է եկել Լոնդոնի Թագավորական ինստիտուտում: Սա իրադարձություն է, որի կարեւորությունը չեզոքացնելու Ալիեւի ռեժիմի փորձերը միայն բումերանգի էֆեկտ են տալիս: Ամենագլխավորը՝ ադրբեջանական հասարակության աչքում պսակազերծում է Մեծ Բրիտանիայի հետ Ադրբեջանի «ռազմավարական գործընկերության» միֆը:
Փոխարենը Բաքվի վարչախումբն սկսել է օգտվել խորհրդային ժամանակների բառապաշարից եւ Մեծ Բրիտանիային անվանում է «իմպերիալիստական գիշատիչ, որը կատարելապես զուրկ է բարոյականությունից»: «Լոնդոնը հայերին նայում է դեմքով, ադրբեջանցիներին՝ քամակով»․ այսպիսի կոպիտ ձեւակերպում է արել vesti.az-ի անանուն մեկնաբանը:



Անշուշտ, վաղ է խոսել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում միջազգային պահպանողականությունը դիրքերը լիովին զիջել է, կամ «ընդունված է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու որոշում»:
Բայց գրեթե ակնհայտ է, որ Ադրբեջանի մոտեցումները միջազգային այն օժանդակությունը չեն ստանում, ինչի համար ահռելի միջոցներ եւ դիվանագիտական ջանքեր է գործադրել Ալիեւի կոռումպացված ռեժիմը:
Բաքվի շահատակությունների հանդեպ միջազգային հանրությունն աչք էր փակում այնքան ժամանակ, քանի դեռ Ալիեւի ռեժիմը «սուվերեն գործընկերոջ» հավակնություններ չէր դրսեւորում, չէր անցնում թույլատրելի «չարաճճիության» սահմանը:
2013-ի նախագահական «ընտրությունները» եւ հաջորդած հակաարեւմտյան վակխանալիան այն «կարմիր գիծն» էր, որ ոտնակոխեց Ալիեւի ռեժիմը: Եվ ստանում է հասանելիքը: Միջազգային կարծիքը դեմքը շրջել է Ադրբեջանից։



Վահրամ Աթանեսյան