Իսկ դուք ցանկանո՞ւմ եք «Հայքի» քաղաքացիություն ստանալ

Իսկ դուք ցանկանո՞ւմ եք «Հայքի» քաղաքացիություն ստանալ

Եթե ձեր պատասխանը դրական է, ապա շտապեք ձեր փաստաթղթերը ներկայացնել ՀԱՅ(Ք)-ի Վեհաժողովին առընթեր «քաղաքացիության հարցերի եւ անձնագրային վարչություն», լրացրեք թերթիկը եւ սպասեք, թե երբ է տեղի ունենալու ՀԱՅ(Ք)-ի կենսականոնագիր-սահմանադրության իմացության քննությունը, իհարկե, ամեն ինչ հո այդքան հեշտ ու հանգիստ չպե՞տք է լինի։ Իսկ ում մոտ էլ կասկածներ առաջացան, թե իրենց ժամանակի մեքենայով տանելու են դեպի հին ժամանակներ՝ հինավուրց «Հայք», ապա կարող եք հանգիստ լինել, ժամանակի մեքենա դեռ մարդկությունը չի ստեղծել։ Եթե հիշում եք, գարնանը մի միավորում հայտարարեց իր գոյության մասին, որը պետք է զբաղվեր հայամիավորմամբ։ Զուտ հայկական միավորման անդամներն իրենց նախաձեռնությունն անվանել էին «Հայք» համապետություն։ Երեկ հայտնաբերեցինք, որ մինչ մենք զբաղված էինք Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներով, նրանք հասցրել են մշակել «ԱՐԱՐՉԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԻ ԿԵՆՍԱԿԱՆՈՆԱԳԻՐԸ /սահմանադրություն»։ Մեջբերենք մի քանի դրույթներ․ «Այս նախագծի էությունը կայանում է ազգային նշանակության խնդիրներն ուսումնասիրելու եւ լուծելու համար համայն հայության ջանքերը միավորելու մեջ։ ՀԱՅ(Ք)-ն աշխարհով մեկ ցրված հայության միասնական Հայրենիք է, նոր տիպի եւ որակի առաքելություն կրող ԱՐԱՐՉԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿԻՐ», «Արմեն են բոլոր այն հայերը, ովքեր ընդունում են ՀԱՅ(Ք)-ի կենսականոնագիրը եւ առաջնորդվում դրանով» եւ այլն։ Բավականին մեծ փաստաթուղթ են ստեղծել նախաձեռնության անդամները, նույնիսկ շարադրել են իրենց պատկերացումները Երկիր մոլորակի եւ արեգակնային համակարգի մասին․ «Ավելորդ է ասել, որ Արարիչը ոչինչ չի ստեղծում իզուր ու աննպատակ, ուրեմն հստակ է, որ արեգակնային համակարգի օրգանիզմում յուրաքանչյուր մոլորակ ունի իր որոշակի դերը, որով լրացնում եւ ամբողջացնում է այդ օրգանիզմը»։ Հայքեցիներն էլ են որոշել իրենց Սահմանադրությունը դեմոկրատական կանոններով ընդունել՝ Ֆեյսբուքում քվեարկություն են կազմակերպել։ «Սահմանադրությունն ընդունելի է» դաշտում քվեարկել է 44 մարդ, «Սահմանադրությունը կգործի» դաշտում՝ 24, «Ցանկանում եմ ընդգրկվել «ՀԱՅ(Ք)»-ի կազմկոմիտեի աշխատանքներին»՝ 23 մարդ, «Սահմանադրությունը չի գործի»՝ քվեարկել են 2-ը, «Դեռ մտածում եմ, համոզվել է պետք»՝ 1 օգտատեր, «Անընդունելի է»՝ 1 մարդ, եւ «Մերժում եմ բացարձակապես»՝ դարձյալ 1 հոգի։