Դատարանը «կոկա-կոլայի» շիշ է դարձել պաշտոնյաների համար

Դատարանը «կոկա-կոլայի» շիշ է դարձել պաշտոնյաների համար

Դատարանը որոշ գործիչների համար դարձել է կոկա-կոլայի խցան։ Մի շիշ առնում ես, խցանը բացում ես, կարող է շահես։ Ասենք, մի երկու միլիոն դրամ, կարող է՝ ոչ։ Եվ այդ դեպքում խցանի հակառակ կողմում կհայտնաբերես հուսադրող կանչ․ «Կրկին փորձիր»։ «Արաբկիր» բժշկական կենտրոնը մոտավորապես սա է անում։ ԲԿ-ն մի անգամ արդեն դատի է տվել «Հրապարակին» ««Արաբկիր» կենտրոնը՝ հեպատիտ C-ի ավելի «բարենպաստ» օջախ» հրապարակման համար։ Գործը դատարանում է, եւ դրան կանդրադառնանք ավելի ուշ։ Իսկ երեկ մի նոր հայցադիմում ստացանք։ Այս անգամ՝ «Զինվորականի երեխան ծանր վիճակում է» սոցիալական լրատվության վերաբերյալ։ Այն լույս է տեսել հունիսի 11-ին եւ պատմում է Չինարի գյուղում բնակվող զինվորականի ընտանիքի մասին, թե ինչ դժվար է ապրում այս ընտանիքը, ինչ առողջական խնդիրներ ունի երեխաներից մեկը՝ Էրիկ Ոսկանյանը, որին վիրահատություն է պետք, սակայն երեխան դեռ փոքր է նման գործողության համար, ինչպես են օգնում նրանց գյուղապետն ու մարզպետը։ Ինչպես լրագրողները կասեն՝ «նորմալ» նյութ։



Բայց «Արաբկիր» ԲԿ-ի ղեկավարությունը կրկին զայրացած է։ Համարում է, որ մենք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ենք հրապարակել եւ պարտավոր ենք հերքել դրանք։ Կարճ ասած, Արա Բաբլոյանը չի բավարարվել մեկ հայցով, հայցադիմումը լրացրել է նոր բովանդակությամբ՝ խնդրելով դատարանին քննել այս հրապարակումը եւս։ Երկրորդ հայցադիմումում գրված է․ «Իրականում որեւէ բողոք «Հրապարակ» օրաթերթը Չինարի գյուղից չի ստացել, եւ իրականում երեխան ստացել է պատշաճ բժշկական օգնություն, իսկ վիրահատություն չի կատարվել, քանի որ ծնողին բացատրվել է, որ երեխայի տարիքը եւ կատարվելիք միջամտությունը պետք է համապատասխանեն միմյանց»։ Կից «Արաբկիրի» փաստաբանը ներկայացնում է երեխայի մոր՝ Արմանուշ Ասիլբեկյանի գրությունը, որտեղ գրված է մոտավորապես նույնը՝ որ «երեխայի տարիքը եւ կատարվելիք միջամտությունը պետք է համապատասխանեն միմյանց», որ իրեն անվճար բուժօգնություն է տրամադրվել, որ ինքը գիտակցում է, որ «տվյալ պահին որեւէ միջամտություն կատարել պետք չէր», գումարած հետեւյալ տողերը․ «Հոդվածում տեղադրվածի վերաբերյալ որեւէ մեկն ինձանից եւ ոչ էլ երեխայի հորից՝ Արման Ոսկանյանից, ճշտում չի կատարել, այն տեղադրվել է առանց մեր իմացության եւ համաձայնության»։ Գրությունն ստորագրել է նաեւ Չինարիի գյուղապետ Սաղոյանը։
Ստիպված ենք մեր ընթերցողին փոքր-ինչ ծանրաբեռնել լրագրողական խոհանոցի նրբություններով, որոնք նաեւ ցույց են տալիս, թե ինչպիսի ճնշման է ենթարկվում ՀՀ հասարակ քաղաքացին, մանավանդ, երբ նա սոցիալապես անապահով է, սովորական մարդ է, զինվոր կամ ռամիկ եւ չի պատկանում «ընտրյալների» եւ «անձեռնմխելիների» դասին։



Հունիսի 11-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրություն էր տարածել, որը հղել էին նաեւ «Հրապարակին»․ «ՇԱՏ ՇՏԱՊ: ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԿԱՐԴԱՑԵՔ- Ժողովուրդ, «Արաբկիր» ԲԿ-ում 4 տարեկան տղա երեխա ծանր վիճակում պառկած էր: Նրան դուրս են գրել տուն, որովհետեւ տեր ու տիրական չունի, հայրն անընդհատ սահմանին է՝ Չինարի գյուղում, իսկ մայրը նորածին երեխա ունի: «Արաբկիրում» շտապ երեխային վիրահատելու ու ողնաշարի կորսետ հագցնելու փոխարեն տուն են ուղարկել: Այս ընտանիքը հնարավորություն չունի գումար տալու, չնայած որ երեխային ամեն ինչ անվճար հասնում է, ըստ ՀՀ օրենքի: Ընտանիքը Չինարի գյուղից է: Ուղղակի խնդրում եմ, եթե կան լրագրողներ կամ բարի մարդիկ, ովքեր կարող են այնպես անել, որ երեխային օգնեն, շատ եմ խնդրում՝ օգնեք: Այլապես երեխան կմահանա»: Հեղինակը Չինարի գյուղի բնակիչ Անի Հակոբյանն էր։ Այս աղջկա էջին մենք բազմաթիվ այլ հայտարարություններ գտանք, որտեղ նա կոչ էր անում օգնել այս կամ այն ընտանիքին կամ երեխային։ Անին գթասիրտ ակտիվիստների տեսակից է, որոնք մեր օրերում հաճախ են զարմացնում հանրությանը իրենց ազնվությամբ եւ պայքարելու պատրաստակամությամբ։ Հետագայում Անին փոքր-ինչ մեղմացրել էր իր տեքստը, բայց մեզ հասած նախնական տարբերակը տարածվել էր համացանցով մեկ, որը 524 օգտատեր տեղադրել էին իրենց էջերին։ Իրեն արձագանքողներին Անին շնորհակալություն էր հայտնել․ «Մանրամասների համար գրեք ինձ, համար կտամ՝ կխոսեք: Ընտանիքը շատ վատ վիճակում է գտնվում: Երեք տղա երեխա կա, երեքն էլ՝ հիվանդ: Մի խոսքով, չգիտեմ ինչից սկսեմ, ինչով ավարտեմ, այս ընտանիքը շատ վատ վիճակում է՝ թե առողջական, թե ֆինանսական»։ Ստացվում է, որ երեխաների հայրն ու մայրը, այն նույն կինը, որը գյուղապետի վավերացմամբ փաստաթուղթ է տվել «Արաբկիր» ԲԿ-ի փաստաբանին, իրենք են բարձրաձայնել ընտանիքի խնդիրների մասին։
Ինչ ենք արել մենք։ Նախ ԲԿ-ի տիրոջը՝ Արա Բաբլոյանին ենք զանգել, ով մեզ տվեց «Արաբկիր» ԲԿ-ի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ծառայության ղեկավար Կարեն Քոլոյանի բջջայինը, ումից ստացանք հետեւյալ պատասխանը, մեջբերում ենք հոդվածի նշված հատվածը․ «Նա ասաց, որ երեխան իր բաժանմունքում չի պառկել, հնարավոր է, որ բուժզննություն է անցել, սակայն ինքն օրական երեք տասնյակ բուժզննություններ է կատարում եւ չի կարող բոլորին հիշել։ «Որպեսզի պատասխանեմ Ձեր հարցերին, պետք է ծնողները երեխային նորից բերեն, ես զննություն կատարեմ ու Ձեզ գրավոր պատասխանեմ»»,- հունիսի 11-ին գրել ենք մենք։ Իհարկե, զանգել ենք նաեւ գյուղապետ Սամվել Սաղոյանին։ Նրան, ով իր ստորագրությամբ վավերացրել է կարիքավոր ընտանիքի գրությունը՝ փաստաբանին։ Այն ժամանակ նա մեզ չկապեց ընտանիքի հետ, սակայն ներկայացրեց վերջինիս վիճակը, ինչը մենք նկարագրեցինք հոդվածում։ «Այս ընտանիքում 4 երեխա կա, երեքը վատառողջ են, սա իրոք շատ կարիքավոր ընտանիք է, բայց ոչ անտեր»,- ասաց գյուղապետը։ Նա հաստատեց, որ երեխայի վիճակը ծանր է, որ նա վիրահատության կարիք ունի, եւ նրան «Արաբկիր» կենտրոնից հետ են ուղարկել։ «Ծնողներին ասել են, որ երեխան դեռ փոքր է ողնաշարի վիրահատություն անելու համար, թող մի քիչ մեծանա, նոր բերեք»,- ասել էր գյուղապետն ու ներկայացրել զինծառայող Ոսկանյանի ընտանիքի վիճակը, որը ծայրահեղ աղքատ է, որի համար ինքը մարզպետարանին է դիմել ընտանիքին օգնելու խնդրանքով։ «Դաժե կով ենք տվել, մի քանի ոչխար եմ տրամադրել»,- ասաց Սամվել Սաղոյանը։ Այս ամենը մենք գրել ենք «Արաբկիր» ԲԿ-ին զայրույթ պատճառած հոդվածում։ Հիմա ո՞րն է ապատեղեկատվությունը։



ՀԳ․ Հետագայում գյուղապետը կրկին զանգահարեց մեզ եւ խնդրեց գրել, որ ինքը դիմել է մարզպետին, ու մարզպետն էլ օգնել է այս ընտանիքին, որ անպայման նշենք մարզպետի լավ արարքը։ Սաղոյանը շատ էր ուզում, որ մենք գրենք, որ «Արաբկիր» ԲԿ-ն լավ հիվանդանոց է, որ երեխայի ծնողները շատ գոհ են, որ նրանք երջանիկ են, եւ որ մեր առողջապահության համակարգի նկատմամբ չկա անվստահություն եւ այլն։ Բնականաբար, այս ամենը չենք գրել, որովհետեւ գյուղապետի պահվածքի ու խոսքերի նկատմամբ չունեինք վստահություն, սակայն սիրով զրուցել ենք Սամվել Սաղոյանի հետ։