ՔԿՀ-ներում հների եվ նորերի պատերա՞զմ է

ՔԿՀ-ներում հների եվ նորերի պատերա՞զմ է

ՀՀ քրեակատարողական համակարգի հին եւ նոր աշխատակիցների միջեւ ներքին լարվածություն եւ հակասություններ կան, որոնք ի հայտ են եկել վարչության պետի փոփոխությունից հետո։ Ստաժավոր բերդի պետ, քչախոս գեներալ Հայկ Հարությունյանին, որն ուժային մեթոդների կողմնակից էր, անցյալ տարվա սեպտեմբերին փոխարինեց նախկին փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը։ Թեեւ նա «մտավորական» ոստիկանների դասից է, օրենքներ գրող իրավաբաններից, եւ թվում է, թե պետք է ավելի բաց աշխատի հանրության հետ, խոսելու չափի իմաստով փոփոխություն չեղավ։ Նա նույնքան փակ է մամուլի համար, ինչպես եւ Արտյոմիչը, եւ իր կադրային քաղաքականությունը պարզաբանել չցանկացավ։ Գալուն պես նա հայտարարել էր, որ իր համար կարեւոր է լինելու աշխատողների իրավունքների պաշտպանությունը։ Նոր պետի օրոք կադրային նոր նշանակումներ եղան, եկան նոր մարդիկ, որոնց, ըստ ՔԿՀ-ներից ստացված տեղեկությունների, այնքան էլ հեշտ չէ հարմարվել «հների» հետ։ Թե կալանավայրերում, թե կենտրոնական ապարատում նոր աշխատողները փորձում են ինքնահաստատվել, իսկ հները, որոնք շատ ավելի փորձառու են, ամեն ինչ անում են նրանց խանգարելու համար։ Արթուր Օսիկյանը, սակայն, աշխատում է չխառնվել այս գզվռտոցին։ Նա միմյանց հետ լեզու գտնելու ցուցում է տվել հներին եւ նորերին։ «Սա ռազմական կառույց է՝ ներքին կարգապահության խիստ կանոններով,- համակարգից դուրս սպրդող այս տեղեկությունները մեկնաբանեց Օսիկյանի խոսնակ Գոռ Ղլեչյանը։- Բոլորը կատարում են իրենց ստացած հրամանները, առաջադրանքները։ Հին եւ նոր չկա։ Եթե լավ են կատարում իրենց վրա դրված պարտականությունները, ապա խրախուսվում են, եթե ոչ՝ համապատասխան վերաբերմունքի են արժանանում»։ Թե ինչ կադրային փոփոխություններ են կատարվել համակարգում, խոսնակը չմանրամասնեց, ասելով, որ դրանք քիչ են․ «Հատուկենտ մարդիկ են ազատվել, հիմնականում թոշակային տարիքի հասնելու կապակցությամբ, ինչպես, օրինակ, «Աբովյան» ՔԿՀ պետը»։ Հիշեցնենք, որ վերջին տարում բազմաթիվ ՔԿՀ-ներում ղեկավարներ փոխվեցին։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ դարձավ Արտուշ Մաքունցը։ «Սեւան» ՔԿՀ-ում նշանակվեց Արամ Խաչատրյանը։ «Գորիս» ՔԿՀ-ն սկսեց ղեկավարել Ավետիս Ստեփանյանը։ Լյովա Բաղդասարյանին տարան «Կոշ», Հովհաննես Մանուկյանին՝ «Վարդաշեն»։ Արսեն Խշտոյանին նշանակեցին «Աբովյանի» պետ, իսկ «Արմավիր» ՔԿՀ պետի պաշտոնն զբաղեցրեց Տիգրան Նավասարդյանը։